Որովհետև Մարդու Որդին եկավ փրկելու կորածը (Մատթեոս 18:11)
Նմանատիպ
Երբեմն, բախվելով կյանքի դժվարություններին և մարտահրավերներին, հարցնում ենք ինքներս մեզ` ինչի՞ համար ենք աշխարհ եկել: Անշուշտ, երբեմն, կորցնելով իմաստը և մեր առաքելությունը կյանքում, հասնում ենք մինչև իսկ ծայրահեղությունների` կարծելով, որ մեր կյանքը նպատակից զուրկ է: Այսպիսով` հեռանում ենք քրիստոնեական մեր առաքելությունից և ընկնում մոլորության մեջ, սակայն միաժամանակ սպասում ենք մեր իսկ փրկությանը:
Քանի որ ստեղծված ենք Աստծո պատկերով ու նմանությամբ, պիտի մեր ճանապարհին էլ ունենանք Միածին Որդուն` որպես օրինակ: Կա հիմնաքարային նշանակության մի արժեք, որն ընտրելն արդեն իսկ ատվածահաճո է և քրիստոնեավայել: Խոսքը սիրո մասին է: Սերն ու հոգատարությունն այլոց հանդեպ այն առաքինություններ են, որոնք պատգամում և ուսուցանում է մեզ Քրիստոս` իր իսկ օրինակով: Այդ օրինակին հետևելով՝ երբեք չենք հեռանա Տեր Աստծուց և ինքներս մեզնից: Այնուամենայնիվ, կրկին սխալվում ենք, հուսահատվում և սպասում փրկությանը:
«Որովհետև Մարդու Որդին եկավ փրկելու կորածը» (Մատթեոս 18:11) ,-այս խոսքերով է Մատթեոս Ավետարանիչը նկարագրում Քրիստոսի առաքելությունը: Ապա շարունակում է. «Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լեռան վրա չի՞ թողնի ու գնա որոնելու մոլորվածին: Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրա վրա ավելի կուրախանա, քան իննսունիննի վրա, որ մոլորված չեն: Այսպես՝ իմ Երկնավոր Հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի»: (Մատթեոս 18:12-14)
Մենք էլ, հաճախ նման ենք այդ մոլորվածին։ Ժամանակ առ ժամանակ հուսահատվելով՝ հեռանում ենք մեր հավատից և Եկեղեցուց: Եվ յուրաքանչյուրս էլ ունենում է օգնության և փրկության կարիք: Հենց այդ փրկության, հոգատարության և սիրո համար էլ աշխարհ է եկել Քրիստոս, ով փրկելով մեզ մեղքերի ճահճից` ոչ թե մեղադրում է մեր մեղավոր ընթացքի համար և նետում մոռացման անդունդը, այլ իր գիրկն է առնում սիրող հոր պես և տուն վերադարձնում՝ ուրախանալով մեզ համար:
Մեզ փրկելու համար պետք է, որ Քրիստոս լսի մեր ձայնը, կանչը, որն արտահայտվում է աղոթքների, ամեն հարցում Նրան ապավինելու միջոցով: Հավատանք, որ լսելով մեզ, մեր աղոթքները, տեսնելով մեր դրությունն ու դրանից դուրս գալու մեր ջանքը, Նա է, որ անպայմանորեն պիտի փրկի մեզ` իր առաքելության համապատասխան, և իր գիրկն առնելով` վերադարձնի տուն: Ուրեմն` հայցենք օգնությունը դժվարին պահերին, քանզի Սուրբ Գրքում գրված է. «Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ» (Ղուկաս 11:9)։
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում