Միսաք Մեծարենց. Ձեռքերը
Նմանատիպ
Ծովեզերքի պատշգամին վրա նստած, լուսաբաղձիկ մանուկի հափշտակություններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լույսերուն մեկնիլը կը դիտեի ամեն իրիկուն:
Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր՝ թափանցիկ, լուսեղեն ձեռքեր՝ կանրջագծվեին:
Երանգներու և լույսերու համեցումին մեջ քիչ մըն ալ դեռ ձեռքերը ցոլարձակ կը մնային հոն, ու երբ մութին հոծ ծուխը կ’իջներ ու կը շրջագծեր զանոնք, ձեռքերը գլխիվայր դարձած զույգ մը շուշաններու կը փոխվեին, որոշոկի կը շեշտվեին իրենց զանգակի ձևերուն մեջ՝ ոսկեծայր թաղակներով:
Բայց լուսավորներու առաջին ծիծաղին հետ շուշանները կը թոշնեին հանկարծ, կինքնամփոփվեին, հետո երկու բոլորշի կաթնաթույր լույսերու կը փոխարկվեին, հետո կը պզտիկնային, զույգ մը փոսուռաներ՝ զույգ մը արծաթ զանակներ կ’ըլլային ու վերջապես կը խեղդվեին ստվերներու մածնումին մեջ:
Ծովեզերքի պատշգամբին վրա նստած, լուսաբաղձիկ պատանիի հափշտակություններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, տակավին լույսերու մեկնումը կը դիտեի ամեն իրիկուն:
Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր՝ լուսեղեն, թափանցիկ ձեռքեր՝ կ’անրջագծվեին դեռ: Իրիկուն մը, այդ կենսական ձեռքերուն ճերմակ դյութանքին մեջ ընկղմված իրիկուն մը, խռովանքի կոհակ մը անցավ հոգիես, ու հեռավոր ճերմակ ձեռքերուն վրայեն մշշական նրբաթել քողքը փեթըռտեցավ, ինկավ. աչքերս արթնցան անոնց հրաշալի գեղին վրա…
Տեսա, որ ձեռքերը զի՜ս կը կանչեին…
Առաջին րոպեին, հանկարծածին խանդավառությանս մեջ, ուզեցի վազել, վազե՜լ այդ տեսլական ձեռքերու գրգանքին. բայց անհունություն մը կանջրպետեր մեզ. ու խորհեցա այն ատեն բոլոր այն բաներուն վրա՝ զոր պիտի կրնայի երկարաձգել կամուրջի պես՝ մինչև սպիտակ ձեռքերուն կայքը. բայց մտածումս ամեն բան պզտիկ գտավ հոգիիս մեջ…
Մյուս իրիկունը նստա դարձյալ պատշգամին վրա, թաղարներեն ցայտող բույրերուն ողողումին տակ. և սպիտակ ձեռքերը՝ անգամ մըն ալ հորիզոնի լույսերուն մետաքսե վարշամակը թոթվելով ծաղկեցան իրենց անրջական ձյունաթույր, նրբենի մատներուն գրգոտ շարժուձևին մեջ:
Սպիտակ ձեռքերուն այդ շարժուձևը կո՞չն էր արդյոք, աղապատանքի կաթոգին հրավե՞րը, թե դրժումը, դաժան, դաժան դրժումը. չէի հասկնար, ու վարանքը կը պարապնդեր հոգիս:
Եղավ որ, երազի այդ հրեղեն իրիկուններուն մեջ, կոչին կես գիտակցությունով արբեցած, եղավ որ՝ հոգիս սահի երթա մինչև հանդիպակաց ծովափունքը, իրիկվան արևին ջուրին վրա գծած շառայլ ուղիներեն, եղավ որ, վազեմ մինչև կես ճամփան՝ բայց այդ պահերուն ձեռքերը՝ ճիվաղային դժնե տեսիլներու փոխված, հանկարծ կը ցցվեին քարացած, ժխտական շարժուձևով, ու ես ահաբեկ, անսահման զզվանքով տուն կը դառնայի նորեն:
Երբեմն ալ, խաղաղիկ իրիկուններ՝ կը կարծեի լսել ձայն մը համբույրներեն ավելի գգվոտ՝ որ հոգիս կը փայփայեր. երկարաձիգ, մեղեդի սըլվըլյուն մըն էր ան, բուրումնավետ ժապավեն՝ որուն հեշտութենեն ռունգերս կը սարսռային, ու ճիշտ այդ պահուն կը տեսնեի զույգ ձեռքերը՝ որոնք հեշտին ծափի մը մեջ կը համբուրվեին. և հետո կը բոլորվեին անտեսանելի բերնի մը շուրջ. ձայնին ժապավենը դեռ կ’երկարաձգվեր. ու ես արդեն կենսանվաղ…
Այսպես, ծփացի շարք մը իրիկուններ այդ տարուբերումին մեջ, և ալ բնավ, բնա՜վ չտեսա նախկին շուշանները, փոսուռաները, զանակները, ձեռքերը, հիրիկի հեշտալի ձեռքեր միայն կը մնային՝ անփոփոխ իրենց բացխփիկ շարժուձևին մեջ:
Ծովեզերքի պատշգամին վրա նստած, լուսանաղձիկ հափշտակություններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լույսերուն մեկնիլը կը դիտեի ամեն իրիկուն:
Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ՝ զույգ մը լուսեղեն թափանցիկ ձեռքեր կանրջագծվեին: Իրիկուն մը, վերջապես, անշիջանելի ավյունի իրիկուն մը, վարանքին պարապնդումը իսպառ թոթափած, անցա զիս տեսիլքեն բաժնող անջրպետին հորանջումին վրայեն, սուրացի մինչև ծովափունքը, ու վեր, մինչև ձեռքերուն հորիզոնը. ու հոն տեսա, որ երկու լուսեղեն աղջիկներ դյութական պարտեզ մը ցույց կուտային ինձի…
Ծովեզերքի պատուհանին վրա նստած, անհուն թախծանքով, հիմակ ալ լույսերուն մեկնումը կը դիտեմ դեռ, ամեն իրիկուն: Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններուն մեջեն, կը հառիմ լեռնագիծ հորիզոնին բոցին՝ ուր դյութական ճերմակ ձեռքերուն տեսիլքը թոշնեցավ՝ ա՜լ չվերածաղկելու համար…
Եվ ամեն իրիկուն, հոգիիս մեջ՝ հեռավոր ձայն մը կը կանչե պաղատագին.
«Ո՜վ իմ հորիզոնիս վրա շուշանացած ուրվային ձեռքեր, անգա՜մ մը, անգամ մըն ալ գեթ երևցեք ինձի, ո՜վ շուշանե ծաղիկներ, անգա՜մ մը գոնե հիշել տվեք ձեր վաղնջուց լռություններուն երգը մոռցված, ո՜վ լուսոռոգ փոսուռաներ ու զանակներ, հեղ մըն ալ գեթ պսպղացնեիք ձեր փարփառ շիթերը՝ հորիզոնին մութին մեջ»:
Ձայնը ա՜յնքան հուզիչ է՝ որ հեռավոր հորիզոնին մութին մեջ ձեռքերու տեսիլքին տեղը՝ բոց մը կը փայլատակե՝ որ սակայն՝ ավա՜ղ, վաղեմի սպիտակ շուշանական տեսիլքը չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում