Չեմ տեսնում ոչ մի հիմնավորում, թե ինչու պետք է պատմական երևանյան ստացված ու պահպանված պատը քանդենք. Արսեն Կարապետյան

Չեմ տեսնում ոչ մի հիմնավորում, թե ինչու պետք է պատմական երևանյան ստացված ու պահպանված պատը քանդենք. Արսեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի ավագանին համաձայնություն տվեց Երևան քաղաքի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարության 2019 թ. նոյեմբերի 7-ին որոշմամբ Երևան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:

Նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունից ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասաց, որ չի խոսելու բուն արձանի մասին, քանի որ իրենց հարց էր տրված ընդամենը հուշարձանի տեղի մասին՝ «որոշում ենք այդ տեղում թույլ ենք տալիս դնել, թե ոչ»:

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք մի քաղաք ենք, որը ժամանակին՝ մոտ 100 տարուց մինչև 30 տարի առաջ ունեցել ենք համաշխարհային մակարդակի քաղաքային արձանի արվեստ, կարող եմ արձանների բազմաթիվ օրինակներ բերել, որոնք ամոթ չէր լինի տեսնել աշխարհի ցանկացած անկյունում և հպարտանալ: Այսօր բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով ընդհանուր մշակույթի իմաստով շատ կորցրել ենք»,- նշեց նա:

Ա. Կարապետյանն ասաց, որ Կիրովի այգին, որն այսօր կոչվում է Մանկական այգի, հիմնադրվել է 1933 թվականին. «Ամոթ մեզ, որ մենք մինչև հիմա ողջ այգին որպես հուշարձան չենք դիտարկում:
Ենթադրում եմ, որ ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է, բայց կասկածում եմ: Պրոֆեսիոնալ, գրագետ արված աշխատանք է, ամեն մի քարը տաշված է ձեռքով մեր քարի վարպետների կողմից:

Դա քաղաքային ստացված միջավայր է: Այգին պահպանվել է ինչպես կա, Երևանի քիչ պահպանված պատմական այգիներից է, քիչ միջամտությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը:

Հիմա բերում ենք, կամայական որոշում ենք, որ այդ պատի մի հատված քանդենք, տաշած քարը, որ գետնին չի մնում, գցենք գետնին, տեղադրենք ինչ-որ մի արձան, վաղը քաղաքական կամ այլ նկատառումներով կողքի հատվածում: Ինքն արձանն իր հորինվածքով պատ է, որն ընդհանրապես տրամաբանական հակասության մեջ է մտնում պարսպի՝ թափանցիկ ծառերը, այգին փողոցի հետ կապելու գաղափարախոսությանը: Այդ պատնեշը բացարձակ այլ տրամաբանություն ունի: Դա ընկալում եմ որպես, չեմ ուզում վիրավորել քանդակագործին, շատ ներողություն, կցակառույց, որովհետև միջամտություն է մի ստացված կոմպոզիցիայի, բերում ենք ինչ-որ մի բան ենք մտցնում առանց հասկանալու:

Որքան հասկացա քանդակագործն էլ շատ երջանիկ չէ այդ վայրի ընտրման հետ: Ցավում եմ՝ կուզեի մի քիչ ավելի սկզբունքային լիներ ու պնդեր, որ լավ տեղի չի»:

Նա նշեց, որ պետք է սիրել քաղաքը, հարգել այն մարդկանց ստեղծած ամեն մի միլիմետրը, որոնք ապրել են այստեղ:

«Իհարկե, դեմ եմ քվեարկելու, չեմ տեսնում ոչ մի հիմնավորում, թե ինչու պետք է պատմական երևանյան ստացված ու պահպանված պատը մենք այսօր քանդենք»,- ասաց Արսեն Կարապետյանը:

Նախագիծն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում