Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին

Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում օգոստոսի երեքին Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում ցուցադրվեց Ալդո Նիկոլայի «Հեռագիր» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը:

Այն մենախոսություն է, որի ընթացքում դերասանը փորձում է հասկանալ կյանքի իմաստը, խոսում է այն խնդիրների մասին, որոնք առկա են ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական կյանքում: Նա իր խնդիրների համար մեղադրում է բոլորին, բայց ոչ ինքն իրեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման բեմադրիչը Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանն է, դերակատարը` Արամ Հայրապետյանը:

Մեզ հետ զրույցում Իշխան Ղարիբյանն ասաց, որ մոնոներկայացում բեմադրելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց թատրոնի դերասան Արամ Հայրապետյանը մոնոներկայացում խաղալու ցանկություն է հայտնել: «Այս ներկայացմամբ պետք է մասնակցեինք Պերմ քաղաքում անցկացվող «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին: Յոթանասունյոթ ներկայացումից ընտրվել էր 11-ը, որոնցից մեկն էլ մերն էր: Ավաղ, համավարակի պատճառով շատ միջոցառումներ ընդհատվեցին այդ թվում և այս փառատոնը»,-ասաց նա ու հավելեց, որ փառատոնին մասնակցելու էին ներկայացումներ Բուլղարիայից, Չերնոգորիայից, Սերբիայից, Հայաստանից և Խորվաթիայից:

Ղարիբյանը տեղեկացրեց, որ «Հեռագիր» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել փետրվարին: Մարտին նախատեսված ներկայացումները չեղարկվել են:

Բեմադրիչը նշեց, որ «Հեռագիր»-ը շատ լավ է ընդունվել Կապանում:

Նրա խոսքով` Կապանի թատերասեր հանդիսատեսը բծախնդիր է, բայց և ջերմ ու ըմբռնող է: «Մեզ համար հուզիչ էր այն փաստը, որ ներկայացման օրը տոմսարկղի մոտ հերթ էր գոյացել: Մարդիկ սպասում էին շաբաթ, կիրակի օրերին թատրոն գալու համար: Ի պատիվ մեզ` թատրոնի ամբողջ կազմն էր էնտուզիազմով աշխատում, որովհետև մենք զարգացման հետաքրքիր վեկտոր էինք վերցրել ու առաջ էինք գնում: Ավաղ, եղավ այն, ինչ եղավ»,-շեշտեց նա:

«Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին:

Փառատոնի ներկայացումները անցկացվում են բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Բեմադրությունները ցուցադրվում են նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ: «Արմմոնո»-ին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են նաև դեբյուտային ներկայացումներ:
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում