Շնորհակալություն տղերքին այդ նվիրումի և զոհողությունների համար. Բանակ ունենք, աշխարհը չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, Facebook: Բանակը պետական միակ ինստիտուտն է, որին չվստահելու ոչ մի առիթ անձամբ ես չունեմ։ Երեկվանից սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ եմ կարդում այն մասին՝ «վերցրե՞լ են արդյոք մերոնք բարձունքը», «չե՞ն վերցրել», «վերցրել, բայց հետո ե՞տ են վերադարձրել» ու նմանատիպ բազում, կներեք արտահայտությանս համար, դատարկ ենթադրություններ, որոնց մի մասն էլ հստակ քաղաքական ուղղորդում ունի։ Պնդում են՝ իբր Ռուսաստանը հայերի ձեռքով պատժեց ադրբեջանցիներին, որ նավթը ռուսական նավթամուղներով արտահանեն, հետո, երբ արդեն հարցը լուծված էր, իբրև թե պահանջել են, որ մեր զորքերը ետ վերադառնան նախնական դիրքեր։ Սա անգամ վառ երևակայության արդյունք չի։ Կարծում եմ՝ շատ կոնկրետ շրջանակներից իջեցված քաղաքական պատվեր է։
Ես, իհարկե հասկանում եմ, որ դավադրապաշտական և պղտոր ջրում ձուկ որսալու այս սցենարներն առաջացան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ արտասահմանյան թղթակցին տրված մեկնաբանությունում առկա որոշ ձևակերպումներից, բայց, սիրելիներ, դուք պետք է հասկանաք, որ այս հակամարտությունը բազում կոմպոնենտներ ունի։ Շատ նորմալ է, որ արտաքին լսարանին մի բան է ասվում, ներքինին՝ այլ ազդակներ փոխանցվում։ Դա լիովին տեղավորվում է պատերազմի կանոնների մեջ։ Ասենք, կբացատրե՞ք ինչ կփոխվի, եթե ամեն մեկս մեր տեղը նստած շատ մանրամասն իմանանք, թե որտեղ դիրքային ինչ փոփոխություններ են եղել, ժամը քանիսին է այդ ամենը եղել, այդ պահին կոնկրետ որտե՞ղ էր այս կամ այն զորամասի հրամանատարը և այլն, և այլն։
Համբերատար եղեք խնդրում եմ։ Գործողությունները դեռ շարունակվում են։ Կավարտվեն, վստահ եմ, ինֆորմացիայի անհրաժեշտ մաքսիմում չափաբաժինը մեզ կտրամադրվի։ Իսկ հիմա պարզապես պարտավոր ենք վստահել մեր Բանակին, որն իր գործը հրաշալի է անում։ Շնորհակալություն տղերքին այդ նվիրումի և զոհողությունների համար։ Բանակ ունենք, աշխարհը չունի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում