«Ոչ ոքի չվիրավորելու համար» Ֆրանսիայում փոխել են Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սևամորթները» դետեկտիվ վեպի անվանումը

«Ոչ ոքի չվիրավորելու համար» Ֆրանսիայում փոխել են Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սևամորթները» դետեկտիվ վեպի անվանումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սևամորթները» դետեկտիվ վեպի անվանումը փոփոխության է ենթարկվել. այժմ Ֆրանսիայում գիրքը կվաճառվի «Նրանք տասն էին» վերնագրով: Այս մասին հայտնել է գրողի ժառանգ Ջեյմս Պրիչարդը, RTL ռադիոկայանին հղումով գրում է ria.ru-ն:

«Գիրքը գրելու ժամանակ լեզուն այլ է եղել և օգտագործվել են բառեր, որոնք այսօր մոռացված են։ Պատմությունը հիմնված է հայտնի առակի վրա, որն Ագաթա Քրիստին չի գրել։ Ես գրեթե համոզված եմ, որ բնօրինակի անվանումը երբեք չի օգտագործվել ԱՄՆ-ում։ Մեծ Բրիտանիայում այն փոխել են 1980-ականներին, և այսօր մենք այն փոխում ենք ամբողջ աշխարհում»,- ասել է Պրիչարդը։

Նա վստահեցրել է, որ Ագաթա Քրիստիին «դուր չէր գա, եթե իր շարադրանքով վիրավորեր ինչ-որ մեկին»։

«Մենք չպետք է օգտագործենք տերմիններ, որոնք կարող են վիրավորել ինչ-որ մեկին, այդպես պետք է վարվել 2020 թվականին»,- հավելել է Քրիստիի ժառանգը:

Գրքում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում Սևամորթների կղզում, որտեղ գտնվում է 10 մարդ: Սյուժեի զարգացմանը զուգընթաց՝ նրանք մեկը մյուսի հետևից սպանվում են, իսկ յուրաքանչյուրի մահվան հետ անհետանում է նաև փոքրիկ սևամորթների ճենապակյա արձանիկներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում