Նիկոլ Փաշինյանը ընտանիքապետություն ստեղծելու հնարավորության դիմաց ծախել է հայոց պետականությունը․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հայաստանն օկուպացված է. Նիկոլ Փաշինյանը հանձնել է պետականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը և հրապարակել տեսանյութ։
«Երկու տարուց ավել Նիկոլ Փաշինյանն ու իր փողոցային անգրագետների խմբակը գոռում-գոչում եմ ինքնիշխանության մասին: Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում որևէ ղեկավար այդքան չի խոսել ինքնիշխանության մասին, որքան Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկը այդքան չի թմբկահարել ինքնիշխանությունը, որքան Նիկոլ Փաշինյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ինքնիշխանությունը հայկական պետականության հանձնում է Արևմուտքի իր տերերին: Պաշտոնապես ԱՄՆ-ը մեկ, իսկ ԵՄ-ն` չորս սատրապներ են ուղարկում Հայաստան` «կոռուպցիայի դեմ պայքարի և ռեֆորմների աջակցության» անվան տակ մեր երկիրը կառավարելու:
Հասկանում եք` ու՞ր ենք հասել: Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դրսից «սպիտակ մարդկանց է» բերում, որ «քաղաքակրթեն» ու կառավարեն մեր երկիրը: Տերերն են այդպես պահանջել. իրենց գործակալական ցանցը, որ Նիկոլ Փաշինյանը տեղավորել է պետական ապարատում, չի բավարարում այն խնդիրների լուծմանը, որ Փաշինյանի ռեժիմը ստանձնել է: Պետք են պաշտոնական սատրապներ` պետական կառավարչական լիազորություններով, որ ասեն ու վերահսկեն, թե ով ինչ պետք է անի, ինչպիսի օրենքներ պետք է ընդունվեն ու ինչպես պետք է դրանք կիրարկվեն»,- նշել է Հակոբյանը և հավելել, որ Փաշինյանի ռեժիմը պրոբլեմ ունի հայի ու հայկականության հետ․ «Տոտալ պատերազմ է հայտարարված մեր ինքնությանը, մեր տեսակին` կրոնից մինչև կրթություն ու գրականություն»։ Ըստ նրա՝ Փաշինյանի ռեժիմը պատերազմ է հայտարարել մեր տեսակին, որպեսզի հայը չգիտակցի իր շահը, որպեսզի հանկարծ գիտակից հայը իր շահի համար չպայքարի թուրքի դեմ, որպեսզի հայը մորթվի ինչպես 1915-ին ու չխանգարի ոմանց նավթագազային շահերին:
«Մեր երկիրը օկուպացված է: Օկուպանտները մեր ժողովրդի ուղեղն իսկականից կերել են: Տեղի է ունեցել զանգվածային զոմբիացում: Մարդկանց համոզել են, որ ինքիշխանություն բառից գերագույն հաճույք ստանան: Միևնույն ժամանակ, մարդկանց համոզել են, որ ինքնիշխանություն և հակառուսականություն հասկացությունները հոմանիշներ են: Այսինքն` ամենալկտի կերպով մտել են մարդկանց ուղեղներն ու համոզել, որ եթե դու ինքնիշխան ես, ուրեմն ինքնին պետք է հակառուս լինես, միևնույն ժամանակ` եթե դու ինքնիշխան ես, ապա պետք է եվրատլանտիստների կոշիկները մաքրես ու որպես երկրորդ սորտի երկիր` ուղիղ կառավարվես նրանց կողմից: Նրանք տերն են, դու` ծառան, և դու պետք է երջանիկ լինես այդ իրողությունից»,- նշել է Միհրան Հակոբյանը:
Ըստ նրա՝ հիմա մենք վերջնափուլում ենք. երկիրն օկուպացված է․ «Օկուպանտների ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմի միջև տեղի է ունեցել պարզ գործարք. Նիկոլ Փաշինյանը հանձնում է երկիրն արտաքին կառավարման, նրանց գործակալական ցանցի և պաշտոնապես նրանց նշանակած սատրապների հրահանգով պայքարում է մեր ինքնության դեմ, քանդում է մեր եկեղեցին, մեր կրթական համակարգը, այն ամենն ինչ մեզ հայ է պահել ու պահպանել, քարոզում է հոմոսեքսուալիզմ ու անաստվածություն, անբարոյականություն, իր «կառուցողական» քիրվայի հետ փուլային տարբերակով Արցախը հանձնելու բանակցություններ է վարում: Դրա դիմաց ստանում է իրավաքաղաքական այլանդակության թողտվություն: Ում ցանկանա` նստացնի, երբ ցանկանա` Սահմանադրությունը դարձնի ոտքեր սրբելու փալաս:
Եվ, իհարկե, սուլթանի կյանքով ապրելու հնարավորություն է ստացել` պետական տներ, ավտոմեքենաներ, ուղղաթիռ, ինքնաթիռ, ծխախոտի ու զենքի մաքսանենգության հնարավորություն, հարկատուի փողերը լափելու արտոնություն: Այլ կերպ ասած` Նիկոլ Փաշինյանը ընտանիքապետություն ստեղծելու հնարավորության դիմաց ծախել է հայոց պետականությունը: 1000 տարի առաջ նույն բանը, նույնական պայմաններով արեց Պետրոս Գետադարձը: Նիկոլ Փաշինյանը ծախել է այն պետականությունը, որի մասին ուղիղ հազար տարի հայ մարդը երազել էր: Այն պետականությունը, որի ստեղծման ու կայացման համար հայ ժողովուրդն իր լավագույն զավակների կյանքերով է վճարել:
Մեզ` հայերիս, հիմա մի բան է մնում. ազգային-ազատագրական շարժում ծավալել օկուպանտների դեմ: Սա մեր երկիրն է, մենք ծնվել ու ապրում ենք այս երկրում ու այս երկիրը ոչ մեկին չենք զիջելու: Մենք մեր անկախությունը վերականգնելու ենք: Ու երբ Նիկոլ Փաշինյանն իր անգրագետների խմբակով կգնա երկար տարիներ բանտերում փտելու, սրանց տերերի ձայն-ծպտուն հանելու իրավունքից զրկելու ենք, բանի տեղ չենք դնելու ծղրտոցներին: Որովհետև հիմա իրենք լռում են, հետո էլ են լռելու են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում