«Զույգ արեգակներ» բալետի համաշխարհային պրեմիերան՝ «MEZZO TV»-ի եթերում

«Զույգ արեգակներ» բալետի համաշխարհային պրեմիերան՝ «MEZZO TV»-ի եթերում

Օգոստոսի 23-ին հայկական արվեստի և մշակույթի հարստությունը ներկայացնող «Զույգ Արեգակներ» բալետը կհեռարձակվի աշխարհահռչակ Mezzo TV հեռուստաալիքի եթերում «Զույգ Արեգակներ» բալետը երբևէ առաջին կատարողական արվեստի գործն է, որը հանրահռչակում է հայկական արվեստն ու մշակութային ժառանգությունը «MEZZO TV»60 միլիոն հետևորդ ունեցող միջազգային հարթակում: Այս մասին հայտնում են Deem Communications-ից։

Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ Արեգակներ»բալետի առաջին առցանց հեռարձակումը «MEZZO TV»-ի եթերում կիրականացվի օգոստոսի 23-ին` ժամը 20:10-ին,կենտրոնական եվրոպական ժամամանակով: Բալետի հեռարձակումը հեռուստաալիքով կիրականացվի նաև օգոստոսի 29–ին, սեպտեմբերի 9-ին և 15-ին։

1996-ից ի վեր ավելի քան 80 երկրներում հեռարձակվող «MEZZO TV»-ն հանդիսանում է բարձրաճաշակ համաշխարհային լսարանին կատարողական արվեստի ամենալավ գործերը ներկայացող առաջատարը: Բալետի հեռարձակումը հնարավոր է դարձել «Բալետ 2021» հիմնադրադրամի և «MEZZO TV»-ի միջև կնքված 5-ամյա պայմանագրի շրջանակում, որով հեռուստաալիքին հեռարձակման իրավունք է շնորհվել։

Անցյալն ու ներկան միաձուլող այս եզակի ներկայացումը նորովի է մատուցում հազարամյակների հայկական մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով 21-րդ դարում ստեղծված արվեստի մի այնպիսի գործ, որը նորարարական է, հավերժական, հայկական և համամարդկային: Բալետը ներկայացնում է այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն ու դերակատարությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում:

«Զույգ Արեգակներ» բալետը «MEZZO TV»-ի բազմամիլիոնանոց միջազգային հանդիսատեսին ներկայացնելը առաջին քայլն է Հայաստանը համաշխարհային բեմահարթակում հաստատելու հարցում: Այն Ռուդոլֆ Խառատյանի առաքելության մի մասն էր, երբ նա դեռ 2009 թվականին ՀՀ կառավարության հրավերով ստանձնեց Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

«Զույգ Արեգակներ» բալետը հիմնված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի վրա: Սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը ներկայացնում է 4-21-րդ դարերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի ստեղծագործությունները: Բեմի ձևավորման և զգեստների հեղինակն է Աստղիկ Ստեփանյանը:

Նախագիծն իրականացնելու համար «Բալետ2021» հիմնադրամը ձևավորել է միջազգային բալետային խումբ՝ հրավիրելով բալետի արտիստներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից, ինչպես նաև առաջատար մենակատարներ՝ Վաշինգտոնից և Շտուտգարդից:

«Զույգ Արեգակներ» միջազգային բալետային նախագիծն իրականացվել է 2015 թվականին «Բալետ2021» հիմնադրամի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների կոմիտեյի և «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 27-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում