Ո՞րն է ամուր ընտանիք ունենալու ձեր բանաձևը
Նմանատիպ
Ընտանիք ստեղծելը և այն շատ ամուր հիմքերի վրա դնելը բարդ ու պատասխանատու աշխատանք է։ Մեր պատկերացրած ընտանիքներում յուրաքանչյուրն ունի իր դերը և կարևորությունը։ Սակայն ընտանիքում հատուկ ընդգծվում է մոր դերը. ո՞վ է մայրն ընտանիքում:
Չկա ավելի ազնիվ աշխատանք, քան բարի և աստվածավախ մոր աշխատանքը: Չկա աշխարհում ավելի լավ զգացողություն, երբ մայրդ ներկա է քո կյանքում։ Վստահությունը, որ նա միշտ քո կողքին է՝ անգամ ամենադժվարին ու պատասխանատու պահերին, ստիպում է ոչինչի առաջ կանգ չառնել։ Գիտեք, մայրական սերը միշտ նմանեցնում եմ քրիստոսանման սիրուն՝ անմնացորդ ու առանց պայմանների։
Քրիստոնեական ընտանիքներում մայրերի ու հայրերի դերն անգնահատելի է, քանզի նրանց շնորհիվ է, որ դառնում ենք բարոյական արժեքների կրող ու փոխանցող։
Աստված հաստատել է, որ ընտանիքներում հայրերը պետք է լինեն տան գլուխը և բոլոր հարցերում ունենան վճռորոշ դիրքորոշում: Հայրերը պետք է ապահովեն, սիրեն, ուսուցանեն և ուղղորդեն: Մոր դերը նույնպես Աստծուց է կարգված: Մայրերը պետք է զավակներ ունենան, սնուցեն, սիրեն և սովորեցնեն: Հենց այսպես ենք բոլորս պատկերացնում ու ստեղծում մեր ընտանիքները։ Ծնողները միասին պետք է ստեղծեն մի տուն, որտեղ երեխաները կկարողանան աճել, զարգանալ, իրենց զգալ երջանիկ ու ապահով։
Աստված ծնողներին պատասխանատու է համարում ընտանիքը խնամելու գործում, իսկ Եկեղեցին ուսուցանում է, որ ամեն ինչ պետք է կենտրոնացած լինի ընտանիքի մեջ և ընտանիքի շուրջ, քանզի ընտանեկան կյանքի պահպանումը ժամանակի և հավերժության մեջ ավելի բարձր դիրք ունի, քան բոլոր մյուս հետաքրքրությունները:
Պահեք ձեր ընտանիքներն ուժեղ ու, կարևորը, արժանի Տիրոջ օրհնություններին:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում