Եղիա Տեմիրճիպաշյան. Մինակ
Նմանատիպ
Տարիներն, որոնք ետիս են՝
Իրենց զվարթության դառն հիշատակով
Զիս կչարչարեն:
Տարիներն, որոնք առջիս են՝
Խելագարության ահռելի հեռապատկերով
Զիս կքարացնեն:
Հին տարիներն, որոնց լիալույս պայծառությունն
Աստիճանավ կնվազի,
Նոր տարիներն, որոնց դեռաբույս մթությունն
Տենդերու սաստկության հետ կաճի:
Հին տարիներն, հնագույներն, ի՜նչ քաղցր կժպտին.
Նոր տարիներն, նորագույներն, ի՜նչ ծամածռություններ ունին:
Հին տարիներն իրենց հետ ամեն բան,
Հին բարի՜ տարիներն անգութ,
Տարին ամեն բան իրենց հետ,
Ամենքն ու ամեն բան անդարձ հավիտյան.
Մայրս, հայրս, եղբայրս.
Սերս հույսս, հավատքս:
Նոր տարիներն ոչի՞նչ պիտի բերեն ինձի,
-Նոր տարակույսներ պիտի բերեն մտքիս.
Նոր հուսախաբություններ սրտիս,
Ու նոր մշուշներ հոգիիս:
Արագ-արագ կուգան որպես գուժկան,
Ու համր-համր կերթան,
Զի ծանրաբեռնյալ միշտ կերթան
Նոր տարիներն, որոնք հի՜ն են այժմ:
Անկողինները մեկիկ-մեկիկ ծրարեցան,
Պնակները մեկիկ-մեկիկ վերցան,
Ու ձայները մեկիկ-մեկիկ մարեցան:
Ու տունս հիմա մեկ անկողնյակ,
Ու սեղանս հիմա մեկ պնակ,
Ու բընա՜վ կենդանի ձայնի մ’ արձագանք:
Ես կերակուրս կուտեմ, ու կերակուրս զիս կուտե:
Ես սենյակներս կպտտիմ, և ուրվականք գանկիս սենյակները կպտտին.
Եվ պատերուն վրա պատանքի պես ճերմակ՝
Կպտտին գիրկընդխառն իմ սիրելյացս ստվերները:
Կպտտին գիրկընդխառն հի՜ն տարիներուն ստվերները:
Հին, բարի տարիներն անգութ,
Երջանկության պայծառաշող պատկերներ
Աչքիս տակ միշտ կպտտցնեն:
Ու տարիներն, որ պիտ գան,
Սև սև սարսուռներ
Հոգիիս մեջ կպտտցնեն…
Աղբյուր՝ Անդին
Հետևեք մեզ նաև Telegram-ում