«Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի և ընկերների բացօթյա համերգը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում օգոստոսի 30-ին կայացել է Ջիվան Գասպարյան կրտսերի և ընկերների համերգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյի ընթացքում հնչել են Ջիվան Գասպարյանի ինչպես հին և սիրված ստեղծագործությունները, այնպես էլ՝ նոր մշակումներ։
Համերգային երեկոն ամբողջացրին կիթառահար, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, բաս կիթառահար Հովհաննես Նալբանդյանը, հարվածային գործիքներ՝ Հակոբ Օրդակյան։
Համերգին հաջորդել է արդեն ավանդական դարձած կինոդիտում-քննարկումը: Ֆիլմերի բացօթյա ցուցադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 1-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:
Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավելի հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: Ֆրեսկոյի հանդիսավոր բացման արարողությունը կայացել է սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա համերգով, այնուհետև համերգին հաջորդել են միջազգային ֆիլմերի դիտումները:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում