Հայ-ռումինական տնտեսական կապերի ներկա մակարդակը չի գոհացնում կողմերին

Հայ-ռումիանական առևտրատնտեսական և գիտատեխնիական կապերը զարգացման հեռանկար ունեն: Այսպիսի համոզվածություն հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ: «Վերջին տարիներին չնայած մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների բարձ ր մակարդակին, առևտրատնտեսական համագործակցությունը զարգանում է ոչ կայուն ռիթմով, և երկկողմ առևտրային ցուցանիշները գտնվում են ցածր մակարդակի վրա: Համոզված եմ, որ այսօրվա նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն կունենան երկու բարեկամ պետությունների միջև տնտեսական կապերի զարգացմանը»,-նիստի բացման խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը:

Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը հայտնեց, որ հպարտ է իր նպաստը բերելու հայ-ռումինական միջպետական կապերի ամրապնդմանը: «Մենք պետք է նախևառաջ օգտագործենք այն ավանդական կապերը, որոնք պատմության ընթացքում ձևավորվել են ռումին և հայ ժողովուրդների միջև: Հայ ժողովրդի ամենածանր պայմաններում ռումին ժողովուրդը միշտ իր աջակցությունն է ցուցաբերել: Մյուս կողմից’ հայերը Ռումինիայում ոչ միայն քաղաքացի են, այլ հիմնադիր. կան քաղաքներ, որոնք կառուցվել են հայերի կողմից»,-ասաց Վարուժան Ոսկանյանը:

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ երկկողմ տնտեսական կապերի անհրաժեշտությունը շեշտեցին նաև ՀՀ-ում Ռումինիայի արտագակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակն է՝ նպաստել երկու երկրների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև հայ-ռումինական գործարար համաժողով, որի կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերողների ու Գործարարների միությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում