Թուրք լրագրողները բողոքի երթ կանցկացնեն Թաքսիմի հրապարակում
Նմանատիպ
Թուրքիայի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած թուրք լրագրողները բողոքի երթ կիրականացնեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Բողոքի երթը նախատեսվում է իրականացնել հուլիսի 12-ին’ տեղական ժամանակով ժամը 19.00-ին, «Թող գործս անեմ» խորագրի ներքո: Լրագրողների տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Մենք’ լրագրողներս, բողոքում ենք Գեզիի դիմադրության ժամանակ մեր դեմ կիրառած ուժի, բռնության, ճնշման, սպառնալիքների, ձերբակալությունների և կալանավորումների, աշխատանքից ազատելու դեմ»:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 6 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել է 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում