Հրաչյա Թամրազյան․ Փոխակերպություն
Նմանատիպ
Ու քեզ թվում է՝ ոչինչ չես հիշում…
Որ անդունդներից նոր տողեր ծնվեն՝
Քեզ անհրաժեշտ է կյանքի մի փշուր,
Մի կտոր երկինք, հույսի մի ծվեն:
Ամեն ինչ այդպես պիտի կատարվի,
Ու որ չթախծես օրերում մռայլ,
Դու հոգենյութդ ծառին ես տալիս
Ու քո ավիշով ներծծվում նրան…
Զարթնում է կարոտն այդ սաղարթախիտ՝
Անսահման մի սեր- անսահման մի գութ,
Մի տարաշխարհիկ, լուսավոր թախիծ,
Եվ այդպես բառն է աշխարհը գրկում:
***
Մենք հեռանում ենք ինքներս մեզնից –
Չգիտենք՝ մեզ հետ ինչ է լինելու,
Ու մենք փնտրում ենք մեր երկրորդ կեսին,
Հանուն նրա ենք ապրում ու մեռնում,
Որ սերմ է միայն, սրբազան մի սերմ
Մեր անհող հոգու սահմանին աճող,
Բայց այդ սահմանը ոչ ոք չի տեսել,
Ոչ մի անցավոր և ոչ մի անցորդ
Դեռ չի հասել այդ եզերքին կենաց.
Որ հրաժեշտ տա ընդմիշտ ինքն իրեն,
Մինչև նորահայտ կյանքը երևա,
Նա, որ անցողիկ և անկրկին է
Մեր ապրած բոլոր օրերի նման՝
Այդ զարմանալի խճանկարի,
Որն ընդունում է և՛ ծնունդ, և՛ մահ,
Որ մի պատկերով ողջը ընկալի,
Որ մի բխումով սերմերը աճեն,
Որ կյանքը ծաղկի մեր հոգու հողում,
Որ բուրեն հույզի պարտեզներն այն ջերմ,
Որ անանձնական սերն է ողողում…
* * *
Ու մեր դարձդարձիկ հիշողությունը
Մեր մեջ թափառող տենչն է լինելու,
Նա մերթ սուզվում է մշուշների մեջ,
Մերթ տարրալուծվում հայելիներում –
Բայց լինելության տենչն էլ է մարում,
Երբ կտրվում է հիշողությունից,
Ես փնտրում եմ իր հյուլեն ամենուր,
Նա փշուր-փշուր մոտենում է ինձ –
Իմ հիշողության ջարդված հայելին
Ես հավաքում եմ հիմա բառ առ բառ,
Մենք արտասվում ենք իրար նայելիս
Ու մոռանում ենք տարաբախտաբար…
Ու հայացքներով զուր մի՛ հմայվեք,
Նրանք մեր մեջ են լուռ փշրվելու…
– Ուշադի՛ր իրար դեմքերին նայեք –
Մի՛ վայրկյան հետո էլ չեք հիշելու…
***
Ու ահեղ մի վիշտ ինձ սովորեցրեց
Միշտ թեթև նայել կյանքի անցքերին,
Ու նա հրաժեշտ տվեց ինձ, իսկ ես
Ուղիղ նայեցի նրա աչքերին:
Բայց նա հայացքը փախցրեց իսկույն,
Բայց նա թաքցրեց իր դեմքն ինձանից,
Բայց նա ետ նայեց աչքերով իր կույր,
Բայց նա երկյուղեց կարծես իմ ձայնից:
Ու ետ կանչեցի ես նրան այնժամ,
Ու երկար, երկար մենք զրուցեցինք,
Որքան էլ լինի կորուստը դաժան,
Որքան մեզ թվա այս աշխարհը սին՝
Բայց մենք միասին այս աշխարհ եկանք,
Մենք բախտակից ենք, և ուշ է արդեն՝
Պիտի միասին մեր վիշտը սգանք,
Պիտի միասին իրար փարատենք:
***
Բառերն ինձ ուրիշ աշխարհ են տանում,
Չեն թողնում կենցաղն այս հաղթահարել,
Սիրտն է ճոճքի պես դարձյալ տատանվում,
Ու տագնապները դեռ չեն դադարել:
Մարդիկ նման են ուրվականների,
Դու խոնարհվում ես, բարևում նրանց
Ու փնտրում ես խինդն այն անկարելի,
Որ ավաղ, միայն բառերում մնաց:
Դու մոտենում ես անծանոթ մարդկանց,
Փորձում ես նրանց ինչ-որ բան ասել,
Բայց կյանքը` դարձած մի օտարական,
Ու տարիները` անսեր, անհասցե
Հեռանում են այս խուլ փողոցներով,
Ու դու լսում ես ձայնը քայլերի,
Ու ինքդ քեզ հետ այսպես խոսելով`
Դառնում ես ասես կյանքիդ հայելին
Ու նրա խորքում լոկ քեզ ես տեսնում,
Եվ ուրվագծերն անցնող օրերի,
Ու հայտնվում ես բառերի ներսում
Այսպես օր օրի քեզ որոնելիս:
Ու դու հաշվում ես զարկը քո քունքի,
Ու դու հաշվում ես վայրկյաններն ահեղ,
Ու խենթանում ես մի պահ հուզմունքից,
Եթե փորձում ես անգամ կռահել,
Թե ուր է ցնդում կյանքի երթն արագ,
Թե քանի վայրկյան կյանքում մնաց քեզ`
Որ երգերիդ պես լրիվ խենթանաս,
Եվ կամ խենթության սահմաններն անցնես…