«Գյումրու օր» տոնակատարության շրջանակում շահագործման կհանձնվի երեք կրթամշակութային կենտրոն
Նմանատիպ
ԳՅՈՒՄՐԻ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու օր» տոնակատարության շրջանակում՝ սեպտեմբերի 5-ին, քաղաքապետարանի շենքում, շահագործման կհանձնվի կրթամշակութային 3 կենտրոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շինությունները տեղակայված են Գյումրու համայնքապետարանի վարչական կառույցի նկուղային հատվածում:
Տարածքը հիմնանորոգվել է Գյումրու համայնքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակմ: Շենքի տվյալ հատվածում գործելու են Գյումրու պատմության թանգարանը, Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը և Գյումրու համայնքային ցուցասրահը:
«Գյումրու օր» միջոցառման շրջանակում կատարելու ենք այս երեք խիստ կարևոր կառույցների բացումը և ազդարարելու ենք, որ այսուհետ այս կառույցները պատրաստ են ընդունելու գյումրեցիներին և Գյումրու բոլոր հյուրերին»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Ցուցասրահում հենց առաջին ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերի 5-ին՝ կանադահայ նկարիչ Գևորգ Կասաբյանի անհատական ցուցահանդեսով:
Մյուս կառույցը՝ Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը, արդեն իսկ տեղավորվել է շինությունում: Քաղաքային գրադարանը տեղափոխելու պատճառը նախկին շենքի վթարային վիճակն է եղել: Գրքերը գրադարակներին են, սպասվում է նոր գրականության համալրում, իսկ ընթերցողների համար գրադարանը բաց կլինի սեպտեմբերի 5-ից հետո:
Գյումրու պատմության թանգարանի հատվածում դեռ անելիքներ շատ կան: Ցուցանմուշների տեղադրման աշխատանքներին զուգահեռ որոշ սենյակներում դեռ շինարարական եռուզեռ է:
Թանգարանում ցուցադրվելու են Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանում պահվող ցուցանմուշները, որոնց մի մասը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ժամանակավոր պահպանության էին հանձնվել ՀՀ մի շարք թանգարանների:
Արմենուհի Մխոյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում