Սուրբ Աստվածածնի Վերափոխումը

Սուրբ Աստվածածնի Վերափոխումը

«Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՛վ մեր քույր հարս, քո մի հայացքով, քո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր» (Երգ երգոց 4:9):

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,

Այսօր կրկին անասելի խնդությամբ լի է հոգիս, ցնծում ու խայտում է սիրտս, քանի որ Ամենասրբուհի Մոր տոնի Պատարագը մատուցելու մեծագույն պատիվն ու երջանկությունն ունեմ: Այսօր մեր Երկնային Տիրուհու, Անապական Հարսի ու Հեզագեղ Մոր՝ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն է նշում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այսօր հուզմունքից դողում են ծնկներս, ստիպում խոնարհվելու գեղեցկագույն պատկերի առջև ու շշնջալու. «Շնորհակալ եմ, Մա՛յր, որ ես ևս որդեգիրներիդ շարքում եմ»: Զգացմունքների առատությունն իսկապես պապանձեցնում է լեզուս, սիրելի՛ հավատացյալներ, բայց քանի որ անզոր եմ հոգիս լիացնող սերն առ Սրբուհի Մայր անխոս փոխանցել ձեզ, պիտի խոսքի օգնությանը դիմեմ ու փորձեմ պատմել սքանչելի և անզուգական պարգևի մասին, որ ունենք ի դեմս Սուրբ Մարիամ Աստվածածնի:

Քրիստոնեության էությանն անգիտակ ու ճշմարիտ հավատքին անհաղորդ մարդիկ հավանաբար պիտի տարակուսեն, թե մենք, որ այսքան սիրում ենք Աստվածամորը, ինչո՞ւ ենք ուրախությամբ հիշում նրա մահվան օրն ու ավելին՝ մեծ տոնակատարությամբ նշում այն. չէ՞ որ ուրախությունը հակառակ է մահվան, և մահը միայն ցավ ու արտասուք է ենթադրում: Այո՛, աշխարհիկ տեսանկյունից տարօրինակ է դիտվում մահվան օրը տոն հռչակելը, որովհետև մարդկային ընկալմամբ սիրելիի մահվան օրվա հիշատակը կարող է միայն վշտալի ու սրտամորմոք զգացումներ ծնել: Բացի այդ կհամաձայնեք ինձ հետ, սիրելինե՛ր, որ մարդկային տեսանկյունից բազմաթիվ «հզոր» կերպարներ են իրենց հետքը թողել մարդկության պատմության գրքում, սակայն այդ «հզորներից» և ոչ մեկի մահը չենք հիշատակում և առավել ևս՝ ամեն տարի տոնում: Իսկ ինչո՞ւ: Նախ՝ հենց այստեղ է, որ բացահայտվում է, թե ով է իրականում մեծ ու փառավոր: Եվ երկրորդ՝ կարծում եմ, որ մեր մեղավորության գիտակցության և մահվան վարագույրի պատճառով է. առաջինը բնական կասկածներ է առաջացնում ննջեցյալի հոգու՝ լավագույն վիճակին արժանանալու մասին, իսկ երկրորդը, անորոշության շղարշով փակելով մյուս կյանքը, թույլ չի տալիս ցրել այդ կասկածները: Եվ այդ է պատճառը, որ մեզ՝ քրիստոնյաներիս համար մնում է միայն հուսալ ու Տիրոջն ապավինել, և այդ մեծ հույսով հիշատակել մեր ննջեցյալների մահվան օրը՝ Բարեգութ Տիրոջից ողորմություն աղերսելով նրանց հոգիների համար:

Իսկ Սուրբ Աստվածածնի պարագան բոլորովին այլ է, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ հաստատապես գիտենք նրա ննջմանը հաջորդող մեծասքանչ իրադարձության մասին: «Վերափոխվեց մշտակենդան Աստվածածինը և անմահության բաժակից ըմպեց ու մշտապես մեր բարեխոսն է իր Միածին Որդու մոտ», ա՛յս է մեզ հուսադրող ու մեծ խնդություն պատճառող իրականությունը: Ա՛յս է Քրիստոսի անսահման սերն Իր սիրասուն մոր նկատմամբ և անեզր ողորմածությունը մեզ՝ մեղավորներիս:

«Աստվածընկալ խորան» Սուրբ Մարիամը ծնվեց Աստծու հավատարիմ ու բարեպաշտ ծառաներ սուրբ Հովակիմից և Աննայից: Առ Բարձրյալն ունեցած անհուն սիրով ու նվիրումով պարարտացած արտում ընկավ անապական սերմն ու չքնաղագույն Ծաղիկ ծլարձակեց աշխարհի գորշ մացառուտում: Սուրբ ծնողներից ժառանգած սերն ու հավատարմությունը սրտում՝ մեծացավ որպես Աստծու խոնարհագույն աղախին, և Ամենակալը չանտեսեց նրան (հմմտ. Ղուկ. 1:48): Այլ Երկնքի անհասանելի Բարձունքը խոնարհեցրեց ու պարփակեց մարդկանցից խոնարհագույնի որովայնում: Արարչագործ հուրն անկեզ դարձրեց ու բնակեցրեց անբեկուն հավատի հրով բորբոքված մարդկային էակի մեջ: Սերն Աստված բնակվեց առ Աստված անշեջ սիրով բաբախող սրտի տակ ու գեղանի Կույս Մարիամը դարձավ Աստվածամայր: Նման անճառելի պատվից հետո անկարելի է մտածել, թե Հարուցյալ Քրիստոս՝ կյանքի ու մահվան Տերը, մեռյալներին հարություն Տվողը, վայրկյան անգամ պիտի մոռացության մատներ իր քաղցրիկ Մորն ու չհոգար նրա անցումը դեպի հավիտենություն:

Սուրբ ավանդությունը պատմում է, որ երբ Համբարձման օրը Սուրբ Աստվածածինը միացավ առաքյալներին ու զավակից բաժանվելու մայրական կսկիծով հարցրեց Որդուն, թե ինչպես է իրեն թողնում ու հեռանում, վերջինիս սիրող շուրթերից այս պատասխանը լսեց. «Խաղաղությո՛ւն ընդ քեզ, քաղցրի՛կ իմ մայր, չեմ թողնելու քեզ՝ տապանակ և խորան իմ սրբության: Այլ մի փոքր ժամանակ սպասիր իմ ընտրյալ աշակերտների մեջ, որովհետև քեզ տեսնելով պիտի մխիթարվեն: Եվ երբ ելնես մարմնիցդ, քեզ մոտ հրեշտակ չեմ առաքի, և ոչ էլ հրեշտակապետ կամ սերովբեներից որևէ մեկին, այլ Ինքս գալով հրաշալի փառքով և պատվով քեզ կտանեմ վերին Երուսաղեմի իմանալի կյանքը»:

Այո, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, աշակերտներն անշուշտ կրկնակի որբացած պիտի զգային իրենց, եթե սիրելի Վարդապետից բաժանվելու հետ մեկտեղ, կորցնեին նաև անգին Աստվածամոր ներկայությունը: Առաջին դարի հայրերից մեկը գրում է, որ եթե ինքը Քրիստոս Աստծուն ճանաչած չլիներ, ապա Սուրբ Աստվածածին տեսնելով՝ պիտի կարծեր, թե իրական Աստծու է տեսնում՝ այնպիսի անթաքույց սրբություն էր ճառագում Աստվածակիր Կույսից: «….հրեշտակատեսիլ կույսը, դեմքի հրաշափառ գեղեցկությամբ հայտնի էր դարձնում իր կուսության անթառամելի լինելը՝ բարետեսիլ էր նայվածքով, մեծ աչքերով, անձով չափավոր, պատկերը վայելուչ, բազուկներն ու մատները երկայնաձիգ, մազերը՝ խարտյաշ, լի էր Սուրբ Հոգու շնորհներով»,- այսպես է Սրբուհի Մորը նկարագրում մեր սուրբ հայրապետ Գրիգոր Տաթևացին և սա, միանշանակ, մի փոքր հատված է միայն Սրբուհի Մոր ամբողջական սուրբ պատկերից:

Առաքինության, պարկեշտության, հավատի ու նվիրումի կատարյալ մարմնացում, երկրի վրա քայլող բարձրագույն երկնաբնակ, խոնարհության տիպար Թագուհի… իրար միավորեք բոլոր սրբերի առաքինություններն ու հրեշտակների հատկությունները, և սուրբ Աստվածամայրն այդ ամենից բարձր կլինի: Սակայն մի՛ կարծեք, սիրելի՛ հավատացյալներ, թե անխռով ու անհոգ կյանքով ապրեց Սուրբ Աստվածածինը Որդու՝ երկինք համբառնալուց հետո: Ամենևի՛ն: Հրեաների անհավատության մաղձը Սուրբ Աստվածածին բազում հալածանքների ենթարկելու պատճառ դարձավ: Այրեցին նրա տունը, փորձեցին քարկոծել, արգելեցին տերունական վայրերն այցելել: Մինչև կյանքի վերջը հետապնդվեց ու հալածվեց Սրբուհի Մայրը և անգամ դագաղից փորձեցին վայր գցել սուրբ մարմինը. հիշե՛ք Սոփոնիա քահանային: Սակայն ոչ մի հալածանք, ոչ մի նեղություն չկարողացան դույզն անգամ խամրեցնել Աստվածատես ու Աստվածակիր անբիծ հոգու սրբությունը: Եվ երբ «լրացավ օտարության մեջ պանդխտության ժամանակն» ու հասավ «հայրենի սեփական ժառանգությունը» փոխադրվելու պահը Քրիստոս Ինքը՝ Իր խոստման համաձայն, եկավ անուշիկ Մոր մաքրամաքուր հոգին ընդունելու:

«Վերափոխման» պատկերների մեջ տեսած կլինեք, սիրելինե՛ր, որ Քրիստոս Աստծու գրկում ննջած Աստվածամոր հոգին պատկերված է բարուրված նորածնի տեսքով, և մեկնիչները հաճախ զուգահեռներ են անցկացնում Սուրբծննդյան և Վերափոխման պատկերների միջև՝ նշելով, որ ինչպես Քրիստոս Մանուկ ծնվեց Սուրբ Մարիամի գրկում, այնպես էլ Սուրբ Մայրը վերափոխումից հետո հավիտենական կյանքով ծնվեց Որդու գրկում: Եվ Վերափոխման մասին պատմող ավանդությունը հենց այս կետին է բևեռում մեր ուշադրությունը՝ դրանով իսկ ցույց տալով յուրաքանչյուրիս անմիջական առնչությունը սրբազան պատմությանը: Այսպիսով՝ կարդում ենք. «….աոաքյալները տեսան անապական Կույսի հոգին, որը փայլում էր արեգակին գերազանցող լույսով և ուներ մարդկային կերպարանք՝ աոանց սեռի: (Ապա) Պետրոսն ասաց. «Տե՛ր, մարդկանցից ո՞վ այդպիսի լուսափայլ հոգի ունի, ինչպիսին Քո ծնողինն է»: Տերը պատասխանեց. «Ո՜վ Պետրոս, սկզբում բոլոր մարդկանց հոգիները այդպես սպիտակ ու լուսափայլ են, սակայն մեղքի մեջ շաղախվելու պատճառով սևանում ու տգեղանում են»»:

Կարծում եմ, որ այսօր՝ Իր տոնին, մեզ սիրող ու մեր փրկության համար հանապազ բարեխոսող Մայրը կկամենար, որ հենց այս տողերին դարձնեինք մեր ողջ ուշադրությունն ու հավատի նախանձախնդրությունը: Մեր գթառատ Մայրը, որ իր մեղավոր զավակներից և ոչ մեկի համար արցունք չի խնայում սիրելի Միածնի գահի առջև, վստահաբար կկամենար, որպեսզի իրեն պատվելը երբեք չսահմանափակենք միայն տոներին մասնակցելով, այլ նրա օրինակով՝ ապաշխարության խոնարհ ուղին լինի մեր սիրո ու մեծարանքի լավագույն ապացույցը: Որպեսզի երբ այս աշխարհում մեր պանդխտության ժամանակն էլ լրանա, մենք ոչ թե ահ ու դողով, այլ սիրելի Քրիստոսի ու Աստվածամոր հետ հանդիպման սքանչելի հույսով ավանդենք մեր հնարավորինս մաքրած ու ճերմակեցրած հոգիներն ու ուրախության, այլ ոչ թե արտասուքի պատճառ լինենք Սրբուհի Մոր համար: Արդ, միասիրտ ու միաբան խոնարհվելով Սուրբ Կույսի առջև՝ փրկություն աղերսենք նրանից և երբեք ու երբեք չնահանջենք նրա հոգեհատոր Որդու անգին արյամբ գնված մեր փրկության ճանապարհից:

«Ո՜վ Աստվածածին Կույս, Աստվածակի՛ր որովայն ու Աստվածընկա՛լ խորան, Աստվածաբնա՛կ տաճար, Աստվածատո՛ւնկ ծոց ու Աստվածահանգի՛ստ գիրկ… Տիրամա՛յր և մեր Փրկչի ու Աստուծո՛ւ ծնող, քո մայրական անբիծ և անարատ աղերսանքիդ ու սիրառատ գթությանդ շնորհիվ բարեխոսի՛ր քեզնից ծնված Միածնի մոտ՝ մեղավոր ու սխալական անդամներիս համար, որպեսզի քաղցր աչքով նայի իր անբիծ ու անարատ արյամբ փրկագնվածներիս և քեզ՝ որպես Աստվածածին Սուրբ Կույս և Քրիստոսի մայր խոստովանողներիս: Այժմ անվտանգ ու անբասիր կյանքով, ուղղափառ հավատքով և անշարժ հույսով ապրենք մեր Տիրոջ ու քո սիրելի Որդու հանդեպ ունեցած սիրո մեջ, իսկ մահանալիս բարի հրեշտակը չհրաժարվի մեզանից և մենք քաղցրությամբ ավանդելով մեր հոգիները, հասնենք լուսավոր օթևան արդարների հանգրվանը: Նաև, որ մեր հարության ահավոր օրը, անաչառ դատավորի ատյանում. Նա ներողամտությամբ անհիշաչար լինի մեր անհամար հանցանքների նկատմամբ, որպեսզի քո անկրկնելի բարեխոսության շնորհիվ արժանանանք քեզ տեսնելու՝ իմաստուն կույսերով շրջապատված և Քրիստոս փեսայի աջ կողմում բազմած: Եվ քեզնով զվարճացած տեսքով և ուրախացած սրտով, փաոք ու պատիվ մատուցենք քո Միածին Որդուն՝ Ամենակալ Հոր և Ամենասուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից. Ամեն» (Սուրբ Գրիգոր Տաթևացի):

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում