Միացյալ Նահանգները մասնակցում է Հայաստանի Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովին
Նմանատիպ
Ցամաքային ուժերի ինժեներական կորպուսը և Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները մասնակցում են հուլիսի 9-11-ը Երևանում անցկացվող Հայաստանի Հանրապետության Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, սա իր տեսակով 4-րդ խոշոր վարժանքն է, որում ներգրավված են ԱՄՆ Ցամաքային զորքերի Ինժեներական կորպուսի Քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP), ինչպես նաև Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները: CMEP ծրագիրն աջակցում է մի շարք պետությունների’ մեծամասշտաբ աղետներին պատրաստականությանն ուղղված վարժանքների պլանավորման հարցերում: Կանզասի ազգային գվարդիան այս վարժանքում ներգրավված է Նահանգային փոխգործակցության ծրագրի միջոցով, որը Հայաստանը կապում է Կանզաս նահանգի հետ: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ ընդհանուր մարտահրավերների շուրջ գաղափարների փոխանակումներ, այդ թվում երկրում տեղի ունեցած աղետներին արձագանքման և դրանց հետևանքներից վերականգնման թեմաներով միջոցառումներ:
Աղետներին արձագանքման միջոցառմանը ներգրավված են մասնակիցներ Հայաստանի 18 պետական գերատեսչություններից, ինչպես նաև Մեծամորի Ատոմակայանից: Կանզասի մասնակիցները ներկայացնում են Կանզաս նահանգի Կանզաս Սիթի քաղաքի ոստիկանության բաժանմունքի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը և Վուլֆ Քրիկ Ատոմակայանը: Աղետներին արձագանքման վարժանքին մասնակցելու է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Երևանյան գրասենյակի Աղետների կառավարման խումբը:
Միջոցառումը կազմակերպված է աղետների արձագանքման պատրաստվածության բարձր մակարդակի ապահովման միջոցով տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու’ ԱՄՆ հանձնառության շրջանակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում