«Ի սկզբանե էր Բանը»

«Ի սկզբանե էր Բանը»

Ավետարանիչներից յուրաքանչյուրի ձայնն առավել հնչեղ է Հոգու այլ վարդապետություններից, քանի որ Տերը այդ վարդապետությունները մեզ հաղորդեց մարգարեների միջոցով, իսկ ահա Ավետարաններում Ի՛նքը՝ Տերն անձամբ խոսեց մեզ հետ։ Իսկ ավետարանական քարոզության մեջ էլ ամենից հնչեղը, որ բարբառում է որևէ լսելիքի համար դժվարըմբռնելի ու ամեն մտքից էլ ավելի վեր խոսքեր, Հովհաննեսն է՝ Որոտման որդին, որի ավետարանական գրվածքի նախաբանը քիչ առաջ ընթերցեցինք. «Ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Աստված էր Բանը» (Հովհ. Ա 1)։

Ես շատերին գիտեմ, որ Ճշմարտության խոսքից զատ՝ նաև աշխարհիկ իմաստության մասին են խորհել և այդ իմաստությամբ սքանչացած՝ հանդգնել են դրանք ներառել իրենց շարադրանքում։ Հիրավի, գող է սատանան, և մերը գողանալով՝ նա իր սպասավորների ձեռքն է հանձնում Ճշմարիտ խոսքը՝ այն խառնելով իր առասպելաբանությունների հետ։

Այսուամենայնիվ, եթե մարմնական իմաստությունն այսչա՜փ սքանչացել է Ճշմարտության խոսքի զորությամբ, ապա ի՞նչ պիտի անենք մենք՝ Սուրբ Հոգու աշակերտներս։ Արդյո՞ք պիտի իմիջիայլոց լսենք Խոսքը և նվազ համարենք այդ Խոսքի զորությունը։ Սակայն մարդ որքա՜ն հիվանդ պետք է լինի անզգայունության ախտով, որ չհիանա մտքի այսպիսի գեղեցկությամբ և մեզ ավանդված այս Խոսքի անհասանելի խորությամբ ու չփափագի ընկալել դրանց ճշմարտությունը։ Բայց նաև՝ դժվարությունը ոչ թե գեղեցկությամբ հիանալն է, այլ այդ սքանչելի գեղեցկության ճշմարիտ ըմբռնումը, որը, իրապես, խրթին ու անդյուրահաս է։

Չէ՞ որ չկա այնպիսի մեկը, որ զգալով արեգակի ջերմությունը՝ չի գովաբանի նրա սքանչելիությունն ու գեղեցկությունը, ճառագայթների ներդաշնակ պայծառությունն ու ամենասփյուռ լույսը, որով լուսավորվում են երկրայինները։ Սակայն նաև՝ յուրաքանչյուրն էլ, եթե համառորեն հայացքը չկտրի արեգակից, ոչ միայն չի տեսնի ցանկալին, այլև կապականի իր աչքերի քաջատեսությունը։

Ինձ այնպես է թվում, որ մտքի հետ ևս նույնն է տեղի ունենում, երբ այն հանդգնում է մեղսավորաբար ձեռնամուխ լինել այս խոսքի քննությանը. «Ի սկզբանե էր Բանը»։ Ո՞վ կարող է ճշմարտապես իմանալ սկզբի մասին։ Ո՞ր մի խոսքի զորությունն է կարող ըստ արժանվույն արտահայտել մտքում եղածը։ Աստծու Որդու մասին աստվածաբանությունը մեզ ավանդել կամենալով՝ առաքյալը Բանին որևէ երևույթի սկիզբ միայն չհամարեց, այլ՝ բնութագրեց իբրև սկիզբը բոլոր էակների։

Սուրբ Հոգին նախապես իսկ գիտեր, որ շատերը պիտի դուրս գային Միածնի փառքի դեմ, գիտեր, որ շատերը մարդկանց իրենց հորինած խաբեությունը պիտի մատուցեին՝ իրենց լսողներին կործանման մատնելու համար, որի նպատակով էլ ասում էին. «Եթե Որդին երբևէ ծնվել է, ուրեմն՝ չկար սկզբում և գոյություն չուներ նախքան Իր ծնունդը ու Իր գոյությունն էլ ոչնչից է առել Նա»։ Այսկերպ են խոսում ճարտարախոսությամբ բարբարող երկսայրի սրի նման սուր լեզուները։ Եվ որպեսզի ոչ ոք այսպիսի բաներ չասի, Սուրբ Հոգին Ավետարանի միջոցով կանխում է այդ՝ ասելով. «Ի սկզբանե էր Բանը» (Հովհ. Ա 1)։

Եթե այս խոսքն ամուր պահես քո ձեռքում, չարախոս մարդկանց հասցրած վնասներից ամենևին չես տուժի։ Երբ նա ասի, որ եթե Որդին ծնվել է, ուրեմն սկզբից չկար, դու պատասխանի՛ր, որ «ի սկզբանե էր» Նա (Հովհ. Ա 1)։ Իսկ եթե ասի, թե Նա ինչպե՞ս կարող էր լինել նախքան ծնունդը, դու մի՛ նահանջիր ու մի՛ երկմտիր կրկին վկայելու, որ «ի սկզբանե էր»։

Նա քո ասածը չի՞ ուզում ըմբռնել։ Դու, սակայն, նրա բազմանշանակ խոսքերից չխաբվե՛ս։ Ճիշտ է, որ այս կյանքում ամեն բան իր սկիզբն ունի, սակայն բոլորից վեր մեկ սկիզբ կա՝ «Բարու ճանապարհի սկիզբը»,- ասում է Առակաց գիրքը (ԺԶ 5)։ Ճանապարհի սկիզբը այն շարժումն է, որով սկսում ենք մեր ընթացքը, իսկ հետագան ինքը՝ ճանապարհն է առաջնորդում մեզ։

Իսկ ահա «իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (հմմտ. Սղմ. ՃԺ 10)։ Այս սկիզբը ևս մեկ այլ սկզբից է ակունք առնում։ Տիրոջ երկյուղն, արդարև, իմաստության տարրն է, ուստի այդ իմաստությանը հասնելու համար նախ քո հոգում Աստծուց երկյուղ պիտի կարողանաս ունենալ։ Ոմանց համար կյանքի «սկիզբ» են նաև քաղաքական զորությունները, արժանապատվության հասած անձինք, սակայն սրանցից յուրաքանչյուրը սկիզբ է միայն ինչ-որ մի բանի համար։ Չէ՞ որ գծի սկիզբը կետն է, մակերևույթի սկիզբը գիծն է, և մարմնի սկիզբն էլ մակերևույթն է, նաև՝ բառի սկիզբն էլ տառերն են։

Սակայն այս Սկիզբը նման չէ մյուսներին, քանի որ ոչ մի բանի հետ կապված չէ, ոչնչի չի ծառայում, չի դիտվում մեկ այլ բանի հետ զուգակցությամբ, այլ ազատ է, ինքնիշխան, հեռու որևէ բանի հետ առնչությունից։ Այն վեր է մտքից ու անհնար է մտքի խուրհուրդներով Նրան հասնելը, քանի որ անսահման է այն։ Եվ եթե հանդգնես էլ մտքիդ խորհուրդներով առաջ անցնել այս Սկզբից, ապա միշտ պիտի տեսնես, որ այն շա՜տ ավելի առաջ է քո խորհուրդներից։

Թո՛ղ որ քո միտքը որքան ուզում է՝ առաջ ընթանա, ու ձգտի ավելի ու ավելի վեր, սակայն ի վերջո, բյուրավոր դեգերումներից ու զուր ջանքերից հետո, միտքդ դարձյալ ինքն իրեն է վերադառնում, քանի որ այն անկարող է այնքան վեր ելնել, որպեսզի այդ Սկզբի խորհրդին հասնի։ Այս Սկիզբը իմանալիի սահմաններից շա՜տ ավելի այն կողմ է գտնվում։

Արդ, «ի սկզբանե էր Բանը» (Հովհ. Ա 1)։ Ինչպիսի՜ սքանչելախոսություն։ Եվ որքա՜ն ներդաշնակ են միմյանց միահյուսված այս խոսքի բառերը։ Տե՛ս, «էր»-ը միևնույն իմաստն ունի, ինչ որ՝ «ի սկզբանե»-ն։ Ուրեմն, ո՞ւր է հայհոյիչը, ո՞ւր է քրիստոսամարտ այն լեզուն, որն ասում էր. «Կար ժամանակ, որ Նա չկար»։ Լսի՛ր Ավետարանի ձայնը. «Ի սկզբանե էր Բանը» (Հովհ. Ա 1)։ Իսկ եթե «ի սկզբանե էր», ապա ուրեմն՝ այդ ե՞րբ էր, որ չկար։ Ի՞նչ անեմ, ողբա՞մ նրանց ամբարշտությունը, թե՞ նողկանքով նայեմ նրանց տգիտությանը։

Նաև, երբ ասում են, թե՝ նախքան ծնվելը չկար, գիտե՞ն արդյոք, թե այդ երբ է եղել ծնունդը, որ դեռ մի բան էլ այն վերագրեն ժամանակին։ Չէ՞ որ այդ «նախքան»-ը վերագրելի է ժամանակին և նշանակում է մեկի՝ մյուսից ավելի հին լինելը, բայց արդյո՞ք հնարավոր է, որ ժամանակի Արարիչը ենթակա լինի ժամանակին՝ ժամանակի մեջ գոյություն առնելով։

Արդ, «ի սկզբանե էր», և եթե դու չմերժես այս «էր»-ը, ապա ոչ մի մուտք չես թողնի չար հայհոյության համար։ Եվ ինչպես որ նավաստիները, երբ տարուբերվում են զույգ, ամուր խարիսխների վրա, կանգուն են մնում՝ արհամարհելով ալեկոծությունը, այդպես էլ և դու, եթե այս ճշմարիտ Խոսքի զորությամբ գոտեպնդես հոգիդ, քմծիծաղով կնայես չար հոգիների՝ աշխարհում փոթորկած չար խռովքին, որը սասանեցնում է շատերի հավատքը։

Արդ, մեր միտքը ցանկանում է իմանալ, թե՝ ի՞նչն էր սկզբից ևեթ։ Եվ ահա՛ առաքյալն ասում է. «Սկզբից Բանն էր»։ Ո՞ր Բանը, ո՞ր Խոսքը, սակայն, նկատի ունի Ավետարանիչը, մարդկայի՞նը, թե՞ հրեշտակներինը։ Չէ՞ որ առաքյալը մեզ զեկուցեց, որ հրեշտակներն ունեն իրենց սեփական լեզուն՝ ասելով. «Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ…» (Ա Կորնթ. ԺԳ 1)։ Ըստ այսմ՝ «բան»-ի երկու տեսակ կա. մեկը ձայնի միջոցով արտաբերվող խոսքն է, այն, որը արտաբերվելուց հետո կորչում է օդում, իսկ մյուսը՝ մեր սրտերում հնչող խոսքը։ Մեկը՝ այն առաջինը, իմանալի, մյուսը՝ այս երկրորդը՝ առավել սքանչելազարդ Խոսքն է։

Տե՛ս, երբևէ չշփոթվես «բան»-ի համանուն լինելուց, քանի որ այդ ինչպե՞ս կարող էր մարդկային խոսքը «ի սկզբանե» լինել, այն դեպքում, երբ ինքը՝ մարդը, շատ ավելի ուշ է իր խոնարհ գոյությունը ստացել Աստծուց։ Չէ՞ որ նախքան մարդը արդեն իսկ ստեղծվել էին գազանները, սողունները, անասունները, բոլոր ցամաքային ու ջրային կենդանիները, երկնքի թռչունները, աստղերը, արեգակն ու լուսինը, բույսերն ու սերմերը, երկիրն ու երկինքը։ Ուրեմն՝ մարդկային խոսքը չէ, որ «ի սկզբանե էր», և ոչ իսկ՝ հրաշտակայինը, քանի որ ամեն մի արարած ավելի ցածր է հավիտենությունից ու իր գոյության սկիզբն էլ Արարչից է առել։

Իսկ ահա սրտում ամփոփված Խոսքը իմանալի խոսքից տարբեր է, և այդ Խոսքն է, որ աստվածավայելչաբար Բան է կոչվում՝ նկատի ունենալով Միածնին, ում այժմ Ավետարանիչը Բան է կոչում, իսկ քիչ հետո նաև՝ Լույս, Կյանք, Հարություն։ Եվ ինչպես որ դու, լսելով այս «Լույս» բառը, զգալի ու աչքերին տեսանելի լույսը չես հասկանում, և կամ լսելով «Կյանք» բառը, չես հասկանում առհասարակ կյանքը, որով և անխոս կենդանիներն են ապրում, այդպես էլ այս «Բանը» լսելով՝ ճի՛շտ իմաստով ըմբռնիր այն, որպեսզի երբևէ քո մտքի տկարության պատճառով կորստյան չմատնվես։ Այլ քննի՛ր այս Խոսքի իմաստը։

Ինչո՞ւ «Բան»։ Որովհետև անախտաբար է ծնվել։ Ինչո՞ւ «Բան»։ Որպեսզի ցույց տրվի, որ մտքից է ծնունդ առել։ Ինչո՞ւ «Բան»։ Որովհետև որդին ծնողի պատկերն է՝ իրենով ամբողջովին ծնողի կերպարանքը պատկերող, ծնողից որևէ բանով չհեռացած, բայց և կատարյալ էություն, նման մեր խոսքին, որն արտապատկերում է մեր միտքը։ Իսկապես, այն, ինչ մենք խորհում ենք մեր սրտում, այդ արտահայտում ենք խոսքի միջոցով, ու խոսքը արտապատկերում է մեր սրտի խորհուրդները, քանի որ սրտի ավելցուկից է խոսում լեզուն։

Մեր սիրտը նման է աղբյուրի, իսկ արտաբերվող խոսքն էլ նման է այդ աղբյուրից հոսող վտակի, ուստի և այնտեղից դուրս է հոսում միայն այնքանը, որքանը որ նախապես բխվել է։ Ըստ այդմ էլ, ինչպիսին որ ծածուկն է, այդպիսին է և հայտնվածը։ Արդ, Ավետարանիչը «Բան» կոչեց Նրան, որպեսզի քեզ ցույց տա Որդու՝ Հորից անախտաբար ծնունդ ունենալը և Որդու կատարյալ պատկերը ներկայացնի աստվածաբանորեն՝ այդպիսով մատնանշելով Որդու անժամանակյա միավորությունը Հոր հետ։

Մեր խոսքը ևս մտքի ծնունդ է՝ ծնված անախտաբար, քանի որ այն ո՛չ հատվում է, ո՛չ բաժանվում և ո՛չ էլ ցնդում, այլ խոսքն էլ ամբողջովին իրենում բովանդակում ու արտահայտում է միտքն իր ամբողջությամբ, և այդ արտաբերված խոսքը իրենում պարունակում է ծնող մտքի ողջ իմաստը։ Արդ, այս «Բանը» բարեպաշտությամբ ընդունիր իբրև Միածնի մասին աստվածաբանություն, և որպեսզի հեռու մնաս ամեն շփոթությունից, առանց երկմտելու հրաժարվի՛ր այս աստվածաբանությանը հակառակ ամեն խոսքից։

«Ի սկզբանե էր Բանը» (Հովհ. Ա 1),- ասում է Ավետարանիչը, քանի որ եթե ասեր՝ «ի սկզբանե էր Որդին», գուցե դա քո մեջ ախտալի մտածում առաջացներ, քանի որ մարդկայնորեն կմտածեիր, որ ինչպես մեր դեպքում է մեզնից ծնվածը ծնվում ժամանակի մեջ, այդպես էլ Որդու դեպքում է լինում, ուստի առաքյալը, կանխելով քո այդ հնարավոր անվայելուչ մտածումը, ասում է ոչ թե՝ «Որդի», այլ՝ «Բան», որպեսզի այդպիսով քո հոգին անխոցելի մնա։

«Եվ Բանն Աստծո մոտ էր»։ Այս «էր»-ը կրկին ասվում է ընդդեմ հայհոյիչների, որոնք ասում էին, թե՝ «Որդին չկար»։ Իսկ որտե՞ղ էր Բանը։ Ո՛չ որևէ վայրում, քանի որ վայրի մասին գրված չէ ոչինչ։ Ուրեմն, որտե՞ղ էր Նա. «Աստծո մոտ էր»։ Եվ ինչպես որ Հայրը որևէ կոնկրետ վայրում չէ, այդպես էլ և Որդին չի սահմանափակվում ու պարունակվում որևէ տեղում, այլ ինչպես որ անբովանդակելի է Հայրը, այդպես էլ անբովանդակելի է Որդին։ Ինչ էլ որ երբևէ իմանաս, ուր էլ որ քո հոգով գնաս երբևէ, ամենուր կարող ես գտնել Աստծուն, իսկ Նրա մոտ էլ կգտնես Որդուն։

«Եվ Բանն Աստծո մոտ էր»։ Սքանչացի՛ր այս խոսքի յուրաքանչյուր բառի ճշմարտացիությամբ։ Տե՛ս, որ չի ասում, թե՝ «Բանն աշխարհում էր», այլ թե՝ «Աստծո մոտ էր», որպեսզի իր այդ խոսքով ցույց տա Նրա՝ մեզնից տարբեր էություն ունենալը։ Նաև չի ասում, թե՝ «Աստծո մեջ էր», որպեսզի Էությունների շփոթության տեղիք չտա։ Քանի որ չար հայհոյություն է այնպիսինների ասածը, որոնք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն մեկ Աստծու՝ տարբեր անուններով դրսևորումներ են համարում։ Ոչ պակաս չար ու խուսափելի ամբարշտություն չէ նաև հայհոյիչների այն խոսքը, թե՝ «Որդին բնությամբ նման չէ Հորը»։

«Եվ Բանն Աստծո մոտ էր»։ «Բան» արտահայտությունը Ավետարանիչն օգտագործում է Որդու ծննդյան անախտությունը ցույց տալու համար, և ապա ասում է, որ Այն Աստծո մոտ էր, որպեսզի մեզ հեռու պահի այդ «Բան» բառից բխող հնարավոր շփոթությունից։ Ու ասես իր խոսքն ազատելով հայհոյիչների զրպարտությունից՝ անմիջապես հավելում է, թե ի՛նչ էր Բանը. «Աստվա՛ծ էր Բանը»։

Ուստի դու որևէ կերպ մի՛ փորձիր քո հնարամտությամբ մեկնաբանել այս խոսքը, որպեսզի չլինի թե քո այդ չարամտությամբ հայհոյախոսություն բարբառած լինես Հոգու վարդապետության դեմ։ Դու արդեն իսկ աչքիդ առաջ ունես սահմանված բանաձևը, ուրեմն՝ հնազանդվի՛ր Տիրոջը։ «Աստված էր Բանը և Նա ի սկզբանե Աստծո մոտ էր»։

Եվ դարձյալ Ավետարանիչը կարճառոտ խոսքով ավանդում է մեզ Միածնի մասին ողջ աստվածաբանությունը՝ ասելով, թե Ո՛վ է Նա. «Բանը Աստված է»։ Ավետարանիչը այս ասելով՝ քեզ է ուղղում իր մտքի սլաքը, որպեսզի քո հոգում դրոշմի այն վարդապետությունը, որը դու չգիտեիր, և որպեսզի քո սրտում բնակեցնի Բանին՝ Քրիստոսին։

Ո՞վ է Նա։ Հայացքդ այլուր մի՛ ուղղիր՝ այս վարդապետական հարցին պատասխան գտնելու համար, այլ մտի՛ր քո հոգու գաղտնարանը ու պիտի տեսնես, որ ինչպես և ուսանեցիր՝ Աստվա՛ծ էր Բանը, որ ծնվել էր ի սկզբանե և որ Աստծու մոտ էր, ու այդժամ, երբ ճանաչես Նրան, պիտի սքանչանաս ու երկրպագես քո Տիրոջը քեզանում հիմնահաստատված այն վարդապետության շնորհիվ, որն ասում է՝ «ի սկզբանե էր Նա», և թե՝ մշտապես Աստծու՝ Իր Հոր մոտ է Որդին։

Այս համառոտ խոսքերն իբրև կնի՛ք դրոշմեք ձեր մտքում, քանի որ այդ խոսքերն անխորտակելի պարիսպ ու հոգիների փրկության երաշխավոր են ընդդեմ թշնամու հարձակումների։ Եթե մեկը քեզ մոտ գալով՝ ասի, թե արդյո՞ք ժամանակի մեջ չի ծնվել Բանը, դու այդ դիվական խոսքից չտարուբերվես ու ընդդեմ Միածնի փառքի հայհոյախոսություն չբարբառես, այլ վերստին կընթանաս դեպի Ավետարանական խոսքը, որն ասում է. «Ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Աստված էր Բանը, և Նա ի սկզբանե Աստծո մոտ էր» (հմմտ. Հովհ. Ա 1-2)։ Ու այսկերպ՝ չորսանգամյա քո հաստատումով, թե «էր» Նա, քեզնից հեռու կվանես նրանց ասած «չէր»-ը։

Այդպիսով հաստատուն կմնան հավատքի հիմքերը, որոնց վրա եկեք մեր հավատքի ողջ տո՛ւնը կառուցենք՝ ամեն անհրաժեշտ բան Աստծուց ստանալով։ Սակայն քանի որ անկարելի է միանգամից խոսել ամեն բանի մասին՝ խոսքի երկարահունչ լինելու պատճառով մեծ ջանքերով ձեր նախկինում ուսանածն էլ անօգուտ դարձնելու վտանգից ելնելով, որովհետև այդժամ մարդն, անկարող լինելով բոլոր խոսքերը միաժամանակ ըմբռնելուն, կնմանվի գերհագեցած որովայնի, որը չափից դուրս լեցուն լինելու պատճառով չի կարողանում մարսել կերակուրը, ուստի ես մաղթում եմ, որ դուք մշտապես քաղցահամ կերակուր ճաշակեք, ինչին ամեն կերպ ծառայելուն պատրաստ եմ ես մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում