«Պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը»․ բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Արայիկ հեռացի՛ր», «Հայրենիքդ ուրացար, Արայի՛կ», «Կրոնդ ուրացար, Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով մեկնարկեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։
Ակցայի մասնակիցներին չի գոհացնում նախարարի վարած քաղաքականությունը։ Նրանք պդնում են, որ Արայիկ Հարությունյանն իրավունք չունի դիպչելու հայ ազգի պատմությանն ու կրոնին։
Սա առաջին անգամը չէ, ինչ «Կամք» ՀԿ-ի անդամները ակցիա են կազմակերպում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։ Ինչպես նրանք են նշում, իրենց պայքարը վերքաղաքական է, այն միտված է հայի տեսակը պահպանելուն։ Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանն էլ արձագանքել է, որ ակցիայի մասնակիցներն ու իր հրաժարականը պահանջողները կա՛մ հանրակրթության և դրա չափորոշիչների մասին գիտելիք չունեն, կա՛մ էլ կեղծում են, թե անտեղյակ են։
Ակիցայի մասնակիցները չեն բացառում, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը կարող է ավելի ընդլայնվել, և նրանք կարող են պահանջել, իրենց խոսքով, ողջ ապաշնորհ Կառավարության հրաժարականը։
Ակցիայի կազմակերպիչներից Տիգրան Չոբանյանը նախ հորդորեց, որ քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորությունը, դրա համար արվել են վարդագույն նշաններ։
Բացի այդ, նրա խոսքով, ոստիկանության հետ առաջացած ցանկացած հարցից առաջ պետք է ակցիայի մասնակիցներն իրեն դիմեն՝ զերծ մնալու ցանկացած խնդրից և բախումից։
«Խնդրում եմ, առավել հարգանքով վերաբերել ոստիկաններին, մենք պարտավոր ենք հարգել նրանց ուսադիրները։ Ոստիկանը մերն է, նա էլ իր պարտքն է կատարում։ Եվ, եթե դիմակներ չկրեք, ապա ոստիկաններն իրենց օրինական պահանջն են կատարելու, ու մենք չենք միջամտելու։ Ովքեր չունեն դիմակ, թող դիմեն, մենք կտրամադրենք»,- շեշտեց Տիգրան Չոբանյանը։
Վերջինիս խոսքն ընդհատեցին ակցիայի մասնակիցները՝ վանկարկելով՝ «Արայի՛կ, հեռացիր»։
Մյուսներն էլ շարունակեցին. «Արայի՛կ, քո տեղն աղբանոցում է, մենք այդ տեղն արդեն որոշել ենք»։
Տեսանյութը՝ Tert.am-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում