Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում շարունակում է մնալ 120 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով nna-leb.gov.lb կայքին:
«Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է զոհերի վերջին տվյալները, նրանց թիվը հասել է 154-ի: Վիրավորների թիվը շուրջ 5000 է»,- գրում է աղբյուրը:
Նախարարը նշել է, որ հիվանդանոցներում ծանր վիճակում է գտնվում 120 մարդ, այդ իսկ պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվել էր 149 զոհի և 4000 վիրավորի մասին:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում