Վահագն Մուղնեցյան. Ուղեմոլորներ
Նմանատիպ
Առաջնորդները նահատակվեցի՞ն, թե՞ թաքնվեցին
Մթին այրերում, ինչպես գաղտնիքն են աստվածանվեր
Պարփակում իրենց լույս – հոգիներում՝
Մարդկանց թողնելով բռնի, անկշտում,
Չար ու սադրական ուժի դեմ մոլոր –
Ուղին կորցրած ուխտավորների քարավան որպես,
Որ ուժակորույս հայացքները հեգ հառել են հողին՝
Ջերմ – աղոթավոր աչքերի տեղակ՝
Նրանցից ելնող փոշու ամպերն են ձգտում դեպի վեր…
Սա շնչողների մի նոր տեսակ է արդեն մեզանում,
Որ դեսուդեն է քշվում անտերունչ,
Որ անբովանդակ ստվերների պես
Լույսից ծնվում է, խավարում՝ մեռնում:
Անգամ բնության ապշած ուսերին
Հիասթափության թիկնոցն է իջնում՝
Ծառ ու ծաղկունքի զվարթությունն է մարմրում վհատ,
Եվ ջրերին է փարում ապշանքի շղարշը գունատ:
Մի՞թե խեղճացան արժանապատիվ մարտնչողների
Կոհորտաները ազատաբնակ,
Թե՞ դեռ չեն ուզում արթնանալ – գժվել
Այս լեթարգիական քնից անփարատ…
Մարդկային միտքը իր ազատածուփ բաղձանքից անդին
Եվ ընկերության հավատարմական հրճվանքից բացի
Ի՞նչ ուրիշ բուրմունք պիտի ճաշակի, որ շա՜տ գոհանա –
Այս կարճ ընթացքում, որ կոչվում է կյանք:
Ե՞րբ էր բանական արարածն այսչափ դարձել անճարակ,
Այս ո՞նց կարկամեց ոգեղեն հուրը նրանց սրտերում…
Երկինքը արդեն մերժել է նրանց,
Իսկ երկիրն արդեն իր կարեկցանքի գավաթն է պարպում:
21.06.2020թ.
Երևան
«Ընտրանի» ժողովածու