Մելիքբեկյանը՝ Մխիթարյանի բացակայության մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Շանթ TV-ի «Հեռանկար» հաղորդման հյուրն էր։ ՀՖՖ նախագահը խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ նախորդ 2 խաղերում բացակայության մասին։
«Ասեմ, որ այս հարցը բացարձակապես մարզական տիրույթում է։ Մենք շատ թափանցիկ ներկայացրել ենք Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի միջև խոսակցությունը։ Մենք գիտենք այնքան, որքան ներկայացրել ենք։ Մխիթարյանն ասել է, որ ինքը 100 տոկոսով պատրաստ չէ խաղերին։ Մարզիչը ասել է, որ հարգում է նրա որոշումը ու սպասում է նրան հոկտեմբերին։ Կարծում եմ՝ ընկերական խաղերը մարզավիճակի որոշման համար չափորոշիչ չեն («Ռոմայի» ընկերական խաղերը/խմբ․)։ Նա ասել է, որ անպայման միանալու է Հայաստանի հավաքականին հոկտեմբերին։
Էստոնիայի դեմ խաղից հետո Մխիթարյանը շնորհավորել է Կապառոսին առաջին հաղթանակի կապակցությամբ ու վերահաստատել, որ հոկտեմբերին միանալու է թիմին»։
Մելիքբեկյանը անդրադարձել է նաև այն քննարկումներին, թե իբր Մխիթարյանի չհրավիրվելու պատճառն այն է, որ ՀՖՖ նոր գործկոմի կազմում չի ընտրվել Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշճյանը։
«Նորից եմ կրկնում, այս հարցը մարզական տիրույթում է և ոչ թե քաղաքական տիրույթում։ Հենրիխ Մխիթարյանը ինձ երբևէ նման բան չի ասել։ Նա երբևէ հանրային նման հայտարարություն չի արել։ Մխիթարյանը խոսում է ֆուտբոլի մասին Խոակին Կապառոսի հետ։ Ես՝ որպես ՀՖՖ նախագահ, որդեգրել եմ քաղաքականություն չխառնվել մարզական գործերին։ Դրա համար կա գլխավոր մարզիչ ու գլխավոր մարզիչն է որոշում կազմը, խոսում ֆուտբոլիստների հետ։ Ես հավատում եմ Հայաստանի հավաքականի ավագին, այլապես նա այլ բացատրություն կտար»,-ասել է Մելիքբեկյանը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի՝ Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերի խաղերին չէր հրավիրվել սեփական ցանկությամբ։ Նա պատճառաբանել էր, որ լավ մարզավիճակում չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում