Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ

Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու հրաման է ստորագրել։

Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կվերաբացվի որպես մզկիթ։ Այս մասին Էրդողանի հրամանը հրապարակվել է կառավարության պաշտոնաթերթում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Հրամանագրում նշված է, որ ելնելով նրանից, որ Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) անվավեր է ճանաչել 1945 թվականին նախարարների խորհրդի կողմից Քարիյե մզկիթը թանգարանի վերածելու որոշումը՝ Քարիյե մզկիթը Կրոնական գործերի վարչությանը հանձնելու և որպես մզկիթ բացելու որոշում է ընդունվել։

Նշենք, որ Խորի Սբ․ Ամենափրկիչը մեկն է այն բյուզանդական տաճարներից, որոնք Կոստանդնուպոլսի գրավումից (1453թ․) հետո օսմանյան թուրքերը վերածեցին մզկիթների։

6-րդ դարում կառուցված, ապա մի քանի անգամ վերակառուցված Խորի վանքը 1511-ին Բայազիդ 2-րդ սուլթանի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից վերածվել է մզկիթի ու սկսել անվանվել Ալի փաշայի մզկիթ կամ Քարիյե մզկիթ։

1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում