Թուրքիայում հայտնաբերվել է 1980 թ. ռազմական հեղաշրջման ժամանակ հայերին իբրև թշնամի ներկայացնող զեկույց
Նմանատիպ
Թուրքիայի 1980 թվականի ռազմական հեղաշրջման դատական գործի շրջանակներում ի հայտ եկած փաստաթղթում երկրում ազգային փոքրամասնությունները’ մասնավորապես հայերը հերթական անգամ ներկայացվել են որպես վտանգավոր տարր թուրքական պետության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, հայերի վերաբերյալ նման բնորշումը տեղ է գտել 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացրած Քենան Էվրենի կողմից ստորագրված և զինվորական գնդերի հրամանատարներին ուղարկված «Թուրքիայի դեմ ներքին սպառնալիքները» խորագրով զեկույցում:
Փաստաթղթում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների վերաբերյալ տեղ են գտել տարատեսակ որակումներ: Զեկույցի’ «Կործանարար և անջատողական գործողություններ» բաժնում անդրադարձ է կատարվում հայերին’ սկսելով դեռևս 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանից: Այստեղ, համաձայն թուրքական ավանդական քաղաքականության, հայերը մեղադրվում են «թուրքերի և մուսուլմանների նկատմամբ մշտապես հարձակումներ գործելու» մեջ: Ժխտելով ցեղասպանության իրականացումը հայերի նկատմամբ’ նշվում է, թե իբր «հայերն Առաջին աշխարհամարտի տարիներին պետո ւթյան դեմ գործողություններ են ծավալել, ինչի արդյունքում էլ վերջիններիս արտաքսել են կայսրության տարածքից»: Խոսելով այս տարիներին հարերի կրած կորուստների մասին’ նշվում է, որ դրանք ոչ թե 1.5 միլիոն էին, այլ ընդամենը 50-100:
Պատմական էքսկուրս կատարելուց հետո զեկույցի հեղինակները փորձել են ռազմական հեղաշրջման ժամանակ ազգայնական տրամադրությունները սրել և զինվորականներին լարել հայերի դեմ’ հայտարարելով, որ 1980-ականներին ևս հայերը կարող են համագործակցել եվրոպական պետությունների հետ, ինչը կվնասի Թուրքիային: Միաժամանակ զեկույցում խոսվում է հայերի և քրդերի ենթադրյալ համագործակցության մասին, ինչը ևս ստացել է «հակապետական գործողություն» պիտակավորումը:
Թուրքիայում երկրորդ ռազմական հեղաշրջումն իրականացրած Քենան Էվրենի ստորագրությունը կրող այս զեկույցում անդրադարձ է կատարվում նաև երկրում բնակվող ասորիներին և հույներին, որոնք ևս, հայերի նման, ներկայացվում են որպես վտանգավոր տարրեր թուրքական պետության համար:
«Սեպտեմբերի 12» անվանումը ստացած դատական գործի շրջանակներում ի հայտ եկած այս փաստաթուղթը գալիս է ապացուցելու, որ տարբեր ժամանակաշրջաններում թուրքական իշխանություններն օգտագործել են ցանկացած պատրվակ երկրում բնակվող հայերի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով: 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումը դարձավ բազմաթիվ առիթներից մեկը, որի ընթացքում թուրք ազգայնականները հերթական անգամ դաժան հաշվեհարդար տեսան հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում