Թանգարանը կարիք ունի այցելուների, մեր թախիծն է, որ թանգարանը չի գործում նախկին աշխուժությամբ. Ա. Իսահակյանի անվան թանգարանի տնօրեն
Նմանատիպ
Այցելուների համար մարտից թանգարանը փակ է եղել, սակայն քանի որ թանգարանը գիտական աշխատանք է իրականացնում, գիտական հոդվածներ են գրվում, որի համար նյութեր, գրքեր են անհրաժեշտ, այդ պատճառով հաճախ ենք գալիս թանգարան, որ կարողանանք աշխատել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:
«Թանգարանների տնօրենների և Մշակույթի նախարարության աշխատակցի հետ հանդիպում է եղել քննարկել ենք վարակի պատճառով առաջացած խնդիրները, դեռևս քննարկվում է, որ այցելուների համար որոշակի պայմաններ պահելով թանգարաններն աշխատեն, սպասում ենք պարետի որոշմանը»,- ասաց նա:
Անժելա Խորենյանը նշում է, որ համավարակի օրերին թանգարանի աշխատակիցները վարձատրվել են, քանի որ աշխատել են տանից: Նա նկատում է, որ կորոնավիրուսի օրերին թանգարանների ֆեյսբուքյան էջերը ավելի ակտիվ են աշխատում, ակտիվ են նաև միջթանգարանային շփումները:
«Այս ամիսների ընթացքում ֆեյսբուքյան էջի 3000 հավանում ենք ունեցել: Քանի որ այս տարի Ավետիք Իսահակյանի 145-ամյակն է, մյուս թանգարաններն իրենց խոսքը ձայնագրում և ուղարկում են: Կորոնավիրուսի օրերին կարողացանք աշխատել նաև Հայաստանի մարզերի հետ: «Ի՞նչ են պատմում հուշարձանները» ծրագրով աշակերտները նկարում են իրենց տարածքի հուշարձանները, փոքրիկ ռեպորտաժներ պատրաստում և ուղարկում մեզ: Մարդիկ կան, որոնք թանգարանում չեն եղել, սակայն վերջին ամիսներին էջին հետևելով, գրում են մեզ և ցանկություն հայտնում այցելել թանգարան: Այս օրերին մենք նոր բարեկամներ ենք ձեռք բերել»,- ասաց նա:
Թանգարանի տնօրենը նշում է, որ Իսահակյանի ծննդյան 145-ամյակի հետ կապված տարվա սկզբին հետաքրքիր ծրագրեր են մշակվել, բայց արտակարգ դրության պայմաններում մի մասը չեն կարողացել ներկայացնել, մի մասն էլ՝ առցանց են կազմակերպել:
«Քանի որ Իսահակյանի ծննդյան և մահվան օրերը հոկտեմբեր ամսին են, ծրագրեր ենք մշակել և նպատակ ունենք փոքրիկ հաղորդումների տեսքով հանդիպումներ ունենալ գրականագետների հետ, ծրագրվում է նաև գիտաժողով կազմակերպել: Պետք է նաև հրատարակենք Ավետիք Իսահակյանի առակների գիրքը, հավանաբար հոկտեմբերին կավարտենք գիրքը: Հիմա Իսահակյանի մատենագիտական ցանկի վրա ենք աշխատում: Բավականին ծրագրեր ունենք, հույս ունենք՝ աշնանը կկարողանանք իրականացնել: Ճիշտ է աշխատել ենք նաև տանից՝ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով, սակայն թանգարանը կարիք ունի այցելուների և մենք նույնպես կարիք ունենք թանգարաններ գնալու: Մեր թախիծն է, որ թանգարանը չի գործում նախկին աշխուժությամբ»,- ասաց նա:
Անդրադառնալով թանգարանում առկա խնդիրներին, տնօրենը նշեց, որ 2008 թվականին թանգարանը կապիտալ վերանորոգվել է, դեռ լավ վիճակում է, բայց պատշգամբը մասնակի վերանորոգման կարիք ունի, որը կիրականացնեն իրենց ուժերով, նախարարություն չեն դիմի:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում