Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին

Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գիտնականներն իտալացի այլ պրոֆեսորների հետ համագործակցության արդյունքում ստեղծել են Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ նկարիչ Ռաֆայել Սանտիի դեմքի եռաչափ պատկերը, որը տպել են եռաչափ տպիչով, որպեսզի պարզեն՝ իրականում ինչ տեսք է ունեցել Սանտին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս նպատակով օգտագործվել է իտալացի գեղանկարչի մնացորդների՝ 1833թ. տեղի ունեցած արտաշիրիմման ժամանակ գանգի արված կավե ծեփապատճենը:

Գիտնականները ստացված արդյունքը համեմատել են Սանտիի՝ 1506թ. արված հայտնի ինքնանկարի հետ, որն այժմ ցուցադրվում է Հռոմում: Մասնագետները պարզել են, որ ինքնանկարի ու իրենց ստացած եռաչափ պատկերի վրա գեղանկարչի աչքերն ու բերանը նույնն են, տարբերվում է միայն քիթը, որն իրականում կորություն է ունեցել, սակայն Սանտին, ամենայն հավանականությամբ, ինքն իրեն նկարելիս որոշել է դեմքի այդ հատվածն ավելի նուրբ ներկայացնել:

Ռաֆայել Սանտին մահացել է 1520թ.՝ Հռոմում: 37-ամյա գեղանկարչի մահվան պատճառը, ըստ ամենայնի, եղել է թոքաբորբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում