«Մեծատունը և աղքատ Ղազարոսը» առակի պատկերագրությունը
Նմանատիպ
Մեծատունը և աղքատ Ղազարոսը» նկարի սյուժեն հիմնվում է Ղուկասի Ավետարանում շարադրված հարուստի և աղքատ Ղազարոսի պատմության վրա (Ղուկաս 16:19-31):
Մատենադարանի № 7651 ավետարանում «Մեծատունը և աղքատ Ղազարոսը» նկարը բաժանված է երկու մասի: Ձախում ծալապատիկ նստած մեծատունը արբում է իր ծառայի հետ, աջում՝ կիսամերկ նստած է աղքատ Ղազարոսը, և շունը լիզում է նրա վերքերը: Այս նկարը համեմատվել է, այսպես կոչված, Հայնրիխ III-ի ոսկե ավետարանագրքի (Cod, Aureus Escor., Madrid, 1043/46) «Հարուստը և աղքատ Ղազարոսը» առակի պատկերի հետ: Վերջինս ներկայացված է երեք գոտիով, որոնցից վերևինը թեմայով համապատասխանում է № 7651 ավետարանի նկարին, միայն պերսոնաժների թիվն ավելի մեծ է: «Ոսկե ավետարանագրքի» նկարում, ինչպես № 7651 ավետարանում, տեսարանը բաժանված է երկու մասի, ըստ որում ինտերիերը, որտեղ մեծատունը խրախճանք է անում, երկու կողմից փակվում է շինության սխեմատիկ ճակատներով: Այստեղ հարուստը ծառայի միջոցով շեմքից հեռացնում է Ղազարոսին (կենցաղային մի պահ, որ ներկայացված է սխեմատիկ ձևով): № 7651 ավետարանի նկարում ինտերիերը և էքստերիերը չեն տրված. դրանք պետք է պատկերացնի դիտողը (հարուստը խնջույք է անում ծառայի հետ ներսում, իսկ Ղազարոսը սովահար նստած է դրսում): Պարզապես մեծատունն ու իր ծառան երկու կողմից փակված են աշտարակաձև շինություններով, որոնք հիշեցնում են բյուզանդական նույնատիպ սխեմաներով շինություններ (Ֆլորենցիայի Laur. VI, 23 ձեռագրում): Աղքատ Ղազարոսը մի պարեգոտով փաթաթված նստած է շեմի առաջ: Նկարում Սարգիս Պիծակը հանել է կենցաղային պահը (ծառան շեմից քշում է մուրացող Ղազարոսին): Դրա փոխարեն նա ծառային նստեցրել է ծալապատիկ՝ արևելյան սովորույթով, ցուցադրաբար բարձրացրած գինու գավաթներով (վայելում են այս կյանքը): Իսկ Ղազարոսի տառապանքը երևում է նրանից, որ նախ կիսամերկ է, ապա գլխով կռթնել է ափին (իր վիճակը ողբալու կեցվածք), վերջապես շունը լիզում է ոտքերի վերքերը: Արևելյան կեցվածքներով օժտելով պերսոնաժներին՝ Պիծակը ավելի շեշտել է առակի սիմվոլիկ կողմը: Նա նույնիսկ չի նկարել Ղազարոսի վերքերը (որ նկարված են Հայնրիխ III-ի ոսկե ավետարանագրքում):
Հեթում Բ արքայի Ճաշոցի լուսանցանկարներից մեկում պատկերված է պահքի չորրորդ կիրակին ընթերցվող Ղուկասի ավետարանի այն հատվածը, որտեղ աղքատ Ղազարոսը մահից հետո հրեշտակների կողմից բերվել է Աբրահամի գոգը (այսինքն դրախտ), իսկ հարուստը դժոխք է ընկել: Մանրանկարում դժոխքը պատկերված է հրեշի տեսքով, որի երախից դուրս է ցցված հարուստի մերկ կերպարանքի վերևի մասը. նա ցույց է տալիս իր լեզուն՝ խնդրելով այն թրջել ջրով: Այդ պատկերի վերևում բուսազարդ շրջանակի մեջ ոսկու ֆոնին կիսանդրիով ներկայացված են Աբրահամը և Ղազարոսը՝ որպես պատանի:
Աղքատ Ղազարոսի առակի հիմքում է ընկած «Աբրահամը և Աստվածածինը Եդեմի այգում» պատկերը: Այս տեսարանն ընդգրկված է 1332 թվականի ավետարանի (Սուրխաթ, գրիչ՝ Գրիգոր Սուքիասանց, Երևան, Մատենադարան, № 7664) նկարազարդման մեջ: Այս ավետարանում բազմաթիվ մանրանկարներ կան, որոնք, սակայն, լավ չեն պահպանվել: Պատճառներից մեկը, ինչպես նշել է Լ. Դուռնովոն, այն է, որ մանրանկարները կատարված են տեմպերայով՝ թղթի վրա: Սպիտակախառը գույները, դեմքերը և նրանց մշակումը, հագուստների ծալքերի սահուն անցումները ենթադրել են տալիս, որ նկարիչը ծանոթ է եղել Բալկաններում գտնվող վանքերի որմնանկարչական գեղանկարչությանը, որոնք արտացոլել են պալեոլոգյան շրջանի բյուզանդական ոճը: Այս մասին են վկայում նաև նկարչի ստեղծագործությանն անդրադարձած արվեստաբանները: Էմմա Կորխմազյանը ենթադրում է, որ վերոհիշյալ ավետարանի նախօրինակը կարող էր լինել հունական մի ձեռագիր: Մատյանն ուշագրավ է տերունական պատկերների ընդարձակ շարքով (78 տեսարան), այդ թվում ընդգրկված են այնպիսինները, որոնք հազվադեպ են հանդիպում, օրինակ՝ «Քրիստոս հանդարտեցնում է հողմը», «Մարդահամար», «Ս. Կույսի ծնունդը» և «Աբրահամը և Աստվածածինը Եդեմի այգում» մանրանկարները:
«Աբրահամը և Աստվածածինը Եդեմի այգում» մանրանկարը եզակի պատկերներից է, սյուժեի հիմքում ընկած է հարուստի սեղանի փշրանքներով կերակրվող ու զրկանքներով ապրող աղքատ Ղազարոսի մասին առակը, որի մահից հետո նրա հոգին հրեշտակները տանում են «Աբրահամի գիրկը» (դրախտի այլաբանական անվանումը): Մանրանկարում դրախտային այգին ներկայացված է կանաչ, սաղարթախիտ ծառերով, որոնց տակ՝ իրար կողքի դրված գահավորակներին, աջից բազմել է Աբրահամը՝ գոգին պատանու տեսքով պատկերված Ղազարոսի հոգին, ձախից՝ ձեռքերը աղոթողի դիրքով կրծքի վրա բռնած (ափերը դուրս՝ հնավանդ ձև) Աստվածածինը: Աստվածամոր և Աբրահամի կերպարանքները աչքի են ընկնում դեմքերի, ձեռքերի կատարման նրբությամբ, կերպարների ներշնչվածությամբ և, չնայած իրենց փոքր չափերին, նաև մոնումենտալությամբ: Հորինվածքի ավանդական պատկերագրությունը դրսևորվում է նրանց՝ սրբապատկերին բնորոշ ճակատային դիրքի և մոնումենտալ, հանդիսավոր կեցվածքի, խորհրդանշական առարկաների (ծառ, գահ, մութաքա), արտահայտիչ դեմքերի և հագուստների ծավալային մշակման միջոցով: Միաժամանակ առկա է գեղանկարչական նոր ձևերի որոնումների միտում, որի շնորհիվ այս ձեռագիրն Էմմա Կորխմազյանը ևս դասում է պալեոլոգյան շրջանի լավագույն հուշարձանների շարքին:
Կազմեց Գայանե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում