Եկեղեցու դեմ գործողը Աստծու դեմ է գործում

Եկեղեցու դեմ գործողը Աստծու դեմ է գործում

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրային առաքելությունն իրագործելուց հետո առաքյալներին ուղարկեց ողջ աշխարհում Ավետարանը քարոզելու և մկրտելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Ինչպես առաքյալները, այնպես էլ Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ դեպի Աստված տանող նեղ ճանապարհին դժվարությունների և հալածանքների է հանդիպում: Այդ ամենին քաջատեղյակ՝ Քրիստոս աղոթում էր Հայր Աստծուն և ասում. «Արդ, ես աղոթում եմ նրանց համար: Չեմ աղոթում աշխարհի համար, այլ նրանց համար, որոնց Դու տվեցիր Ինձ, որովհետև նրանք Քեզ են պատկանում: Սո՛ւրբ Հայր, անվտա՛նգ պահիր նրանց Քո անվան զորությամբ, որովհետև Քո անունով Ինձ տվեցիր նրանց, որպեսզի լինեն մի, ինչպես Ես ու Դու մի ենք» (Հովհ. 17:9,11): Այնքան մեծ է Տիրոջ ողորմածությունն Իր հետևորդների հանդեպ, որ չի սահմանափակվում միայն մարդկությանը փրկագնելով, այլ Նրա աղոթքն է, որ Իր հետևորդները սիրո, համախոհության և խաղաղության մեջ ապրեն, և Իր ու Հայր Աստծու օրինակի համաձայն՝ հասնեն կատարյալ միության: Քրիստոսի շուրթերից հնչած այս աղոթքը մարդուն Աստծու հետ միավորող մի ոսկե շղթա է:

Մարդու համար չկա միջին ուղի. կա՛մ դեպի Աստված է ձգտում, կա՛մ՝ ոչ՝ հայտնվելով անորոշ ու դժվարին կացության մեջ թե՛ անցավոր և թե՛ հավիտենական կյանքում: Տիրոջ համար էական չէ, թե Իր հետևորդները որ երկրի բնակիչներ են, ինչ սովորություններ և կրթվածության մակարդակ ունեն, Նրա համար կարևոր է, որպեսզի նրանք կարողանան հոգևոր միություն կազմել, դառնալ մեկ Մարմին, որի գլուխը Ինքն է: Այդ միության առաջին աստիճանը կենդանի և պտղաբեր հավատն է, որ իր գործուն սիրով միավորում է բոլորին: Առանց հավատի միության հնարավոր չէ հասնել բարձրագույն միության: Կարևոր է, որ Մարմնի անդամները հնազանդվեն Գլխին, Ով հանուն մարդկության փրկության Իր կյանքը զոհեց:

Քրիստոսի հետ հավատքով միավորվածները փոխադարձ սիրով միավորվում են նաև միմյանց հետ և աստվածահաճո կյանքով ապրում՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Ով ընդունում է Իմ պատվիրաններն ու գործադրում դրանք, նա՛ է, որ սիրում է Ինձ», «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես Ես սիրեցի ձեզ» (Հովհ. 14:21, 15:12): Առանց Քրիստոսի հնարավոր չէ հասնել ճշմարտության և գտնել ճշմարիտ սիրո օրինակ: Ճշմարիտ սերը կարող ենք ճանաչել Աստծու շնորհիվ: Ինչպես եկեղեցու հայրերն են նշում՝ Քրիստոսին հետևելով, բարին ենք գործում, Քրիստոսին սիրելով, սիրում ենք սերը: Քրիստոսով ենք ապրում, աճում և հավիտենության մեջ փառավորվում և անմահություն ձեռք բերում: Ուստի անհրաժեշտ է, որ «ապրենք ճշմարտության համաձայն, սիրով և հետզհետե աճենք Քրիստոսի հետ մեր միության մեջ, որովհետև Նա՛ է գլուխը, որ մարմինն իր բոլոր մասերով ներդաշնակ միասնությամբ կապում է իրար՝ բոլոր հոդերի օգնությամբ» (Եփես. 4:15):

«Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք»,- ասում է Քրիստոս (Հովհ. 13:35): Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ եթե Քրիստոսի աշակերտները հետևեն Փրկչի ուսմունքին, ապա նրանց խոսքն ունկնդրողները նրանց միջոցով կճանաչեն Ուսուցչին, իսկ եթե նրանց միջև անհամաձայնություն լինի, ապա ոչ ոք չի ասի, որ նրանք Քրիստոսի աշակերտներն են:

Քրիստոնյաները Ս. Պատարագին Ս. Հաղորդությամբ Քրիստոսին միավորվելով՝ միավորվում են նաև միմյանց: Պողոս առաքյալն ասում է՝ մենք բոլորս մեկ հաց, մեկ մարմին ենք, որովհետև նույն և միակ հացից ենք ճաշակում (Ա Կորնթ. 10:17), քանի որ Քրիստոս չի կարող բաժանված լինել, ուստի Քրիստոսի մարմինը կոչվում է եկեղեցի, «արդ, դուք թեև առանձին-առանձին անդամներ եք, բայց միասնաբար կազմում եք Քրիստոսի Մարմինը»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 12:27) և հորդորում. «Եղե՛ք միշտ խոնարհ, հեզ ու համբերատար և ցո՛ւյց տվեք ձեր սերը՝ հանդուրժելով միմյանց: Ջանացե՛ք պահել Սուրբ Հոգու շնորհած միությունը խաղաղության շաղկապով» (Եփես. 4:2-4):

Համաշխարհային ջրհեղեղից առաջ մարդիկ ցանկացան միավորվել, բայց առանց Աստծու և Աստծու դեմ: Նրանք, մոռանալով Աստծուն, սկսեցին անբարո կյանքով ապրել: Աստված զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա և մարդկությանը պատժեց ջրհեղեղով: Փրկվեցին միայն արդար Նոյն ու նրա ընտանիքը: Բայց ջրհեղեղից հետո էլ մարդիկ շարունակեցին մեղանչել և որոշեցին մինչև երկինք հասնող աշտարակ կառուցել՝ մարտահրավեր նետելով Աստծուն: Նրանք լսել էին, որ շուտով իրենք տարածվելու են ողջ աշխարհում և որոշեցին աշտարակի շուրջը միավորվել: Բայց Տերը քանդեց նրանց ծրագրերը, խառնեց նրանց լեզուները, որպեսզի նրանք միմյանց չհասկանան և ստիպված լինել բաժանվել՝ կիսակառույց թողնելով աշտարակը (Ծննդ. 11): Իսկ ահա Հոգեգալստյան տոնի օրը Աստված առաքյալներին տարբեր լեզուներ շնորհեց, որպեսզի տարբեր երկրների ժողովուրդները ներկայանան՝ որպես Քրիստոսի Սուրբ եկեղեցին: Բաբելոնի աշտարակի շուրջը մարդկանց միավորումը դեմ էր Աստծուն և վաղ թե ուշ դատապարտված էր կործանման՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Ամեն տունկ, որ Իմ Երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի լինի» (Մատթ. 15:13):

Ինչպես դարերի ընթացքում, այնպես էլ այսօր կան մարդիկ, որ, ցավոք, մերժում են ճշմարիտ միությունը և հրաժարվում Քրիստոսի Մարմնին՝ եկեղեցուն, անդամակցելուց: Ըստ եկեղեցու հայրերի՝ այդ միությունից դուրս գործողները մահացու պտուղներ են տալիս, քանի որ եթե նրանք խաչի ճյուղերը լինեին, ապա նրանց պտուղներն անապակ կլինեին, քանի որ Գլուխը չի կարող ծնվել առանց մարմնի, և Աստված է խոստանում այն միությունը, որը հենց Ինքն է: «Աստծու սերը չունի նա, ով չի սիրում եկեղեցու միությունը. իզուր է նա ասում, թե ունի Քրիստոսի սերը: Սերը կարող է պահպանվել միայն եկեղեցու հետ միությամբ, որովհետև Սուրբ Հոգին կենդանացնում է միայն եկեղեցու Մարմինը: Եկեղեցուց անջատվելու որևէ օրինական և բավարար պատճառ չի կարող լինել. ով անջատվել է եկեղեցուց, նա Սուրբ Հոգին չունի, ինչպես մարմնից հատված անդամը կյանքի շունչ չունի, թեպետև որոշ ժամանակ պահպանում է իր նախկին տեսքը»,- ասել է Օգոստինոս Երանելին:

Չկա և չի կարող լինել առավել զորեղ միություն, քան Քրիստոսի եկեղեցին, որ բոլոր ժամանակաշրջաններում քրիստոնյա ազգերի կյանքում անպառակտելի և ամենահուսալի միությունն է եղել ու կա: Նա, ով դուրս կգա եկեղեցու դեմ և կբաժանվի նրանից, Աստծու դեմ կգործի, իսկ նա, ով՝ որպես Քրիստոսի Մարմնի անդամ, իր ներկայությամբ կզորացնի Քրիստոսի եկեղեցին, Տիրոջը գործակից կդառնա:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում