Երանի չէ՞ր գողանային. սրանք դրած «տաշում» են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am։ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ՝ ՀԵՏՔԵՐԸ ԽՃՃԵԼՈՒ ՀՍՏԱԿ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
2019 թ. աշխատանքային ամբողջ ութ ամիս ՀՀ հաշվեքննիչ պալատը հարկադրված եղավ «նվիրել» Հայաստանի ազգային կինոկենտրոնին՝ ստուգելու համար կառույցի ֆինանսատնտեսական գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին։ Օրենքի կոպիտ խախտումով գլխին երեք տարուց ավելի տնօրենի ժ/պ Շուշանիկ Միրզախանյան ունեցող հիմնարկում իրականացված դիտարկման արդյունքում (ստուգման ժամանակային ընդգրկումը՝ 01.01.2017-31.12.2018) բացահայտվեց աղաղակող փաստերի պատկառելի ամբողջություն, ինչը պալատին ստիպեց ուսումնասիրության արդյունքը «գործուղել» ՀՀ գլխավոր դատախազություն։
Անկախ այս ամենից՝ «Իրատեսի» 22.02.2020 թվագրությունն ունեցող համարում մենք տպագրել էինք «Հայ կինոյի առայժմ հավերժական ժ/պ-ն ու նրա ձախավեր գործունեությունը» հոդվածը՝ «Սուսերով պարը» ֆիլմի առնչությամբ բարձրաձայնելով հնարավոր չարաշահումների մասին։ Հոդվածը, որ ուղարկվել էր հանրապետության իրավապահ մարմիններին, ի վերջո հանգրվանեց ՀՀ քննչական կոմիտեում ու արդեն վեց ամիս նրա Աջափնյակ-Դավթաշեն մասնաճյուղի վարույթում է։
ՀՀ հաշվեքննիչ պալատի բացահայտած խայտառակ խախտումներին մենք ամբողջապես չենք անդրադառնա, քանզի նյութն ահռելի ծավալի է, սակայն հավելյալ փաստերի ներառմամբ ու վկայակոչումներով կխոսենք վերը հիշատակված «Սուսերով պարը» կինոնկարի մասին, որովհետև դրա անհրաժեշտությունն առավել քան կա։
Բարձրացված հիմնախնդրին այդ ի՞նչ հետաքրքիր պարզաբանումներ են ավելանում Վերաքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում, Շ.Մ. գլխով կինոկենտրոնին ի՞նչ դրվագներով է հաջողվել թյուրիմացության մեջ գցել ուսումնասիրողներին։
«DMH ստուդիա» ՍՊԸ-ն կինոնախագծի իրականացման հայտադիմումը կինոկենտրոնին է ներկայացրել 30.10.2017-ին։ Նախագծի ընդհանուր բյուջեն նախատեսվել է 61625,5 հազար ՌԴ ռուբլի կամ 522.584.24 դրամ։ Կինոկենտրոնից ակնկալվող գումարի չափը կազմել է 97,800.0 դրամ (կոպիտ հաշվարկով ֆիլմի բյուջեի մոտ մեկ հինգերորդը), որը կինոկենտրոնի կողմից ամենուրեք բարձրաձայնվել է որպես պետպատվերով հատկացված գումար։ Պետպատվեր ասվածը մենք առանձնակի ենք շեշտադրում, քանզի իրականում չկա, չի եղել, գոյություն չունի պետպատվերով գումարի հատկացման մասին վկայող, հավաստող որևէ թուղթ, փաստաթուղթ, որոշում։ Այդ գումարը կամային որոշմամբ կտրվել է տվյալ տարվա համար նախատեսված կինոնախագծերին հատկացվելիք միջոցներից՝ դիվային խառնաշփոթ առաջացնելով կառույցի գործունեությունում ոչ միայն 2018-ի կտրվածքով, այլև ցարդ։
Հենց այստեղ էլ խոսենք շմիրզախանյանական կինոկենտրոնից պալատին տված «կտի» մասին, որը ստուգողները լավ էլ կուլ են տվել միայն իրենց հասկանալի կամ անհասկանալի իմացության կամ չիմացության արդյունքում։
Խաղարկելով «պետպատվեր» ու «պետական ֆինանսավորում» հասկացությունները, դրանք նույնականացնելով՝ շմիրզախանյանական կառույցը կարողացել է պալատի հաշվետվության մեջ ֆինանսական այդ «կորդեբալետը» սղացնել որպես «պետական ֆինանսավորում»։
Այստեղ հարկադրված ենք տալ հետևյալ պարզաբանումը. պետական ֆինանսավորում է պետության հատկացրած գումարի ողջ ծավալը։ Պետական ֆինանսավորումից պետպատվերն առանձնանում է նրանով, որ այն կազմակերպության ծրագրում չներառված նախագծի կամ նախագծերի իրականացման համար տվյալ ֆինանսական տարվա հատկացումներից դուրս տրվող, ոչ պլանային գումար հասկացություն է, որի հատկացման վերաբերյալ պետք է լինի կառավարության որոշում. նայե՛ք նախկինում եղած ցանկացած գործ ու կտեսնեք, որ դա այդպես է։
Շարունակենք։ Հիմք ընդունելով ՀՀ մշակույթի նախարարության ու կինոկենտրոնի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը՝ 05.05.2018-ին «Սուսերով պարը» կինոնկարի արտադրությանը տրամադրվել է 50.000.0 հազար դրամ (մնացած 47.800.0-ը տրամադրվելու էր 2019-ին)։ Նույն օրը «DMH ստուդիայի» ու կինոկենտրոնի միջև նախանձելի օպերատիվությամբ կնքվում է ֆիլմի արտադրության պայմանագիր, որով ֆիլմի պրոդյուսերը պարտավորվում է սահմանված վճարի դիմաց սահմանված կարգով ու ժամկետներում իրականացնել ֆիլմի արտադրությունը։ Դիտավորություն չտեսնենք, բայց բոլոր դեպքերում ասենք, որ պայմանագրի ստորագրման թանաքը դեռ չչորացած՝ ակնթարթորեն կատարվում է 50 միլիոնի «ներարկումը»։
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ «ԿՈՒՅՍԵՐԸ»
Արդ՝ պայմանագրի թվացյալ միամտությունների ու նույնքան թվացյալ վրիպում-բացթողումների մասին։
Սահմանելով կինոնկարի ընդհանուր բյուջեն՝ 61,625,5 հազար ՌԴ ռուբլի կամ 522.584.24 դրամ, կողմերը չեն նշել, թե մնացած գումարը ո՛ւմ կողմից է ներդրվելու, իսկ համարտադրողի մասին պայմանագրում անդրադարձ չկա։ Ասել է՝ ֆիլմի ամբողջացման մասով չունենալով ամրագրված երաշխիք՝ կինոկենտրոնը պետական մասնակցության իր շուրջ 100 միլիոն բաժնով գնացել է անհայտ ելքով գործարքի՝ դիմելով ոչնչով չարդարացված ռիսկի։ Մեզ հարկավ պարզ է, թե ո՛րն է եղել գլխին Շ.Մ. ունեցող կինոկենտրոնի թվացյալ միամիտ շահագրգռությունը, սակայն հնարավոր հանցանքի հիմնավորումն ու ապացուցելը բնականաբար ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների տիրույթում է։
Պայմանագրով կինոկենտրոնին վերապահվել է տրամադրած գումարի նպատակային վերահսկման, ինչպես նաև ֆիլմի արտադրության մասով պրոդյուսերական ընկերությունում աուդիտ իրականացնելու իրավունք։ Չգիտես ինչու, թեպետ լավ էլ հասկանալի է, թե ինչու, կինոկենտրոնը չի՛ օգտվել իր այդ իրավունքից, իր համար չի հստակեցրել ներդրումների ու իրավական մասնաբաժնի չափերը։ Ի միջի այլոց պրոդյուսերական ընկերությունը, որ այդ նույն «DMH ստուդիան» է, պարտավորված է եղել, որպես պայմանագրի անբաժանելի հավելված, կինոկենտրոնին ներկայացնել նաև ֆինանսավորման գրաֆիկ, որը չի արվել, իսկ «օրենքի տառի բացառիկ նախանձախնդիր, օրենքի ջերմեռանդ հավատավոր ու պաշտպան» Շուշանիկ Միրզախանյանն էլ չտեսնելու է տվել։ Կարծում ենք՝ վերոբերյալները ՀՀ քննչական կոմիտեի անաչառ դիտարկման ու եզրահանգման գալու խնդիր են, քանզի խոսքը շուրջ 100 միլիոն դրամ պետական միջոցի մասին և ոչ թե Շ. Միրզախանյանի հորական տան բարձի տակ եղած տիկնոջ օժիտի գումարի։
Վերը նշվածների կողքին արդեն միանգամայն ավելորդ ենք համարում այն դիտարկումը, թե ի՛նչ տրամաբանությամբ է կինոկենտրոնը համաձայնել ֆիլմի օգտագործման արդյունքից գոյանալիք վճարի… 5 տոկոսին (հարկավ հիշում եք, որ կինոկենտրոնի ներդրումը կազմում էր ֆիլմի բյուջեի մոտ մեկ հինգերորդ մասը՝ շուրջ 20 տոկոս)։ Հինգ տոկոսին համաձայնողին բնականաբար պիտի չհուզեր էլ, թե մնացած 95 տոկոսն ում է գնալու։
«ԺՈՂՈՎՈՒ՜ՐԴ, ԲԱ ՄԵՐ ՓՈՂԵ՜ՐԸ…»
Ոչ պակաս հետաքրքրական, եթե ոչ առանցքային մանրամասն։
«DMH ստուդիայի» ու կինոկենտրոնի միջև կնքված պայմանագրի 4-րդ կետով պրոդյուսերական ընկերությանն են վերապահվել ֆիլմի օգտագործման բացառիկ իրավունքն ու հեղինակային բոլոր իրավունքները։ Ավելորդ չհամարենք նկատել, որ այս իրավունքները զիջվում են ֆիլմում ոչ լրիվ 15 միլիոն դրամ ներդնողին այն դեպքում, երբ քո ներդրածը շուրջ 100 միլիոն է։ Մինչև փաստելը, որ սա կինոկենտրոնի կողմից բացառիկ շռայլ՝ բոյարական ժեստ է առ գործընկերը (որքան գիտեմ, իրավապահ մարմինները նույնիսկ մասնավոր անձանց միջև եղած շռայլությունների նկատմամբ անտարբեր չեն), «DMH ստուդիան» էլ իր հերթին «Մարս մեդիա ինտերթեյմնթին» է վերապահում ֆիլմի օգտագործման բացառիկ իրավունքն ու հեղինակային բոլոր իրավունքները։
Այստեղ հարկավ կարող էինք ասել. «Ժողովու՜րդ, բա մեր փողե՜րը… բա մեր դրած 100 միլիոնն ուրեմն հե՞չ», սակայն ՀՀ քննչական կոմիտեին թողնենք պարզելու կինոկենտրոնի կողմից փող դնելու ու ձեռքերը լվանալով հետ քաշվելու, շահախնդրության հետ եզրեր, աղերսներ չունեցող շմիրզախանյանական կեցվածքի հիմնավորումները, ինչպես նաև այդ նույն քննչական կոմիտեին թողնենք մեր փողի վրա էլ գերբ լինելու փաստն ապացուցելը, թե չէ շուշանիկմիրզախանյանները երկիրը հիմնիվեր են հանել վաճառքի ու դեռ որ անվրեպ հաջողում են։
Այս փոքրիկ լիրիկական զեղումից հետո նորից անցնենք բուն ասելիքին։ Մենք չենք հաստատում, առավել ևս չենք համառապնդում, սակայն կարծես թե սա՝ իրար այս պաս տալը, նման է հետքեր կորցնելու փութաջան քայլերի։ Եթե սրանում չկա կրիմինալ, մենք պատրաստ ենք մեր կասկածի մասով մեր սխալն ընդունելու, թեպետ չէր խանգարի իմանալ, թե ինչ կապ կա վերը հիշված երկու կազմակերությունների՝ «DMH ստուդիոյի» ու «Մարս մեդիա ինտերթեյմնթի» միջև, ով և կամ ովքեր են կանգնած դրանց հետևում։
ՈՒշադրություն չդարձնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի դիտարկած այնպիսի մանրամասնի, որ մոտ 100 միլիոնի ծախսի կողքին ֆիլմի ցուցադրումից որևէ գումար չի մուտքագրվել կինոկենտրոնի արտաբյուջետային հաշիվ (շատ մեղմ ասած՝ ակնհայտ է վնասարարությունը), հաշվետվությունը հետաքրքիր այլ դրվագներ էլ է պարունակում, նաև որոնց պատճառով է արժանացել ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացվելու «երջանկությանը»։ Դրանց մենք չենք անդրադառնա, սակայն մի հուշում-զգուշացում այնուամենայնիվ ուզում ենք անել։ Չլիներ «Սուսերով պարը» կուլ տալու անպատժելիության զգացողությունը, չէր լինի «Տատիկիս վարսերը» ֆիլմի դեմ նախաձեռնված նողկալի արշավը՝ Շ. Մ.-ի կեղծ մատնությամբ ֆիլմը երեք տարի հարկադիր արգելանքի տակ դնելը, չէին լինի «Սողանքի», «Չնչիկի», հարակից այլ ֆիլմերի հետ եղած աղտեղությունները, աչք չէր փակվի դրանց ֆինանսական չեղած հաշվետվությունների վրա, «ապրանքների հանձնման-ընդունման» ակտերում կնշվեր ֆիլմերի արտադրության վրա կատարված ծախսերի հանրագումարը՝ հնարավոր դարձնելով ՀՀ պետական բյուջեից կատարված ներդրումների փաստացի փայաբաժնի, իսկ ֆիլմի ցուցադրումից հետո նաև ակնկալվող եկամուտների հաշվարկելը։ Սակայն Շուշանիկ Միրզախանյանի ինչի՞ն է թափանցիկությունը, երբ՝ պալատի ուսումնասիրած ժամանակահատվածում խաղարկային ֆիլմերի արտադրության համար տարեկան տրամադրվել է 280.000.0-300.000.0 հազար դրամ, մինչդեռ կինոկենտրոնի մասնակցությամբ նկարահանված ֆիլմերի ցուցադրումից բյուջե է մուտքագրվել 764,4 ու 1,846.0 հազար դրամ։ Խնդրեմ՝ համեմատեք ու փաստեք՝ սրանից էլ խայտառակ կառավարում կլինի՞,- նրա կյանքի սկզբունք հռչակված գործելաոճն ապահովում է իր իսկ ուզածը, իսկ այն, որ հայ կինոն պետբյուջեից հատկացված 316,1 միլիոնով 2018-2019 թթ. խրվել է ավելի քան… երեսուն լիամետրաժ խաղարկային ֆիլմի վրա դրված միջոցների խորխորատում, որն իրականում պետական միջոցների խայտառակ փոշիացում է, վատնում, մանր-մունր, ջրվող բան է։
Մինչդեռ ունենայի՛նք պետական միջոցների ծախսերի նկատմամբ պետական հոգածություն ունեցող վերադաս, առանց վայրկյան կորցնելու ռինգ կհրավիրեր մերօրյա կոմբինատորին ու նաև Վրաստանի կինոինդուստրիայի հաջողված օրինակը վկայաբերելով՝ հայ կինոյում ստեղծած իրավիճակի համար հոդաբաշխ բացատրություն կպահանջեր նրանից և ոչ թե տարիներով կհովանավորեր պետական միջոցներով լավամարդ խաղալու նրա գավառամիտ խաղը, այդ խաղով պետական միջոցների այսօրինակ փոշիացումն ու համառորեն կուլ կտար նրա՝ ժ/պ-ի ժամկետանց կարգավիճակը։
Ի դեպ, պետական հոգածություն չունեցող վերադասի անգործության ևս մեկ հիշատակում, որը ֆիքսված է ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունում (տե՛ս՝ էջ 4¤. «ՀՀ մշակույթի նախարարության Կինոկենտրոնը գրանցվել է պետական ռեգիստրում 18.09.2006 թ.-ին։ 14.07.2017 թ.-ին, կանոնադրության փոփոխության արդյունքում, 5-րդ բաժինը (կազմակերպության կառավարում) խմբագրվել է նոր խմբագրմամբ, համաձայն որի՝ «կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, կոլեգիալ մարմինը՝ խորհուրդը», որը կազմված է 7 անդամներից։ Լիազոր պետական մարմնի կողմից խորհուրդ չի ձևավորվել։ Փաստորեն Կինոկենտրոնի կառավարումը չի համապատասխանում կանոնադրությամբ սահմանված ձևին»։
Խնդրեմ՝ սա էլ ՀՀ վերաքննիչ պալատի դիտարկումն ու փաստի արձանագրումը, որ վերադասի հանցավոր անփութության, անհետևողականության արդյունքում կառույցի կանոնադրությունը դնելով մի կողմ՝ Շ. Միրզախանյանը թույլ է տվել ինքնիրավչություն, բռնազավթել է հիմնարկության կառավարումը՝ թքած ունենալով օրենքի էլ, օրինականության վրա էլ։
Սա պիտի՞ մտահոգեր ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ պիտի՛ մտահոգեր։
Իսկ թե ինչու չի մտահոգում, դա էլ իրավապահ մարմինների պարզելիք խնդիրն է, եթե իհարկե մեր նպատակն իրավական պետություն ունենալն է ու ոչ թե պետության հիմքերը թրաշողներին հովանավորելը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում