Ավելի քան 100 մլն դիտում. BTS-ի նոր տեսահոլովակը դիտումների թվով YouTube-ի պատմության մեջ ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Նմանատիպ
Հարավկորեական BTS խմբի Dynamite անգլալեզու երգի նոր տեսահոլովակը YouTube-ում հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում ռեկորդ է սահմանել, հաղորդում է NME-ն:
Այդ ընթացքում հոլովակը հավաքել է 101,1 մլն դիտում (այժմ ունի գրեթե 180 մլն դիտում)։ Այսպիսով՝ BTS-ին հաջողվել է շրջանցել հարավկորեական Blackpink խմբի How You Like That հիթին, որը հունիսի վերջին 24 ժամում 86,3 մլն դիտում էր ունեցել։
Ինչպես գրում է աղբյուրը, Dynamite-ը YouTube-ի պատմության մեջ առաջին հոլովակն է, որը թողարկման պահից հետո առաջին օրվա ընթացքում ավելի քան հարյուր միլիոն դիտում է ունեցել։
Սա առաջին դեպքը չէ, երբ BTS-ը ռեկորդներ է սահմանում։ Առաջին անգամ նրանք ռեկորդ են սահմանել 2018-ին՝ Idol երգի տեսահոլովակով, որը 24 ժամում 45,9 մլն դիտում էր ունեցել։ Այնուհետև 2019-ին ամերիկացի երգչուհի Հոլզիի հետ նրանց համատեղ ստեղծագործությունը՝ Boy with luv-ը, 74,6 մլն դիտում է հավաքել նույն ժամանակահատվածում։
Գունեղ տեսահոլովակում կատարողներն առանձին-առանձին իրենց պարային ունակություններն են ցուցադրում ննջարանում, ճաշարանում, երաժշտական խանութում, ապա միավորվում են՝ ներկայացնելով ընդհանուր պարային համար։
Հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքը հիշեցնում է այնպիսի հաջող ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբերլեյքի Can’t Stop The Feeling-ը (2016 թվական) և Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական):
Այս սինգլի թողարկման մասին խումբը հայտարարել էր դեռևս հուլիսի վերջին: Մասնակիցները հայտնել էին, որ այն կընդգրկվի իրենց նոր ալբոմում, որը կթողարկվի այս տարվա վերջին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում