Դատաստան, հալածանքների պատճառը

Դատաստան, հալածանքների պատճառը

Դատաստան

Մենք բոլորս էլ մեղքեր ենք գործում: Աշխարհում բազում մարդիկ խաբում են, գողանում, սպանում, շնանում: Բայց մարդ կա, որ խաբում է վախից, և մարդ կա, որ խաբում է չարությամբ, մարդ կա, որ սպանում է չարությամբ, մարդ կա, որ սպանում է ակամա: Մենք մարդկանց դատում ենք երկու ձևով: Առաջինը կշտամբելն է կամ պախարակելը, որով մենք ցույց ենք տալիս, որ համաձայն չենք որևէ մեկի մի արարքի հետ և ցանկանում ենք, որ նա այդպես այլևս չվարվի և ուղղվի: Երկրորդը որևէ մեկին պիտակ կամ որակում կպցնելն է: Օրինակ` այլ է, երբ մեկին ասում ենք` դու ինչ-որ բան ես գողացել, և այլ է, երբ ասում ենք` դու գող ես: Եկեղեցական հեղինակներից մեկն իրավամբ ասում է, որ մենք էլ Վերջին Դատաստանի ժամանակ դատվելիս այդպիսի նրբություն ենք ցանկանալու տեսնել: Գուցե Դատաստանի ժամանանակ մենք կանգնենք Աստծո առջև և ասենք. «Ով Տեր Աստված, այնպես է եղել, որ ես ստել եմ, բայց ես խաբեբա չեմ, գողացել եմ, բայց գող չեմ, շնացել եմ, բայց ես անառակ չեմ»: Մեզ մի զարմանալի հնարավորություն է տրված. ինքներս կարող ենք որոշել, թե հետագայում ինչպես ենք դատվելու: Քրիստոս ասում է, որ ինչ ձևով որ դատում ենք ուրիշներին, այնպես էլ դատվելու ենք, ինչ չափով որ չափում ենք, այն չափով էլ չափվելու է մեզ համար (Մատթ. 7.2): Եվ եթե մենք ցանկանում ենք, որ Վերջին Դատաստանի ժամանակ մեզ դատեն ոչ թե խիստ արդարությամբ, այլ սիրով ու ներողամտությամբ, ինքներս պետք է այդպես դատենք ուրիշներին: Թող որ այնպես ապրենք, որ մեր սրտերից անպակաս լինեն սերն ու ներողամտությունը, որպեսզի մենք ինքներս տերունական Դատաստանի ժամանակ կարողանանք սեր և ներողամտություն գտնել:

Հալածանքների պատճառը

Քրիստոնյաների ամենամեծ հալածիչներից է եղել Դիոկղետիանոս կայսրը, ով հավանաբար հոգնելով պետական գործերից` 305 թվականին հրաժարվեց գահից և ցանկացավ ապրել որպես պարզ քաղաքացի: Նա այդպես ապրեց Հռոմում մինչև կյանքի վերջը, սակայն նրան հասան Աստծո պատիժները, և Դիոկղետիանոսը մեռավ մեծ հիվանդությունների, նեղությունների ու չարչարանքների մեջ:

Քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքներին անդրադարձել են նաև այն եկեղեցական հեղինակները, ովքեր հալածանքների ժամանակակիցն են եղել: Այդ հեղինակներից են Կիպրիանոսը, Գրիգոր Աստվածաբանը, Եվսեբիոս Կեսարացին, ով համարվում է եկեղեցական պատմության պատմահայր: Այս հեղինակները դաժան հալածանքների համար առաջին հերթին մեղադրում են ոչ թե դիոկղետիանոսներին, անհավատներին, այլ քրիստոնյաներին: Եվսեբիոսն ասում է, որ Աստված թույլ տվեց հալածանքները, որովհետև ոչ միայն քրիստոնյա աշխարհականների, այլ նույնիսկ հոգևորականների շրջանում կար միմյանց հանդեպ թշնամանք, ատելություն, նախանձ, արհամարհանք: Սա չի նշանակում, թե քրիստոնյաները դադարել էին ճշմարիտ աստվածպաշտությունից, ընդհակառակը, շարունակում էին արարողությունները, եկեղեցի հաճախելը, բայց դա արդեն սկսել էր վերածվել ձևականության, որովհետև առաքյալն է ասում. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ. 4.20): Եվ մենք էլ մեր կյանքում հալածանքների և նեղությունների համար պատճառը փնտրենք առաջին հերթին ոչ թե մեզանից դուրս, այլ մեր ներսում, վերացնենք մարդկանց հետ հարաբերություններում մեր երկակի չափանիշները, որոնցով հաճախ ենք վարվում մեկին մեծարելով ու հարգանքով, մյուսին նախանձով կամ արհամարանքով կամ թշնամանքով: Եվ ձգտենք հեռու վանել մեզանից մեր վատ սովորույթներն ու հակումները` այսպիսով կատարելով Քրիստոսի պատվերը, թե` «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48):

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում