Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը օգոստոսի 15-ին, ժամը 20։30 կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգի տեսագրությունը։ Համերգը կհեռարձակվի կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգին հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն։
Համերգի ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակներ» և Ռիշար Գալիանոյի «Օպալե» կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար ստեղծագործությունները:
Կամերային նվագախումբը բազմիցս համագործակցել է աշխարհահռչակ վիրտուոզ ակորդեոնահարի հետ՝ ելույթ ունենալով նրա հետ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Իսկ «Տարվա եղանակները» համերգային ծրագիրը Գալիանոն ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում:
Իտալական ծագումով ֆրանսիացի ակոնդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թ․: Դաշնամուր և ակորդեոն սկսել է նվագել 4 տարեկանից: Այնուհետև երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակոնդեոնին զուգահեռ ուսանել է նաև տրոմբոնի դասարանում:
Ուսմանը զուգահեռ մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների, որտեղ հանդես է եկել Բախի, Չայկովսկու, Ռավելի Գերշվինի ստեղծագործությունների կատարմամբ: Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների World Cup միջազգային մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 1968-ին արժանացել է երկրի նախագահական մրցանակին:
1973-ին Գալիանոն հարավային Ֆրանսիայից տեղափոխվում է Փարիզ և մի քանի տարի համագործակցում է Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես դիրիժոր, գործիքավորող և կոմպոզիտոր:
Նա համագործակցել է այնպիսի հանրահայտ երգիչների հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սերժ Ռեջիանին, Ժյուլիետ Գրեկոն և այլք։ 1983-ին Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է Comedy France, որտեղ հանդես է գալիս որպես բանդոներնահար, այնուհետև` գործիքավորող և կոմպոզիտոր:
1991-ին Գալիանոն ստեղծում է «նոր մյուզետ» ոճը և այս ոճով Label Bleu ստուդիայում ձայնագրում է ալբոմ: 1993-ին Ջազի ակադեմիան Ռիչարդ Գալիանոյին ճանաչում է տարվա լավագույն ջազ երաժիշտ:
Նույն տարում նա ձայնագրում է «Ճանապարհորդություն» ալբոմը, որը նույնպես ճանաչվում է որպես «Տարվա լավագույն ալբոմ»: 2010-ին Ռիչարդ Գալիանոն ստորագրեց բացառիկ պայմանագիր աշխարհահռչակ Deutsche Grammophon ընկերության հետ և նրա առաջին ալբոմը, որը նվիրված էր Բախի երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո ավելի քան 40.000 օրինակով սպառվեց մեծ արագությամբ և դարձավ տարվա «Տարվա լավագույն դասական երաժշտության» ալբոմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում