Թումանյանն ու հեղինակային իրավունքը

Թումանյանն ու հեղինակային իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: «Ռուսաց արդարադատության մինիստրը հեղինակի իրավունքի մասին նախագիծ ներկայացրեց Պետական Դումային` առաջարկելով, թե ռուսական, թե օտար հեղինակների իրավունքը տարածել եւ արտասահմանյան տպագրությունների վրա». Հովհաննես Թումանյան

1892-1921թթ. ժամանակահատվածում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հրապարակախոսական, քննադատական հոդվածները տպագրվում էին ժամանակի մամուլում: Այդ հոդվածները մամուլի մասին էին, դպրոցաշինության, կրթական բարեփոխումների, հոգեւորականների, ուսուցիչների, նրանց վարքաբանության, հոդվածներ, որոնց հիմքում այս կամ իրավունքի պաշտպանությունն էր, դրանց ուղղակի հարգումը:

Այս շրջանի որոշ հոդվածներ առնչվել են հեղինակային իրավունքներին, խախտումներին:

«Հաճախ են ինձ դիմում այնպիսի հարցերվ ու գործերով, որ վերաբերում են Հարություն կամ Արշակ Թումանյաններին: Անշուշտ, այս շփոթությունը առաջանում է այն հանգամանքից, որ երեքս էլ նույն ազգանունով ոտանավոր ենք գրում: Եվ շփոթում են ոչ միայն մասնավոր մարդիկ, այլ նաեւ մամուլը, ինչպես պատահել է մի քանի անգամ, թե այստեղ Կովկասում, թե արտասահման: …Կան մի տեսակ շփոթողներ էլ, որ ինձ շփոթում են ոչ թե ուրիշների, այլ իրանց հետ: Սա էլ մեր դասագիրք գրողներն են: Վերցում են իմ ոտանավորը, փոփոխում են ինչպես քեֆներն է տալի, եւ դարձյալ իմ անունով, տպում իրենց դասագրքերում, իբրեւ թե ես այդպես եմ գրել»,-գրել է բանաստեղծը 1904թ. նոյեմբերի 27-ի «Նամակ խմբագրությանը» -ում: Բանաստեղծն այնքան զայրացած է եղել, որ արգելել է առանց իր համաձայնության տպագրել դրանք դասագրքերում:

Դասագիրք կազմող Տեր Ղեւոնդյանը «Մշակում» պատասխանել էր բանաստեղծին, ասելով, թե դասագրքում «Շունն ու կատուն» «մի մազաչափ անգամ չի վնասել` միայն ավելորդ տողերն է դուրս ձգել, վանկերն է շտկել եւ ռամկական բառերն ու ոճերն է փոփոխել»: Թումանյանի հետ հանդիպել են, եւ այդ պարոնն ասել էր. «Նա հայտնեց, որ այդպես է վարվում առհասարակ եւ ուրիշ օրինակներ էլ բերեց, թե ինչպես է ուրիշներն էլ «սիրունացրել»:

Թումանյանը բերում է տասնյակ խախտումներ, այդ «սիրունացումից». նրա` Քեռի Քուչին ծանր ու մեծը դարձել էր` Քեռի Քուչին քայլերը մեծ… Փող եմ տվել, շուտով կարի, Թե չէ` ասա էգուց արի…-ն հանել էր: Ու երբ հեղինակը պաշտպանել էր իր` հեղինակային իրավունքը, պարոնն ասել էր. «Պարոն Հովհաննես Թումանյանի հրամանը ես ինձ համար պարտավորեցուցիչ չեմ համարում, դասագիրք կազմողների արտոնությունները պարոնի կարծածից շատ ավելի ընդարձակ են»:

Թումանյանը նկատել էր. «…ինքն ավելի է ստանում իր անշնորհքության համար, քան հայ գրողը իր շնորհքի համար»:

1910թ.-ին գրված «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ ամերիկանսկայա» հոդվածից տեղեկանում ենք, որ այս անգամ էլ Թումանյանին հարկ է եղել պաշտպանել այս ստեղծագործությունը. «Մտածեցի, թե արմյանսկայա բառն է, որ տպագրական սխալով դարձել է ամերիկանսկայա»: Հետագայում Ռոմանոս Մելիքյանի միջոցով տեղեկանում է, որ հրատարակիչներն են այդպես արել, ստացվել է, որ այդ գլուխգործոցի հեղինակը հայ չէ, Թումանյանը չէ:

1910թ.-ի «Անարդար որոշում» հրապարակմամբ Թումանյանը բարձրաձայնել էր եւ դատապարտել Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության խմբ. մասնաժողովի որոշումը: Մասնավորապես ասված էր. «Հրատարակչական ընկերություններն ու նրանց մասնաժողովները պետք է ճանաչեն ու հարգեն հեղինակի ամեն տեսակի ազատությունը, նրա հետ եւ ուղղագրական, եթե այդ պահանջում է նա: Խոսքը, իհարկե, ընդունված ուղղագրությունների մասին է: Հրատ. ընկերությունները հեղինակից վճարով գնում են նրա գրվածքի տպագրության եւ վաճառման իրավունքը, իսկ գրելու ձեւը, ոճը, կետադրությունը մնում են հեղինակի անվաճառելի սեփականությունը: Եթե մի որեւէ փոփոխություն մտցնելու է դրանց մեջ-միմիայն հեղինակի համաձայնությամբ»:

Ավելի ցնցող է նույն թվականին տպագրած «Բարոյական օրենք» հոդվածը, երբ խոսք էր գնացել Պալասանյան հեղինակի գործի հափշտակության մասին: «Մի երեք տարի առաջ ռուսաց արդարադատության մինիստրը հեղինակի իրավունքի մասին նախագիծ ներկայացրեց Պետական Դումային` առաջարկելով, թե ռուսական, թե օտար հեղինակների իրավունքը տարածել եւ արտասահմանյան տպագրությունների վրա: Ս.Պ.-Բուրգի ռուսաց գրական ընկերությունն էլ տվեց իր հավանությունը, բայց առաջարկը տակավին մնում է առաջարկ, եւ ինչպես մենք արտասահմանցիներին, այնպես էլ արտասահմանցիք մեզ, թեկուզ եղբայրներ, կարող են թալանել, ինչքան ուզենանք: Գործը մնում է մարդու խղճմտանքին ու ամոթին, ուրիշ խոսքով` բարոյական օրենքին»:

Թումանյանը բարձրաձայնում է տարբեր երկրներում բնակվող մեր հայ հեղինակների իրավունքների պաշտպանության մասին, Թուրքիայում, Պարսկաստանում, Ամերիկայում բնակվող: Նա իրազեկ էր. «Թուրք օրենքներն այդ մասին արգելք չեն դրած…», իսկ որպես օրինակ բերված Ռուսաստանի օրենքից այս հատվածն ավելի քան խոսուն է. «Հեղինակի մասին ռուսական օրենքն ասում է. «Օրենքը Ռուսաստանում ընդունում է հեղիակի իրավունքը միայն Ռուսաստանի սահմաններում տպված գրքերի վրա: Արտասահմանում տպված գրքերի արտատպությունը տիրող օրենքով ճանաչվում է միանգամայն օրինավոր»:

Թումանյանը չլռեց, երբ իր հոգեւոր ընկեր Ղազարոս Աղայանի «Անահիտ»-ը Լեւոն Մանվելյան մեկը հայտարարել էր, թե վերցված է Թաղիադյանի «Վեպ Վարսենկան» գրվածքից: Իր հերթին Աղայանը հայտնել էր, որ Թաղիադյանն է իր վեպը վերցրել իտալական հեղինակից: Եվ այս ամենը այն դեպքում, երբ Աղայանն իր առաջին հրատարակության մեջ աղբյուրը հայտնել էր` «Հին զրույց… Ազգային բանավոր զրույցներից առած»:

Թումանյանն իր` «Հեղինակի իրավունքը» հրապարակմամբ նշում է, որ իրեն են դիմում մեր գրողներից շատերը՝ խնդրելով պաշտպանել իրենց գրական սեփականության շահերն ու իրավունքը: Թումանյանն ասում է, որ փոխարեն իրեն դիմեն, թող դիմեն Հայ գրողների ընկերությանը, որն իր կոչումով ու կանոնադրությամբ պարտավոր է պաշտպանել հայ հեղինակի իրավունքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում