Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ամուլսարում կրկին բողոքի ակցիա է, որը մեկնարկել էր չորս օր առաջ, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում երեկ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճշտել են, նամակ են գրել, և պարզվել է, որ «Լիդիան Արմենիա»-ն սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, սխալ կետում են տեղադրել, ասել են, որ վաղը կգան և կուղղեն սխալը:
Սակայն, ակցիայի ավարտից հետո, որտեղ պայմանավորվեցին, այլ տեղ տեղափոխել վագոն-տնակը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ ասվում էր. «Քիչ առաջ մամուլից տեղեկացանք, որ Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները: Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունը ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ: «Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ»:
Դրան հաջորդեց «Ամուլսարի» նախաձեռնության պատասխանը, որտեղ ասվում էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն արհամարհում է Ջերմուկի քաղաքապետին: ««Լիդիան»-ը, մեղմ ասած, արհամարհում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։ Այս հարցը արդեն դառնում է փորձաքար, որի արդյունքում պարզվելու է ունե՞նք ուժեղ հարց լուծող կառավարություն, թե՝ ոչ։ Արդյո՞ք թույլ կտա մեր կառավարությունը ինչ֊որ մի իրավաբանական անձի, մեղմ ասած, թքած ունենալ իր վրա, թե վերջնական կլուծի այս հարցը ինչպես խոստացավ իր համայնքին ու ժողովրդին»:
Այս պահին ընթանում է ակցիան, ցուցարարները պահանջում են կատարել խոստումն ու տանել վագոն-տնակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում