Դատելը անազնվության նշան է
Նմանատիպ
Հիսուս բացում է ի ծնե կույրերի աչքերը և խուլուհամրերին լսելու և խոսելու հնարավորութուն է տալիս:
Սակայն ի ծնե կույրերը, արևի լույսը և այդ լույսի ներքո իրերն ու երևույթները տեսնելու պատեհութունը ստանալուն պես, ոչ թե իրենց պես կույրերին փորձում են առաջնորդել դեպի աչքեր Բացողը, այլ սկսում են նախատել նրանց կուրության համար: Իսկ խուլուհամրերը, լեզվի կապերը արձակվելուն պես, սկսում են իրենց բերանը աջուձախ բացել դատաստանի համար:
Հաշմանդամ մարդը չի հասկանում, թե Հիսուս ինչ է արել իր համար և ինչ նպատակով: Աստծո արդար դատաստանի համաձայն, մահվան են արժանի ո՛չ միայն մեղսագործները, այլև նրանց մեղսագործություններին հավանություն տվողները: Բայց այն, որ Աստված մեզ ներել է Հիսուսով, մեզ համար ուրիշ մեղավորներին դատելու առիթ չպետք է լինի, ծայրահեղություններ են և՛ մեղքին հավանություն տալը, և՛ մեղավորին դատելը. «Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան: Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծում ես, թե ազատվելու՞ ես Աստծու դատաստանից: Եթե արհամարհում ես Նրա բարության առատությունը և ներողամտությունն ու համբերությունը, չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում: Եվ քո խստասրտությամբ ու անզիղջ սրտով քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա և Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար. Աստծու, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Հռոմ. 2;1-6):
Եթե դու դատում ես մեկին` ինքդ մեղքի մեջ լինելով, չես արդարացվելու: Խոսքն այստեղ մեղքի տեսակի մասին չէ, այլ մեղքի մասին ընդհանրապես` որպես անօրինություն. «Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրինություն է անում. և մեղքը ինքնին անօրինություն է: Եվ գիտենք, որ Նա այն նպատակով հայտնվեց, որպեսզի վերացնի մեղքերը, բայց Նրա մեջ մեղք չկա» (Ա Հովհ. 3;4-5):
Եվ ոչ միայն դատում են` իրենք լինելով անօրինության մեջ, այլև դատում են` երբեք չցանկանալով, որ իրենց կոնկրետ անօրինությունը կամ անօրեն ընթացքն ընդհանրապես երբևէ բացահատվի: Խոստովանության խորհրդի տակ քողարկում են իրենց խավար գործերը, բայց մեծ ոգևորությամբ հրապարակում ու հռչակում են ուրիշների՛ արդեն զղջացած, խոստովանած, ապաշխարած մեղքերը: Իսկ սա ծայրագույն ամբարշտություն է ամեն կերպ, անգամ` Աստծուն դիմելով, քողարկել սեփական տխեղծ դեմքը և ուրիշներին մերկացնելու ջանք չխնայել: Մեղավորներ կամ արդարացումներ փնտրել դեռ չի նշանակում` արդարանալ: Քանի որ բոլորս էլ մեղավոր ենք, քանզի եթե ասենք, որ մեղք չենք գործել, սուտ ենք հանում Աստծուն, որ Իր Որդուն տվեց մեր մեղքերի համար: «Եթե ասենք՝ Մենք ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից:
Եթե ասենք՝ չենք մեղանչել, սուտ ենք հանում Նրան, և Նրա խոսքը մեր մեջ չէ» (Ա Հովհ.1;5-10): «Ով հավատում է Աստծու Որդուն, նա իր մե՛ջ իսկ ունի այս վկայությունը. ով չի հավատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հավատում ա՛յն վկայությանը, որն Աստված վկայեց իր Որդու համար: Եվ ա՛յս իսկ է վկայությունը. այն, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ այն կյանքն է, որ Նրա Որդու մեջ է» (5;10-11):
Հիսուս հեղաշրջեց աշխարհը յուրաքանչյուր մարդու մեջ, որովհետև աշխարհը և նրա կարգավիճակի որևէ փոփոխություն, կամայական մարդու բացակայության, անմասն լինելու դեպքում, ամբողջական ու կատարյալ չէ: Եվ Սուրբ Գիրքը, խոսելով մեղքի և ապաշխարության մասին, շեշտում է դրանց անհատական բնույթը: Հավաքական մեղքը գոյանում է անհատների` մեղք գործողների և դրանց հավանություն տվողների մեղքերից: «Որդյակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ Նա՛ է արդար: Եվ ով մեղք է գործում, այդ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանե: Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի Սատանայի գործերը» (Ա Հովհ. 3;7-8):
Դատելը անազնվության նշան է, որովհետև մարդը անտեսում է սեփական աչքի գերանը, որի մի ծայրը նկատելիորեն դուրս է ցցված, և ուրիշի աչքը մտած տնտղում է` գոնե մի շյուղ գտնելու հաստատ մտադրությամբ: Եվ, դիմացինի աչքի մեջ գերանի արտացոլանքը շյուղի հետ շփոթելով, ափերը իրար է շփում, կասկածելի մաքրության մատները չռում և ոգևորված անցնում գործի:
Չդատելը դեռ առաքինություն չէ, առաքինությունը ներելն է, որ լրացուցիչ ջանք է պահանջում: Մեղք չգործելը մի բան է, առաքինություն գործելը` մեկ այլ բան: Սակայն մարդիկ սովորաբար շփոթում են այս երկու հանգամանքները` փարիսեցու շնորհակալությամբ աղոթելով. «Շնորհակալ եմ, Աստվա՛ծ, որ գող, հափշտակող կամ մարդասպան չեմ»: Մեղք չգործելը օրենքի տակ լինելն է, առաքինություն գործելը` շնորհի տակ լինելը: Չգողանալը մի բան է, ողորմություն բաշխելը` այլ բան, բայց գողացողը նախ պետք է դադարի գողանալ, այնուհետև իր ձեռքերով բարիք արտադրի և ապա միայն ողորմություն բաշխի: Չստելը մի բան է, ճշմարտությունը վկայելը լրիվ այլ բան, սակայն նախ լեզուն պետք է լռեցնել չարախոսությունից, այնուհետև աղոթել ապաշխարության համար և ապա բարեխոսել և վկայել ճշմարտությունը: Բարի լինելը մի բան է, բարությամբ չարին հաղթելը՝ լրիվ այլ բան:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում