Ալիևը փորձում է իր պատկերացմամբ կապիտալիզացնել այն բոլոր արդյունքները, որն ունի. Բեքարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Անուղղակի գործոնները շարունակում են ցույց տալ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Դրանց շարքում է Թուրքիայի հետ համակարգված աշխատանքը, որը միանգամից երկու բան է ապացուցում. Տավուշի դեպքերն Ադրբեջանի կողմից պլանավորված արկածախնդրություն էր: Թուրքիայի այդ արագ արձագանքները, դինամիկ կեցվածքը սրա ուղղակի ապացույցն էին, և դրա շարունակականությունը ցույց է տալիս, որ դեռ սպասում են գործողությունների, որոնց Ադրբեջանին դրդում է նաև Թուրքիան», – ասել է Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանն, այդ գործոնների շարքում առանձնացնում է նաև վրացական տարածքով Սերբիայի կողմից զենքի մատակարարումների հետ կապված աղմուկը, որը, վերջինիս կարծիքով, Ադրբեջանը փորձելու է օգտագործել Վրաստանին մաքսիմալ կաշկանդելու համար, Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի վերջին ելույթը. «Ուղերձը չի վերաբերում օրեր առաջ տեղի ունեցած Տավուշի դեպքերին, այն իր մեջ ապագա գործողությունների բաղկացուցիչ է պարունակում», – նշել է Կարեն Բեքարյանը:
Նա ուշադրություն է հրավիրում նաև շրջանառվող տեղեկությունների վրա, համաձայն որոնց՝ Թուրքիան Ադրբեջանի համար Սիրիայի զինյալներից հավաքագրում է իրականացնում. «Արդյոք այս բոլոր գործոնները չե՞ն խոսում այն մաին, որ Ալիևի նպատակները դեռ շարունակում են մնալ, գումարած ռևանշիզմի էլեմենտը», – հավելել է Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ այս պահին մեր կարևորագույն անելիքներից է աշխատանքը մեր ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ:
«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ միասին ՀԱՊԿ-ի հարավային գծի պատասխանատուն ենք: Մենք ունենք երկկողմ պայմանագրերի, համաձայնագրերի մի ամբողջական բազա, և հետևաբար Թուրքիայից եղած այս սպառնալիքներն այսօր պետք է լինեն հայ-ռուսական օրակարգի առաջին կետում, և այդ օրակարգը պետք է առաջ մղվի», – նշել է նա:
«Մեր բոլոր գործընկերները՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջին հերթին, անկախ իրենց ճաշակից, անկախ իրենց ում սիրել-չսիրելուց, իրենց պարտավորությունների ամբողջական փաթեթը պետք է պատրաստ լինեն շատ արդյունավետորեն իրականացնել, քանի որ իշխանությունները եկող ու գնացող են, պետությունների և ժողովուրդների հարաբերություններն են հարատև», – ընդգծել է Կարեն Բեքարյանը:
Նրա կարծիքով, այսօր մենք ունենք հանրության մեջ կոնսոլիդացիայի եղած աստիճանը, բանակի նկատմամբ վերաբերմունքը էապես ավելի բարձր մակարդակի հասցնելու և այստեղ այլևս խնդիրներ չստեղծելու օրակարգ:
«Աշխատանքներ կան անելու քարոզչական դաշտում, աշխատանքներ, որոնք մեզ թույլ կտան լինել դինամիկ, միջազգային կարծիքի վրա ազդեցության հարցում երբևէ չունենալ իրավիճակ, որ մենք վազում ենք գնացքի հետևից», – նշել է նա:
Անդրադառնալով Տավուշում Ալիևի արկածախնդրության պատճառներին՝ Կարեն Բեքարյանը, ի թիվս այլ պատճառների, առանձնացել է Ալիևի մոտ այս ընթացքում առաջացած անպատժելիության տպավորությունը, որին նպաստել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին Հայաստանի ու միջազգային հանրության՝ առաջին հերթին համանախագահների ոչ համարժեք արձագանքը:
Վերլուծաբանի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան կարգավորման համատեքստում Հայաստանի իշխանության արած և չարած քայլերից Ադրբեջանի մոտ նաև տպավորություն էր ստեղծվել, որ ինքը հնարավորություն է ստացել իր առավելապաշտական նկրտումները կյանքի կոչելու:
«2016 թվականին Ալիևը բոլորի առաջ դուռ էր շրխկացնում իր անելանելիությունից ելնելով, իսկ 2020-ին Տավուշի դեպքերով Ալիևը փորձում է իր պատկերացմամբ կապիտալիզացնել այն բոլոր արդյունքները, որն ունի ինքը, և այն բոլոր արդյունքները, որոնք փոշիացված են Հայաստանի կողմից», – նշել է Կարեն Բեքարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում