Եգիպտոսի տապալված նախագահն «անվտանգ վայրում Է». ԱԳ նախարարություն

Իշխանությունից հեռացված Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին «անվտանգ վայրում Է», առայժմ նրան որեւԷ մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 10-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:

«Մուրսին իր իսկ անվտանգության համար անվտանգ վայրում Է պահվում, նրա հետ հարգալից են վերաբերվում: Այս պահին նրան մեղադրանքներ չեն ներկայացվել»,-հայտարարել Է ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բադր Աբդելաթին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մուրսին պահվում Է Եգիպտոսի զինված ուժերի օբյեկտներից մեկում: Գլխավոր դատախազությունը հայտարարել Է, որ նա պահպանության տակ կմնա մինչեւ հետաքննության ավարտվելը: Քննիչները Մուրսիին կասկածում են «արդարադատությանը խոչընդոտելու» մեջ:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Եգիպտոսի հակակոռուպցիոն կոմիտեն հետաքննություն է սկսել բանակի կողմից իշխանազրկված նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ: CBC եգիպտական հեռուստաալիքի տվյալներով՝ Եգիպտոսի նախկին ղեկավարը մեղադրվում է, մասնավորապես, «ապօրինաբար հարստանալու» եւ «ծառայական դիրքը չարաշահելու» մեջ:

Ավելի վաղ Իսմայիլիա քաղաքի դատարանը ավարտել է այսպես կոչված «Մեծ փախուստի» գործի հետաքննությունը եւ դիմել է գլխավոր դատախազությանը Մուրսիին ու «Մուսուլման եղբայրների» ասոցիացիայի եւս 34 ղեկավարների ձերբակալման պահանջով: Խոսքը, մասնավորապես, 2011 թվականի հունվարի իրադարձությունների մասին է, երբ Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողության հանգեցրած անկարգությունների թեժ պահին երկրում տասնյակ հարձակումներ կատարվեցին ուղղիչ հիմնարկների վրա: Ազատազրկման վայրերից փախան հազարավոր կալանավորներ: Իսլամիստների պարագլուխների դեմ նաեւ մեղադրանքներ են առաջադրվել լրտեսման, բանտերի վրա հարձակումների, ահաբեկչության, կալանավորների սպանության, ուժային կառույցների աշխատակիցների վրա գրոհների եւ զենքի ու զինամթերքի զավթման մեջ:

Բացի այդ, դատական ատյաններ արդեն հայցեր են ներկայացվել Եգիպտոսի նախկին ղեկավարի դեմ, որը մեղադրվում է դավաճանության եւ այնպիսի գործողություններ ձեռնարկելու մեջ, որոնք հանգեցրել են երկրի քաղաքացիների զոհվելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում