Նորայր Գրիգորյան. Բանաստեղծները
19/08/2020 19:25
Նմանատիպ
Էն ավանդույթի լույսերով օծված
բանաստեղծները չեն նստում հացի,
նրանք ապրում են ջրերում օծված
և երակներում հին այգաբացի:
Նրանք գրում են պտղաջրերով
աղոթագրքի թերթերի վրա,
և եթերային տաք անուրջներով
գիրը դառնում է պատկերը Նրա:
Ով արժանացավ Տիրոջ համբույրին,
պտղաջրերը հոսեցին երկար,
ով բույրը շնչեց աղոթագրքի
Տերն իր անուրջը ընծայեց նրան:
Հիմա երկիրը պտղաջրերի
աղոթագրքին պտտվում է լուռ,
աղոթագրքի կապույտ թերթերին
Տերն ու Պոետը դրել են համբույր: