«Անեսսի»-ն, «ՌեԱնիմանիա»-ն և Saqanima Georgian Animators Association-ը համատեղ կիրականացնեն աշխատարան

«Անեսսի»-ն, «ՌեԱնիմանիա»-ն և Saqanima Georgian Animators Association-ը համատեղ կիրականացնեն աշխատարան

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնը՝ միանալով «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի և Saqanima Georgian Animators Association-ի կազմակերպած 6-րդ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանին, բացառիկ հնարավորություն է ընձեռնում Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին ներկայացնել իրենց նախագիծը՝ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանի շրջանակում։ Աշխատարանը կիրականացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում են «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից։

Անիմացիոն ֆիլմարտադրողները կներկայացնեն «ՌեԱնիմանիա»-ի դատին իրենց նախագծերը, և ուսումնասիրության արդյունքում «Անեսսի» փառատոնի փորձագետների կողմից կընտրվի 6 անիմացիոն կինոնախագիծ։ «Անեսսի» փառատոնի կողմից ընտրված պրոդյուսերը կժամանի Վրաստան և սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կվարի 5-օրյա թրեյնինգ ֆիլմարտադրողների համար։

Դասընթացները կվերաբերեն նախագծերի սցենարական, արտադրական աշխատանքներին, մարքեթինգին, բյուջեի կազմմանը և այլ մասնագիտական գիտելիքների ձեռք բերմանը: Աշխատարանի արդյունքում ընտրված 1 լավագույն նախագիծը «Անեսսի»-ի փորձագետների կողմից կընտրվի մասնակցելու «Անեսսի» փառատոնի կինոշուկային, որը տեղի կունենա 2021 թվականի հունիսին։ «Անեսսի» փառատոնի կողմից լավագույն նախագծի հեղինակը կստանա անվճար հավատարմագրման հնարավորություն, իսկ «ՌեԱնիմանիա»-ն կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող մասնակիցը կարողանա մեկնել «Անեսսի»:
Անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը ներկայացված է «ՌեԱնիմանիա» փառատոնի պաշտոնական կայքում։ Ծրագրին մասնակցելու վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն է։
Ծրագրին կարող են դիմել տարբեր ձևաչափերի (կարճամետրաժ/լայնամետրաժ) անիմացիոն ֆիլմերի նախագծեր: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն 1 նախագիծ: Ներկայացվող նախագիծը չպետք է լինի ուսումնական ծրագրի մաս կամ չի կարող նախապես գնված լինել հեռուստատեսության կողմից:

Հայտերը հնարավոր է ուղարկել applications@reanimania.com էլեկտրոնային հասցեով:
Սա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի և «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի առաջին նմանատիպ համագործակցությունը չէ։ 2018 թվականին Աննեսին և «ՌեԱնիմանիան» Հայաստանում իրականացրել են Animation du Monde ծրագիրը: Փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանեցին Աննեսիի փորձագետները՝ 5-օրյա վարպետաց դասընթացներ անցկացնելու 10 լավագույն նախագծերի և իրենց հեղինակների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում