Ծառուկյանն անաշխատունակության թերթի՞կ է ներկայացրել

ԱԺ նիստերի և քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը մեխանիկորեն պետք է վայր դնի մանդատը: Նման նախադեպ հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չի գրանցվել, որովհետև պատգամավորները, որպես կանոն, ներկայացնում են անաշխատունակության’ հիվանդության թերթիկներ, ինչի դեպքում բացակաները համարվում են հարգելի:

«Հրապարակը» տեղեկացնում է, որ բացակայությունների առումով ռեկորդակիր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն աշնանային նստաշրջանին գրեթե չի «այցելել» պառլամենտ, իսկ գարնանայինին’ երեք-չորս անգամ և հենց այն օրերին, երբ պետք է «բիրիքով» քվեարկություններ տեղի ունենային, որպեսզի բացակայության և մանդատաթափման գործընթացի հարցը մի մասով լուծված համարվեր:

Նա անաշխատունակության թերթիկ ներկայացրե՞լ է, որ մանդատից չեք զրկել, հարցին «Հրապարակ»-ի աղբյուրը պատասխանել է. «Ծառուկյանի տեսքից երևում է, որ ինքը հիվա՞նդ է. երբեք, առողջ, առույգ տղամարդ է, նա երբեք հիվանդության թերթիկ չի ներկայացրել»: Իսկ ի՞նչ է ներկայացրել: «Դե, հաճախ է եղել, որ մեկնել է գործուղման, ասենք’ կուսակցության, Օլիմպիական կոմիտեի գործերով, այդ մասին նա ԱԺ ղեկավարությանը գրավոր տեղյակ է պահել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում