Դիարբեքիրում հայերին է վերադարձվել 17 անշարժ գույք
Նմանատիպ
Դիարբեքիրի (Տիգրանակերտի, ներկայիս Թուրքիայի տարածք) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամին է վերադարձվել 17 անշարժ գույք, հաղորդում է Nairiland.com-ը ` վկայակոչելով ozgurhabergazetesi.com կայքը:
Վերջինիս տեղեկությունների համաձայն’ դեռ 2009թ. Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին հին գրանցամատյաններ, որտեղ նշված է եղել 1910-1921 թթ. դրությամբ հայերին պատկանող թվով 190 անշարժ գույք’ հողեր, տներ, պաշտամունքային վայրեր: Դրա հիման վրա հիմնադրամը պահանջել էր այդ 190 շինությունների վերադարձի հարցը: Դրանից հետո Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների (վագըֆ) ընդհանուր վարչությունը հայկական եկեղեցուն էր վերադարձրել 15 հազ. քմ տարածք ընդգրկող 17 անշարժ գույք: Սակայն դժվարություն է առաջացրել այն հանգամանքը, որ դրանց մի մասը հասարակական բնույթի կառույցներ են և բացի այդ’ չեն ունեցել կառուցման թույլտվություն:
Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքն ասել է, որ իրենք շատ ուրախ են’ չնայած նրան, որ 190 շինությունից վերադարձվում է ընդամենը 17-ը:
2011թ. օգոստոսին Թուրքիայում օրենք է ընդունվել կրոնական փոքրամասնություններից բռնագրավված եկեղեցական գույքն իրական տերերին վերադարձնելու մասին: Օրենքը նախատեսում է հետ վերադարձնել 1936-ից հետո բռնագրավված գույքը: Գույքը վերադարձվելու է Թուրքիայում իրավական կարգավիճակ ունեցող Հայ առաքելական եկեղեցուն, Հույն ուղղափառ եկեղեցուն և հրեական համայնքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում