Քրիստոնեոիթյունը եվ մշակույթը. խաչքար՝ հայկական ինքնության քարե վկայականը
Նմանատիպ
Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է, կոթող-հուշարձան՝ խաչի պատկերով, զարդաքանդակների հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար, ճակատով ուղղված դեպի արևմուտք: Խաչքարերը այնքան են ձուլված հայոց մշակույթին ու հայ ինքնությանը, որ «խաչքար» բառը այլ լեզուներով չի թարգմանվում և արտասանվում է այնպես, ինչպես հայերենում։ Միջնադարում խաչքարերը լայնորեն տարածված են եղել միայն պատմական Հայաստանի տարածքում, իսկ հետագայում նաև այն երկրներում, որտեղ ապրել ու ստեղծագործել են հայերը։
Խաչքարերը այլ ազգերի ներկայացուցիչների շրջանում ևս նույնացվում է հայի, հայկակակնության ու Հայաստանի հետ։ Ռուս անվանի գրող, գրականագետ, գրաքննադատ Ֆյոդոր Աբրամովիչը, խոսելով հայ հանճարեղ գրող Սիլվա Կապուտիկյանի՝ հայրենիքին նվիրված բանաստեղծությունների մասին, ասել է․ «Ձեր բանաստեղծությունները Հայաստանի մասին նման են խաչքարերի … Եվ ահա Հայաստանի մասին Ձեր գրած բանաստեղծություններում առկա է և խաչքարերի ամրությունը, և նրանց նախշերի ու գրերի գեղեցկությունը, և նրանց զարմանալի, անկրկնելի մաքրությունն ու սրբությունը»։
Անդրադառնալով խաչքարի խորհրդաբանությունը՝ նախ անդրադառնանք խաչին՝ որպես խորհրդանիշ։ Այն ձևավորվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ խորհրդանշելով Քրիստոսի խաչելությունը և դառնալով պաշտամունքի առարկա՝ որպես նոր հավատի խորհրդանիշ։
Խաչքարի հարուստ պատկերագրության ծիրում գլխավոր տարրը խաչն է՝ որպես Քրիստոսի, Կենաց ծառի, երկնային դրախտի ու փրկության խորհուրդ։ 4-5-րդ դարերից սկսած՝ խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակները, պատմական կարևոր իրադարձությունները հավերժացնելու համար։ Խաչքարերը որպես ճարտարապետական զարդ՝ հաճախ ագուցվել են եկեղեցիների որմերին: Խաչքարը տեղադրվել է նաև նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար։
Դարերի ընթացքում խաչքարի նոր տեսակներ են ի հայտ եկել․ վարպետները հնարել են նոր զարդաքանդակներ, ու պատկերագրական նոր համակարգեր են ստեղծվել։ Այսպես, 7-րդ դարից հետո ի հայտ են եկել նաև թևավոր խաչքարերը, որոնցից շատ քչերն են այսօր պահպանվել, իսկ 8-րդ դարի ընթացքում ստեղծվել են նաև ուղղանկյուն կանգուն խաչքարերը։ Իսկ ահա 11-րդ դարից ձևավորվել են այն խաչքարերը, որոնք ստեղծվում են նաև այսօր․ այս խաչքարերի պատկերներում առկա են նաև երկրաչափական և բուսական տարրեր: Հետագայում խաչքարերի վրա արվել են նաև պատկերային քանդակներ`հիմնականում սրբերի պատկերներ:
Ի սկզբանե խաչքարի հումքը դեղնակարմրավուն տուֆն է եղել։ Նախ փորագրվում էր խաչը, ապա՝ ազգային խորհրդանիշ համարվող պատկերներ, օրինակ՝ խաղողի և նռան։
Հատկանշական է, որ խաչքարի ստորին հատվածում հաճախ փորագրվում է նաև հավերժության նշանը, որը նույնպես հոգևոր խորհրդանիշ է: Այն խորհրդանշում է կյանքի շարունակականությունն ու կյանքի հավերժականությունը:
Խաչքարերի վրա գոյություն ունի 5 կարևոր խորհրդանշական կետ: Դրանցից չորսը համապատասխանում են խաչի թևերի ծայրերին, իսկ մեկը դրանց հատման կետն է՝ ակը: Այն համարվում է գաղափարական խաչմերուկ, որտեղ հատվում են բարին ու չարը, մարդկայինն ու աստվածայինը, կյանքն ու մահը, տեսանելին ու անտեսանելին, բացահայտն ու առեղծվածայինը:
Խաչքարի վրա պատկերված խաչի վերևի կետը կոչվում է «թագ», որը խորհրդանշում է երկնքի արքայությունը: Ներքևի կետը խորհրդանշում է դժոխքի կործանումը: Աջ կողմը խորհրդանշում է շնորհների բաշխումը, իսկ ձախ կողմի ծայրը՝ մեղքերի ներումը:
Խաչքարերի մեծ մասի վրա այդ կոթողը պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվել է նաև պատրաստող վարպետի անունը։ Միջնադարում խաչքարեր ստեղծող հայտնի վարպետներ են եղել Մխիթար Կազմողը (12-րդ դար), Մոմիկը, Պողոսը (13-րդ դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ։
Այսօր ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ արտերկրում աշխարհասփյուռ մեր հայրենակիցները խաչքարեր են կանգնեցնում՝ քրիստոնեական հավատին ու հայ մշակութային արժեքներին հավատարիմ մնալով։ Խաչքարի տեղադրելու կարգի ամենակարևոր դրվագը օծումն է: Սկզբում օծվում է խաչի ակը՝ կենտրոնը, ապա՝ թագը՝ այսինքն՝ խաչքարի վերին մասը, այնուհետև աջ և ձախ կողմերը, իսկ վերջում արդեն՝ ստորին հատվածը: Օծությունն իրականացվում է հատուկ շարականներով:
Պատրաստեց Հասմիկ ԲԱԼԵՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում