Սաղմոս ՃԽԴ
Նմանատիպ
Օրհնության սաղմոս Դավթի:
Օրհնությունն աստվածխոսության հետ է միավորված և զգուշավորության սաղմոս է սա, որովհետև սրանում մշտապես երգվում է, թե բոլորի աչքը քեզ է ուղղված: Նաև հեթանոսների կոչման մասին է, որ ասում է.
1. Բարձր առնեմ զքեզ, Աստուած իմ, և թագաւոր իմ. և օրհնեմ զանուն քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից:
Պիտի փառաբանեմ քեզ, Աստված իմ, և Թագավոր իմ, ու հավիտյան և հավիտյանս հավիտենից քո անունն օրհնեմ:
Մեր՝ նրա օրենքի տակ խոնարհվելն է և թե՛ գործով, թե՛ խոսքով Աստծու մասին խոսելը՝ Աստծուն փառաբանելով: Քանզի եթե այսպես ջերմագին գթով դավանենք նրան՝ սեփականացնելով ընդհանրական կոչումները՝ Աստված իմ և Թագավոր, նա նույնպես մեզ իրենը կհամարի, ինչպես Աբրահամին, Իսահակին և Հակոբին: Հավիտյան և հավիտյանս հավիտենից. հայտնում է, որ այժմյան օրհնությունը նրա հավիտենական օրհնության գրավականն է՝ հավիտենական կյանքով, ինչպես որ ասում է.
2. Զօրհանապազ օրհնեցից զքեզ. և գովեցից զանուն քո, յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից:
Գիշեր-ցերեկ քեզ օրհնություն պիտի մատուցեմ, ու հավիտյանս հավիտենից պիտի գովաբանեմ անունը քո:
Քանի որ այնտեղ հանապազ ցերեկ է, այլ ոչ թե գիշեր, և այնտեղ են նրան օրհնողների օրերը:
3. Մեծ է Տէր և օրհնեալ է յոյժ, և մեծութեան նորա ոչ գոյ չափ:
Մեծ է Տերն ու անչափ օրհնյալ, և նրա մեծությունը սահման չունի:
Ցույց է տալիս, որ մեր օրհնության կարիքը չունի և անչափ օրհնյալ է հրեղենների դասի կողմից: Եվ նրա մեծությունը սահման չունի, որովհետև բոլոր մեծությունները, երբ քննում են, երևում է նրանց երկարությունը, լայնությունը և խորությունը, իսկ որ սա չունի, ապա ինչպե՞ս կարող են չափել:
4. Ազգք և ազգք գովեսցեն զգործս քո. և զզօրութիւնս քո պատմեսցեն:
Սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո, և պիտի պատմեն զորությունները քո:
Ադամի որդիները, որոնք հաջորդում են միմյանց սերնդեսերունդ, և մինչև ծնունդների ավարտը գովաբանելու են Աստծու գործերը: Նաև հրեաներն ու հեթանոսները՝ հավատալով Քրիստոսին, գովաբանում են նրա տնօրինությունն ու սքանչելագործությունների զորությունը:
5. Զմեծ վայելչութիւն փառաց սրբութեան քո խոսեսցին, և զսքանչելիս քո պատմեսցեն:
Քո սուրբ փառքի մեծ վայելչության մասին պիտի խոսեն, և քո հրաշագործությունները պիտի պատմեն:
Այլ մեկ ուրիշն ասում է. «Քո սուրբ փառքի մեծ վայելչությունը սահման չունի», սակայն այն հաղթահարում է մարգարեն՝ խոսելով Աստծու մասին: Մեծ վայելչություն ասելով նկատի ունի արարածներին երևալը, իսկ սուրբ փառք ասելով՝ Որդուն և Հոգուն: Դարձյալ՝ փառքը Որդին է, իսկ սուրբ փառքը՝ Սուրբ Հոգին, որոնք սահման չունեն, այլ արարածները, որքան կարողանում են, խոսում են և պատմում նրա հրաշագործությունների մասին:
6. Զօրութիւն ահի քո ասասցեն, և զմեծութիւնս քո պատմեսցեն:
Քո ահավոր զորությունը պիտի նկարագրեն, և քո մեծությունը պատմեն:
Որ [երևաց] ջրհեղեղով, Եգիպտոսում և անապատում Դադանի և Աբիրոնի հանդեպ: Եվ քո մեծությունը պատմեն. որովհետև չի տանջում այնքան, որքան կարող է, այլ խնայում է, քանզի իր արարածներն են:
7. Զյիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն. և արդարութեամբ քո ցնծասցեն:
Քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն, և պիտի ցնծան քո արդարությամբ:
Որովհետև կրկնակի է նրա խնամատարության զորությունը՝ բարկությամբ և քաղցրությամբ, որոնք միմյանց է խառնում՝ իր նման և միայն իր իմացությամբ. ուստի և իր քաղցրությունն առավել Կայենի հանդեպ է երևում քան Աբելի, քանի որ չսպանելով՝ նշան ցույց տվեց, թե զղջացի: Եվ Նոյի ժամանակների բազում չարիքներն անցավոր մահվամբ վճարել տվեց: Ինչպես որ ասում է. քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն. արարածներն ավետեն՝ արևը, անձրևը, հացը և գինին, ծաղիկներն ու պտուղները, աղբյուրները, գետերն ու ծովերը, այս ամենը հիշատակում են Աստծու բազում քաղցրությունների մասին: Եվ պիտի ցնծան քո արդարությամբ. որովհետև գիտես մեր կարիքներն ու հոգսերը արդարացի կերպով:
8. Գթած ողորմած է Տէր, երկայնամիտ և բազումողորմ:
Գթասիրտ և ողորմած է Տերը, երկայնամիտ և բազումողորմ:
Գթած է որդիների հանդեպ, ողորմած՝ զղջացողների, երկայնամիտ՝ չզղջացողների, և բազումողորմ՝ բազմամեղ զղջացողների հանդեպ:
9. Քաղցր է Տէր առ ամենեսեան, և գթութիւն նորա ի վերա ամենայն արարածոց իւրոց:
Տերը քաղցր է բոլորի հանդեպ, և նրա գթությունը տարածվում է նրա բոլոր արարածների վրա:
Տարերքների և անբան ու բանական կենդանիների [արարածների] հանդեպ, և գթասիրտ է արարածների հանդեպ, որովհետև արարածներին ոչնչից գթությամբ ստեղծեց:
10. Խոստովան եղիցին առ քեզ, Տէր, ամենայն գործք քո, և սուրբք քո օրհնեսցեն զքեզ:
Քո բոլոր գործերը, Տեր, քեզ գոհություն պիտի մատուցեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ:
Քանի որ քարոզում են իրենց Արարչի մասին, ըստ այնմ, թե՝ «Երկինքը պատմում է Աստծու փառքը» (Սղմ. 18:2):
11. Զփառս արքայութեան քո ասասցեն, և զզօրութիւնս քո պատմեսցեն:
Քո արքայության փառքի մասին պիտի խոսեն, և քո զորությունները պիտի պատմեն:
Ասելով թե՝ քո թագավորությունն անմահ ու անկաշառ է, և զորավոր ու մեծ, քանի որ ամենակալ է [Տերը]:
12. Ճանաչել որդւոց մարդկան զզօրութիւնս քո. և զփառս մեծվայելչութեան արքայութեան քո:
Որ մարդկանց որդիները ճանաչեն զորությունները քո և հրաշափառ մեծավայելչությունը քո արքայության:
Սրբերը քարոզում են, որպեսզի մարդկանց որդիներն իմանան նրա զորության մասին:
13. Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. և տէրութիւն քո ազգէ մինչեւ յազգ:
Քո արքայությունը ողջ հավիտենության արքայությունն է, և քո տերությունը՝ սերնդից սերունդ:
Մահկանացուները քիչ ժամանակ են իշխում, իսկ դու՝ սերնդեսերունդ և հավիտյան:
Հաւատարիմ է Տէր յամենայն ի բանս իւր, և արդար է յամենայն ի գործս իւր:
Հավատարիմ է Տերն իր բոլոր խոսքերում, և արդար է նա իր բոլոր գործերում:
Որ խոսեց օրենքով, մարգարեներով և ավետարանով, քանզի «Ավելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թե օրենքից մեկ նշանախեցի սուտ լինի» (հմմտ. Ղուկ. 16:17), և անսուրբ որևէ բան չի գործում:
14. Հաստատէ Տէր զամենայն գայթագղեալս, և կանգնէ զամենայն գլորեալս:
Տերն ամուր է պահում բոլոր սայթաքողներին, և ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին:
Ինչպես Դավթին, Պետրոսին, և եթե նույնիսկ խորունկ անդունդի մեջ լինեն, կարող է նրա ձեռքը ողորմությամբ երկարել, դուրս քաշել և վեր բարձրացնել, որովհետև ամենայն ասելով [ցույց է տալիս], որ ոչ մի մեղավորի դուրս չի թողնում, այլ միայն նրանց, ովքեր չեն ցանկանում, ինչպես Սոդոմն էր կամ Գոմորը և կամ Հուդան:
15. Աչք ամենեցուն ի քեզ յուսան, և դու տաս կերակուր նոցա ի ժամու:
Բոլոր աչքերը քեզ վրա են հառած հուսով, և դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին:
Չարերը նրան ուրանալով՝ չեն ճանաչում և անասունները չեն իմանում, սակայն բոլորի կարիքը նրան է աղաղակում, և նա տեսնում է կարիքի բոլոր ակնարկները, և ո՞վ կարող է լցնել [կարիքը] և կերակուր տալ անհրաժեշտ ժամին, որովհետև ժամը նույնպես գիտե:
Տաս դու նոցա և կերակրին,
16. Բանաս զձեռն քո, և լցուցանես զամենեսեան քաղցրութեամբ կամօք քով:
Տալիս ես դու նրանց, և սնվում են նրանք:
Բացում ես ձեռքը քո, և քո քաղցր կամքով հագեցնում ես բոլորին:
Եթե մեզ համար հեշտ է բացել մեր ձեռքերը և պարզել ու տալ կարիքավորներին, ապա առավել ևս Աստծուն [հեշտ է] տալ նրանց, ովքեր հայցում են իրենից, նույնիսկ ագռավի ձագերն են աղաղակում Տիրոջը, ուստի և նրա կամքը միայն բավական է բոլորին:
17. Արդար է Տէր յամենայն ճանապարհս իւր, և սուրբ է յամենայն ի գործս իւր:
Արդար է Տերն իր բոլոր ճանապարհներին, և սուրբ է նա իր բոլոր գործերում:
Քանի որ նրանց, որոնց պետքականի կարոտ ստեղծեց, ապա կերակրելով նրանց՝ արդար է լինում:
18. Մերձ է Տէր առ ամենեսեան, որ կարդան առ նա, առ ամենեսեան, որ կարդան առ նա ճշմարտութեամբ:
Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտությամբ:
Եվ տեսնում է իրեն կանչողներին, ովքեր ճշմարտությամբ են կանչում, այլ ոչ թե կեղծավորությամբ, իմանում և լսում է, ինչպես Մովսեսին, Ահարոնին և Սամուելին, և ինչպես որ մեկ այլ տեղ է ասում. «Տիրոջը աղաղակեցին, և Տերը լսեց նրանց» (Սղմ. 33:18):
19. Զկամս երկիւղածաց իւրոց առնէ Տէր, աղօթից նոցա լսէ և կեցուցանէ զնոսա:
Իրենից ակնածողների կամքը կատարում է Տերը, լսում է նրանց աղոթքն ու փրկում նրանց:
Որովհետև երկյուղածներն էլ Աստծու կամքը կատարեցին՝ Աստծուն մոտ տեսնելով [իրենց], ինչպես Եղիան և Եղիսեն:
20. Պահէ Տէր զամենեսեան ոյք սիրեն զնա. և զամենայն մեղաւորս սատակէ Տէր:
Տերը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց, և Տերը կործանում է բոլոր մեղավորներին:
Ինչպես Նոյին պահեց տապանով, և Ղովտին: Եվ կործանում է բոլոր մեղավորներին, ինչպես Նոյի ժամանակաշրջանում ջրով [կործանեց], և սոդոմացիներին՝ հրով, նաև աշխարհի վերջում անդարձ մեղավորներին [կործանելու է] գեհենով:
21. Զօրհնութիւնս Տեառն խօսեսցի բերան իմ. օրհնեսցէ ամենայն կենդանի զանուն սուրբ նորա յաւիտեան, և յաւիտեանս յաւիտենից:
Բերանս Տիրոջ օրհնությունը պիտի խոսի, ամեն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա հավիտյանս և հավիտյանս հավիտենից:
Ինչպես որ սաղմոսի սկզբում խոստացավ հավիտյան օրհնել, որովհետև բերանը պետք է օրհնի Աստծուն, որ իրեն բանական ստեղծեց, զատ և ուրիշ անասունի բերանից, և դա իրեն բավարար չի համարում, ուստի և բոլոր կենդանիներին, որոնց թագավորն է, պատվիրում է, որ իր հետ միասին օրհնեն: Յոթանասունից թարգմանության մեջ ամեն մարմին է ասվում, այսինքն՝ բոլորի լրումը. թե՛ անասունների և թե՛ առավել ևս մարդկային մարմինների, որոնց հարության հույս է տվել, որ հավիտյան օրհնեն Աստծուն՝ հոգի դառնալով հոգեղենների հետ և մշտապես նրա փառքն օրհնելով:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում