Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել անկարգությունների մասնակիցների դեմ, կալանավորվել է 12 մարդ
Նմանատիպ
Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը հատուկ միջոցներ, ներառյալ ջրանետ եւ արցունքաբեր գազ, է կիրառել զանգվածային անկարգությունների մասնակիցների դեմ, որոնք հուլիսի 11-ի երեկոյան տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում: Ընդամենը վանդալիզմի, հակահասարակական վարքագծի եւ իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով կալանավորվել է 12 մարդ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Դատելով ստացված տեղեկատվությունից՝ խոսքը վերաբերում է պլանավորված սադրանքի մասնակիցներին: Այդ մասին է վկայում այն փաստը, որ ծայրահեղականները ոստիկանների վրա քարեր են նետել, որոնք նախապես թաքցվել էին ցուցարարների երթուղու թերթի կրպակների հետեւում: Այստեղ կենտրոնացվել էին նաեւ հրկիզիչ խառնուրդով շշեր, որոնք խուլիգանները նետել են ոստիկանության վրա: Բախումների հետեւանքով գլխից վիրավորվել է կարգի պահապաններից մեկը:
Արհմիությունների կողմից կազմակերպված ցույցն սկսվել է օրվա երկրորդ կեսին եւ հանգիստ էր ընթանում: Դրան, ըստ տարբեր տվյալների, մասնակցում էր երեք հազարից մինչեւ հինգ հազար մարդ, որոնք պահանջում էին աշխատապայմանների բարելավում եւ աշխատավարձի բարձրացում: Մութն ընկելուց հետո, երբ ցույցը մոտենում էր ավարտին, անսպասելիորեն հայտնվել են ագրեսիվորեն տրամադրված երիտասարդներ, որոնք անկարգություններ են հրահրել մունիցիպալ թատրոնի եւ Ռիո դե ժանեյրոյի նահանգի նահանգապետի աշխատանքային նստավայրի՝ Գուանաբարա պալատի շրջանում:
Ներկայում, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Բրազիլիայի բոլոր խոշոր այն քաղաքներում, որտեղ արհմիությունների կոչով նախօրյակին անցկացվել է հանուն աշխատավորների իրավունքների «Պայքարի ազգային օրը», իրադրությունը հանգիստ է: Ցույցերը, որոնց ամբողջ երկրում մասնակցել է շուրջ հարյուր հազար մարդ, ավարտված են, վերականգնվել է երթեւեկությունը ճանապարհներին, որոնք փակվել էին պիկետների մասնակիցների կողմից:
Բրազիլիայում բողոքի զանգվածային ելույթների բարձրակետը մի քանի շաբաթ առաջ էր, երբ հունիսի 20-ին տեղի ունեցած ցույցերին մասնակցեց 1,2 մլն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում