Դատարանը մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը․ պաշտպան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժեց Հայաստանի ազգային հավաքականի կազմի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Մալաքյան եղբայրների պաշտպան Գոռ Միքայելյանից:
Փաստաբանը նշեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Գոռ Մալաքյանին ձերբակալելու մասին որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալաքյան եղբայրներից Էդգար Մալաքյանը կալանավորվել է մեկ ամսով դատավոր Հարություն Մանուկյանի որոշմամբ։ Դատարանը մասնակի բավարարել էր քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ ձերբակալությունը ճանաչել ոչ իրավաչափ։
Գոռ Միքայելյանը հայտեց, որ այս որոշման մասով պատրաստվում է բողոք ներկայացնել: Իսկ Գոռ Մալաքյանի մասով նշեց, որ դեռ որոշման ամբողջովին չի ծանոթացել և հավանական է, որ որոշման մեջ լինեն կետեր, որոնց առնչությամբ ևս բողոք ներկայացնելու կարիք կլինի:
Հիշեցնենք, որ համաձայն Քննաչական կոմիտեի հաղորդման՝ օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ:
Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում