«Մենք խնդիր ունենք. մեզ մոտ, ցավոք սրտի, ամեն ինչ անձնավորվում է»․ Արմեն Սարգսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, 168.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 26-ին հանդիպել է Հայաստանի մի շարք մշակութային հաստատությունների ղեկավարների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը , Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, որը միաժամանակ նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Գ․ Գյուրջիևի անվան ժողնվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Իսկենյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։
Հանդիպման մասնակիցները նշել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում, երբ մշակութային կյանքը հարկադրված դադարի մեջ է, իրենք ձգտում են ճկուն լինել և լուծումներ գտնել: Թատրոններն ու նվագախմբերն իրականացրել են առցանց հեռարձակումներ ու ներկայացումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ ձգտելով պահել կապը հանդիսատեսի հետ: Որոշներն սկսել են բացօթյա ներկայացումներ, բայց ոչ բոլոր թատրոններն ունեն դրա հնարավորությունը։ Նշելով, որ թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ հաղորդակցմամբ՝ թատրոնների ղեկավարները կարևորել են այս իրավիճակում իրենց գործունեության համար հստակ չափորոշիչների մշակումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ «կորոնավիրուսի պատճառով դժվարությունների առջև հայտնված, այսպես ասած «նյութական ոլորտների» կողքին, շատ էական ու կարևոր է մշակույթը, որովհետև իր ողջ բացասական էությամբ և վերջին ամիսների պատմությամբ կորոնավիրուսի հետ կապված պայքարը նաև մի շատ էական եզրակացության հանգեցրեց՝ որ միայն հացով չենք ապրում։ Այսօր շատ մարդիկ իսկապես ինչ-որ դեպրեսիվ, բացասական զգացումներ ունեն, որովհետև իրենց կյանքից մի շատ կարևոր մաս կորել է։ Այդ կորած մասը կապված է իրական մշակույթի հետ։ Իհարկե, կա վիրտուալ մշակույթը․ կարող ես հեռուստացույցը միացնել կամ համակարգչով ինչ-որ բաներ դիտել, վիրտուալ համերգներ են կազմակերպվում։ Այդուհանդերձ, դա նույնը չէ, ինչ կենդանի կատարումը, շփումը։ Սա մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար»։ Նախագահն ասել է, որ շատ դեպքերում մարդիկ նյութական դժվարությունները հաղթահարելու են, բայց եթե մշակութային կյանքը սահմանափակվի կամ գոյություն չունենա, համարյա անհնար է լինելու ապրել։ «Ես հաճախ հիշում եմ 1990-ականների սկիզբը,- նշել է նախագահ Սարգսյանը։- Եվ մութ էր, և ցուրտ էր, պատերազմ էր, շատ դժվար էր։ Սակայն հիշում եմ, որ մարդկանց մի մեծ մասը իր եռանդը, ավյունը չէր կորցնում, վերաբերմունքը չէր փոխում կյանքի նկատմամբ, որովհետև հույս կար, մարդիկ ապրում էին հույսով, այցելում էին համերգասրահներ, վստահ էին, որ հաղթահարելու են դժվարությունները»:
Ինչպես կարող է նախագահական ինտիտուտը և նախագահն օգտակար լինել, օգնել այսօրվա դժվարին պայմաններում։ Հանդիպման մասնակիցներին համագործակցության ակնկալիքով այս հարցադրումն ուղղելով՝ Հանրապետության նախագահը մշակութային հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ժամանակավորապես օգտագործել նախագահական նստավայրի շենքի և բացօթյա տարածքի հնարավորություններն իրենց ծրագրերի իրականացման համար:
Բաց և անմիջական զրույց է ծավալվել մշակութային հաստատությունների առջև ծառացած խնդիրների, մշակութային քաղաքականության, մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն շուրջ: Արձագանքելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք խնդիր ունենք. մեզ մոտ, ցավոք սրտի, ամեն ինչ անձնավորվում է: Շատ հաճախ պետական բարձր պաշտոն ունեցող մարդը կարծում է, թե ժառանգություն է ստացել այդ պաշտոնը, հետևաբար, մեկնաբանում է և գործում է ըստ դրա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ անձնավորված իրավիճակից անցնենք համակարգի, ինստիտուտների: Բոլոր ոլորտներում ինստիտուտների ստեղծումը շատ էական է մեզ համար՝ կրթությունից, ակադեմիայից, արդյունաբերությունից սկսած:
Անձնավորելու հետ մեկտեղ կա նաև մեկ այլ դրույթ մեր հանրության, մեր մշակույթի մեջ, որից պետք է ազատվել, և դա շատ էական է: Այն կոչվում է ձևացնել: Մենք շատ բաներ ձևացնում ենք, թե ունենք, որ իրականում չունենք: Հետևաբար, մեր գործունեության շատ ոլորտներում կարիք ունենք աուդիտի, այսինքն՝ վերագնահատման, թե իրականում ինչ ունենք, որպեսզի կարողանանք դրանից հետո հաջորդ քայլերն անել»:
Խոսելով պետության կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Ես կողմնակից եմ, որ պետությունն իր հնարավորությունների սահմաններում ավելին անի: Մենք այն իրավիճակում չենք, որ դուք առանձին կարողանաք գոյատևել: Գնահատենք, ինչ անում է պետությունը և նաև ամեն ինչ անենք, որպեսզի պետական ֆինանսավորումը շարունակվի և աճի, որովհետև անցումային շրջանում ենք: Մենք մշակույթի համար բարեգործություն անելու մշակույթ չունենք: Առանձին բարերարներ կան, սակայն այդ ինստիտուտի համար չունենք օրենքով հաստատված մեխանիզմներ: Շատ էական է, որ մենք եռանդ, ուժ, ժամանակ ներդնենք այս երկրորդ բաղադրիչը զարգացնելու համար: Մոդելները շատ են, և մենք ճանապարհ ունենք անցնելու: Ես պատրաստ եմ ձեզ աջակցել՝ պայմանով, որ դուք էլ ինձ աջակցեք, որպեսզի կարողանանք որոշակի բաներ փոխել»:
Ամփոփելով՝ Հանրապետության նախագահը դարձյալ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: «Բոլորս էլ ընդհանուր խնդիրներ, դժվարություններ ունենք. ես առաջարկում եմ՝ եկեք փորձենք համագործակցել: Ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել նաև մեր մշակույթի մեջ, և եթե կարողանամ, միայն ուրախ կլինեմ»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում