Թելադրված նորաձևություն
Նմանատիպ
Երբեմն, դիտելով գրավիչ գովազդներ, որտեղ շատ հետաքրքիր կերպով ցուցադրվում են ժամանակակից, ոճային համարվող հագուստներ, ցանկություն է առաջանում ձեռք բերել դրանք և ունենալ զգեստապահարանում: Սակայն ինքներս մեզ երբեք հարց չենք տալիս՝ ի՞նչ տեսք կունենանք՝ այդ հագուստը կրելով, ո՞ւմ կհիացնենք, ի՞նչ կփոխի մեր կյանքում դա: Առաջին հայացքից պարզ և մտածելու տեղիք չտվող հարցեր են, սակայն դրանք կարող են վճռորոշ դեր խաղալ մեր կերպարի ստեղծման հարցում:
Քրիստոնեությունը քարոզում է, որ համեստությունն ու խոնարհությունը լավագույն բնութագրիչներից են մարդու համար: Իսկ մյուս կողմից, ժամանակակից աշխարհը մեզ առաջարկում է գրավիչ և «նորաձև» հագուստ, որը հաճախ հեռու է քարոզվող արժեքներից: Քրիստոնեությունը դեմ չէ ոճային ու ճաշակով հագուստին: Պարզապես կարևոր է սեփական ճաշակը չզոհել ընդհանուր առաջարկին: Իսկ մենք, հաճախ ընկնելով աշխարհի կողմից առաջարկվող հոսքերի մեջ, չենք գիտակցում՝ որն է մեզ համար իրական լավագույն տարբերակը՝ մեր կերպարն ամբողջացնող, հասարակության համար ընկալելի դարձնող: Աշխարհը կարող է առաջարկել ամեն ինչ՝ առաքինությունից մինչև այլասերվածություն: Մեր ճաշակը կարող է մեզ դարձնել յուրահատուկ, իսկ ընդհանուր առաջարկը՝ բոլորի նման: Քրիստոնյան յուրահատուկ անհատականություն է, իսկ յուրահատկությունը պետք է առաջին հերթին արտահայտվի ներքին որակներով ու ճաշակով: Մեր՝ քրիստոնյաներիս խնդիրն է ամեն հարցում հետևել քրիստոնեական արժեքներին և ընտրություն կատարելիս առաջնորդվել դրանցով: Չէ՞ որ հենց դա է, որ մեզ դարձնում է տարբերվող ու ինքնատիպ՝ միաժամանակ չխեղաթյուրելով մեր էությունը:
Ուրեմն՝ փորձենք ամեն հարցում ընտրություն կատարելիս առաջնորդվել սրտի թելադրանքով, մեր իրական արժեքներով, և ոչ թե արհեստական կերպով մեր կյանք ներմուծված, ձևական և անցողիկ միտումներով:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում