Օրենքի հետ բացարձակ կապ չունեցող գործողություններ են տեղի ունենում, սա աբսուրդ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Հակառակ մեր բազմաթիվ խնդրանքների, հորդորների՝ խուզարկությունը շարունակվում է: Ինչո՞ւ եմ բնորոշում խուզարկություն, որովհետև ըստ էության՝ սա խուզարկության հատկանիշներ պարունակող գործողություն է: Այո, անունը դրել են զննություն, բայց խուզարկություն է կատարվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց M Group ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը՝ խոսելով M Group ընկերությունում տեղի ունեցող զննությանը, որը իրականացնում են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները:
«Զննությանը բնորոշ որևէ գործողություն չի կատարվում, այսինքն՝ փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր, անգամ առանց նայելու՝ զննության ընթացքում դրանք ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ մասին է խոսքը»,– ասաց Մակինյանը և հիշեցրեց, որ ընկերության շատ աշխատակիցներ լսել են ոստիկանների հրահանգը և փաստաթղթեր են դրել սեղանին՝ չիմանալով, որ ունեն իրավունք հրահանգը չկատարելու և ոստիկաններն առգրավել են դրանք՝ առանց ուսումնասիրելու:
«Ես տեսանյութ ունեմ, որտեղ ոստիկանները վերցնում են փաստաթղթերը և դնում փաթեթի մեջ, այսինքն նրանց դա հետաքրքիր չէ: Սա առևտրային կազմակերպություն է և կան առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր, բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, աշխատակիցների անձնական նոթատետրեր: Սրանց հասնելու համար քրեական դատավարական օրենսգիրքը կոնկրետ եղանակներ է նախատեսում»,– մանրամասնեց փաստաբանը:
Մակինյանի խոսքով՝ քանի որ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել, օրենքը ոտնատակ են արել: «Այստեղ օրենքի հետ բացարձակ կապ չունեցող գործողություններ են տեղի ունենում, սա աբսուրդ է: Աշխատասենյակներից փաստացի վերցվում է ամեն ինչ, այսինքն՝ այս պահից M Group ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է»:
Փաստաբանը նշեց, որ չի հասկանում այս գործողությունների նպատակը, սակայն տեղի ունեցողը նորմալ երևույթ չէ և ներսում եղած ոստիկանության ծառայողները հաստատ գիտեն՝ չեն կանգնելու և պատասխան չեն տալու իրենց գործողություննեի համար, քանի որ ըստ փաստաբանի՝ ինչ ուզում են, անում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում