Ռուսաստանը պաշտպանում Է Եգիպտոսի իշխանությունների՝ երկրում բռնությունների դադարեցմանն ուղղված ջանքերը. Լավրով
Նմանատիպ
Ռուսաստանը պաշտպանում Է Եգիպտոսի ղեկավարության՝ երկրում բռնությունների դադարեցմանը եւ ազատ ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելուն ուղղված ջանքերը: Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք պաշտպանում ենք բոլոր այն ջանքերը, որոնք նպատակամղված են բռնության եւ առճակատման ցանկացած դրսեւորումների դադարեցմանը, իրավիճակի կայունացմանը, իրադրությունը շուտափույթ քաղաքական գործընթացի հուն տեղափոխելուն, ինչը թույլ կտա թափանցիկորեն եւ համակողմանիորեն նախապատրաստել ու անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ»,- ասել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում, որն անցկացվել Է Ռումինիայի իր պաշտոնակցի՝ Տիտուս Կոռլեցյանի հետ ունեցած բանակցություններից հետո:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հրամանագիր է հրապարակել, որով սահմանվում են նոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները: Փաստաթղթի համաձայն՝ 15 օրվա ընթացքում կհրավիրվի Սահմանադրական ժողով, որը կզբաղվի երկրի հիմնական օրենքում փոփոխությունների նախապատարստմամբ: Այնուհետեւ այդ փոփոխություններին պետք է հավանություն տրվի հանրաքվեում, որն անհրաժեշտ է անցկացնլ չորս ամսվա ընթացքում: Դրանից հետո եկող տարվա փետրվարին Եգիպտոսում պետք է կայանան խորհրդարանական ընտրություններ:
Եվ միայն այն բանից հետո, երբ երկրում կհայտնվի լիարժեք գործող խորհրդարան, կհայտարարվի նախագահական ընտրությունների մասին:
Մինչդեռ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները վերստին կոչ են արել հանրահավաքներ անցկացնել ի պաշտպանություն Մուրսիի: Ինչպես Կահիրեից հաղորդել է BBC-ն, նախկին նախագահի մեծ թվով կողմնակիցներ հերթական գիշերն են անցկացրել բողոքի ակցիաներում: Ցույցերի մասնակիցները հրաժարվում են ենթարկվել զինվորականներին, որոնք նրանց ցրվելու կոչ են անում: Նախօրյակին առնվազն 51 մարդ է զոհվել բանակային զորանոցների մոտ, որտեղ, ինչպես ենթադրվում է, պահվում է իշխանազրկված Մուհամեդ Մուրսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում