Մալաքյան եղբայրները ձերբակալվել են. Քննչական կոմիտե
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Էդգար և Գոռ Մալաքյանները ձերբակալվել են երեկ Կասկադում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին ArmSport-ին հայտնեցին քննչական կոմիտեից:
«Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. Վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Գոռ և Էդգար Մալաքյանները հանդիսանում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ: Գոռը հանդես է գալիս «Փյունիկում», իսկ Էդգարը այս ամառ Գյումրիի «Շիրակից» տեղափոխվել է Երևանի «Արարատ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում